Նարինե Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից

Jan 12, 2017 Չի մեկնաբանվել

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: hayeli.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ինքը՝ Նարինե Հովհաննիսյանը, նշելով, որ ազատվել է իր դիմումի համաձայն. «Ես նախարարություն եմ եկել դպրոցից և հիմա կրկին ցանկություն ունեմ վերադառնալ դպրոց»: Հարցին, թե իր ազատումը որքանո՞վ է կապված ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ ունեցած հարաբերություններով, Նարինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Պարոն Մկրտչյանի հետ ես աշխատանքային շատ լավ հարաբերություններ ունեմ, ես նրա հետ վաղուց եմ աշխատել՝ դեռ նրա նախկին պաշտոնավարման փուլում: Ավելին՝ ես հիմա էլ եմ շարունակելու աշխատել պարոն Մկրտչյանի հետ, իբրև նախարարի խորհրդական: Դպրոց գնալը եղել է իմ անձնական որոշումը, ընդ որում ոչ սովորական դպրոցի ընտրությունը նույնպես պատահական չի եղել: Ես հասկացա, որ պետք եմ հենց այդ երեխաներին»,- նշեց Ն. Հովհաննիսյանը:

Նշենք, որ ԿԳ նախարարի հրամանով Նարինե Հովհաննիսյանը հասարակական հիմունքներով նշանակվել է խորհրդական՝ աջակցելու հանրակրթության, մասնավորապես ներառական կրթության բարեփոխումներին և համընդհանուր ներառականության ծրագրի ներդրմանը:

Միաժամանակ Նարինե Հովհաննիսյանը նշանակվել է Թիվ 1 հանրակրթական հատուկ կրթահամալիրի տնօրեն / նախկին Վարդաշենի հատուկ դպրոց/, որտեղ սովորում են կյանքի դժվարին պայմաններում հայտնված և վարքի շեղում ունեցող երեխաներ:

Նշենք, որ Նարինե Հովհաննիսյանը նախարարության վարչության պետի պաշտոնում աշխատում է 2003 թվականից, մինչ այդ եղել է Երևանի Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն: Նարինե Հովհաննիսյանը այն հազվագյուտ պաշտոնյաներից է, ով միշտ հասանելի է եղել լրագրողների համար, աշխատել է բաց և թափանցիկ՝ երբևէ չխուսափելով ծանր ոլորտի ամենասուր հարցերից:

Հավելենք, որ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պարտականնությունները ժամանակավորապես դրվել են պետի տեղակալ Նոնա Սահակյանի վրա:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Նարինե Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից”

Մեկնաբանել