Փրկվեցի՞ն խայտառակ իրավիճակում հայտնվելուց

Jan 13, 2017 Comments Off on Փրկվեցի՞ն խայտառակ իրավիճակում հայտնվելուց

Նախորդ տարվա վերջին գազի հարցով Հայաստանի կառավարությունը տհաճ անակնկալի եկավ հարևան Վրաստանից: Այս երկրի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն հայտարարեց, թե Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցելու շուրջ «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ բանակցություններն արդյունք չեն տվել: Վրաստանը տարանցման արժեի նվազմանը համաձայն չէ, քանի որ դրա արդյունքում իր եկամուտները նվազում են:

Այս հայտարարությունը չափազանց անհարմար իրավիճակի մեջ է դնում Հայաստանի իշխանություններին, ովքեր չսպասելով Վրաստանի հետ Գազպրոմ էքսպորտ» ընկերության բանակցությունենրի ավարտին, շտապեցին հայտարարել, որ հունվարի 1-ից գազի սակագնի նվազման հիմքում ընկած է տարանցման արժեքի նվազումը: Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից գազի սակագինը նվազել է՝ անապահով խավը մեկ խորանարդ մետր գազը կստանա 100 դրամով. մյուս սպառողները՝ 139 դրամով (նախկին146.7 դրամի փոխարեն՝ այսինքն՝ 7 դրամով պակաս): Խոշոր սպառողները՝ 114 դրամով (նախկին 122 դրամի փոխարեն), ջերմոցներն ու գյուղմթերք վերամշակողները մոտ 100 դրամով՝ նախկին 122-ի փոխարեն:

Մինչ այժմ Վրաստանը ռուսական գազը Հայաստան տարանցելու համար ստանում էր Հայաստան մտնող գազի 10 տոկոսը: Այսինքն՝ տարանցումը տեղի էր ունենում ապրանքային տեսքով: Փաստացի, որպես ճանապարհածախս, Վրաստանին տրվող 10 տոկոս գազի արժեքը նույնպես վճարում էր Հայաստանը: Դա համարվում էր տարանցման բավականին բարձր գին: Եվ ահա Հայաստանին գազ մատակարարող «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ  բանակցությունների արդյունքում հայկական կողմը հույսեր ուներ, որ տարանցման արժեքը կարող է նվազել: Տարեվերջին սկսված բանակցությունները, որոնք տևական ժամանակ որևէ արդյունք չէին տալիս, ավարտուն տեսք են ստացել միայն հունվարի 10-ին: Տևական ժամանակ  Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն բանակցում էր ռուսական «Գազպրոմ էքսպորտի» հետ. հարցը, որի շուրջ երկար ժամանակ կողմերը չէին կարողանում գալ համաձայնության, հետևյալն էր. կա՛մ տարանցման դիմաց պետք է անցում կատարվեր վճարման ֆինանսական տարբերակին, կա՛մ Վրաստանը պետք է ստանար տարանցվող գազի 10%-ը։ Սա վրացական կողմի պահանջն էր, որը բավարարվել է. «Գազպրոմ-էքսպորտի» հետ բանակցությունների մի քանի փուլի ընթացքում, հաշվի առնելով առկա հանգամանքները, մենք կարողացել ենք համաձայնեցնել օպտիմալ առաջարկը։

Կառավարությունը քննարկել է տվյալ առաջարկը և որոշել է ընդունել առաջարկությունը։ Պայմանագրի համաձայն՝ Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակիրից չի ավելանում, փոխվում է միայն վճարման ձևը, ինչը ենթադրում է Հայաստան գազի տարանցման դիմաց դրամական վճարի անցում։

Ինչ վերաբերում է տարանցման արժեքին, այն լինելու է ամենաբարձրը Եվրոպայի երկրների շրջանում»,- հայտարարել է Կալաձեն Վրաստանի կառավարության նիստից հետո։

Պայմանագրով նախատեսված է նաև, որ անհրաժեշտության դեպքում Գազպրոմը մասնակիորեն վճարում կկատարի նաև գազով, եթե Վրաստանը Ռուսաստանից լրացուցիչ գազ գնելու կարիք ունենա: Այս դեպքում, սակայն, գազի գինը նույնպես կհաշվարկվի ավելի էժան՝ 1000 խմ-ի դիմաց 185 դոլար՝ նախկինում հայտարարված 215-ի փոխարեն: Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանից 1000 խմ գազը այժմ գնում է 150 դոլարով:

Ինչևէ, կարելի է փաստել, որ Հայաստանի կառավարությունը, հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանը փրկվեց խայտառակ իրավիճակում հայտնվելուց, քանի որ գազի  սակագնի նվազեցումը նրա քաղաքական գլխավոր խաղաքարտն է:

Խորհրդավոր պայմանավորվածությունը ի վերջո կայացվեց, հակառակ պարագայում կարող էր ստեղծվել մի վիճակ, երբ գազի էժանացումը պետության վրա բավականին թանկ կնստեր: Թեպետ այս պահին էլ վերջնական ու հստակ չէ՝ իրականում է  կոնկրետ որքան  գումար է ստանալու Վրաստանը տարանցման համար: Հայտնի է միայն, որ այն ամենաթանկն է Եվրոպայում:

 

Դավիթ Մանուկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: