Ով կդառնա Հայաստանում «Իվանիշվիլի»

Jan 12, 2017 Comments Off on Ով կդառնա Հայաստանում «Իվանիշվիլի»

Խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքներով փաստացի դրվելու է Հայաստանում հաջորդ իշխանությունների հիմքը, գրեթե ժամանակ չի մնացել: Չնայած ժամանակի սղությանը, թե իշխանական ու թե ընդդիմադիր դաշտում դեռ հստակություն չկա։ Իշխանական հատվածում առավել եւս լիակատար անորոշություն է, ինչպես գիտենք հունվարի հինգից Սերժ Սարգսյանը կարճատեւ արձակուրդ է գնացել եւ դեռեւս գտնվում է արտերկրում։ Նա կվերադառնա շաբաթվա վերջ ու հունվարի 15-ից հետո որոշակի կլինի, թե ովքեր են մեկնելու «ռազմաճակատ»։

Մինչ այս պահը Սերժ Սարգսյանը չի մերժել եւ ոչ մեկին, քանզի բոլոր առաջադրումներից էլ օգտվելու է կուսակցությունը ու բոլորի բերած ձայներն ուղղվելու են ՀՀԿ-ին, մի քանի մարդկանց է միայն ռեալ ասել, թե ով որտեղ է առաջադրվելու։ Սակայն կա ուժային կառույցների, վարչական ռեսուրսի, եւ անշուշտ թաղային հեղինակությունների ուղղորդման անհրաժեշտություն, ու շատ կարեւոր է, թե Սերժ Սարգսյանը այդ ռեսուրսները որ ռեյտինգային թեկնածուի կողմը կուղղորդի։ Որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ բազմաթիվ թեկնածուներից հաշվված մարդիկ են ընդամենը անցնելու խորհրդարան, յուրաքանչյուր մարզից, որը համարվում է ընտրատարածք, լավագույն դեպքում երկու թեկնածու։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ հարաբերական անդորրի պայմաններում ձեռքերը ծալած չեն նստում նաեւ Կարապետյանները՝ Կարեն ու Սամվել։

Հունվարի առաջին օրերին վարչապետ Կարեն Կարապետյանը Ծաղկաձորում  հավաք է  կազմակերպել։ Տոնական սեղանի շուրջ առավելապես առաջիկա քաղաքական գործընթացներն են քննարկվել։ Հրավիրված են եղել տարբեր մարզերից ներկայացուցիչներ, այսպես կոչված, պատգամավորության թեկնածուներ, ինչպես նաեւ գործող պատգամավորներ, որոնք ազդեցություն ունեն իրենց տարածաշրջաններում: Վարչապետը քննարկել է, լսել է, թե ով որ մարզում որքան ռեսուրս ունի, հավաքին մասնակցել է նաեւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։

Ակնհայտ է, որ իշխանության ազդեցիկ դեմքերից յուրաքանչյուրը հավակնում է ապագա խորհրդարանում ամենաշատ թվով պատգամավորներ ունենալ։ Ուրվագծվում է նաեւ ընդդիմադիր թեւը՝ Սեյրան Օհանյանի շուրջ է կարծես լայն կոնսոլիդացիա ձեւավորվում՝ Համախմբում կուսակցություն, Վիկտոր Դալլաքյանի Երրորդ հանրապետություն, Արթուր Բաղդասարյան, Ազատ դեմոկրատներ եւ այլն։ Օդում կախված է մնում Ծառուկյանի վերադարձի թեման։ Մենք այս մասին ավելի վաղ գրել ենք, որ Կարապետյանները հետեւողական ջանքեր են դնում վերադարձը տապալելու համար, քանի որ այն կարող է ամբողջովին փոխել ներքաղաքական վերադասավորումները։

Այդ վերադարձին կողմ չէ նաեւ Սերժ Սարգսյանը, որովհետեւ որքան էլ Ծառուկյանի հետ հարաբերությունները հիմա ջերմացել են ու Սերժ Սարգսյանը տարեվերջին հաճախ է հյուրընկալել Ծառուկյանին, բայց կա անկանխատեսելիության հավանականություն, որ Ծառուկյանը ինչ որ պահի կարող է անվերահսկելի դառնալ, վրեժխնդրության զգացողության տակ իշխանությունը վերցնելու ռեալ վտանգ առաջացնել։ Սերժ Սարգսյանի մտավախություններն արդարացված են, որովհետեւ եթե Կարապետյաններն էլ սեփական խաղը տանեն, ապա Սերժ Սարգսյանի դիրքերը կարող են սասանվել։ Մյուս կողմից Կարապետյանները նույնպես վստահ չեն, որ ինչ-որ պահի կարող են իրենց կողմը բերել Գագիկ Ծառուկյանին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ իրենց ապահովագրում են իսկազբանե փորձելով չեզոքացնել Ծառուկյանի գործոնը։ Հայաստանի քաղաքական կյանքում կարծես թե Իվանիշվիլու օրինակի հետեւորդների պակաս չի զգացվում։ Սերժ Սարգսյանն իր հերթին է ցանկանում դառնալ հայաստանյան Իվանիշվիլի՝ քաղաքական վերահսկողության տեսանկյունից։ Նա կարծում, որ կարող է ամենաբարձր ձայները հավաքել, նշանակել ԱԺ նախագահ, վարչապետ, իսկ ինքը կուսակցության ղեկավարի պաշտոնում խաղացնել բոլոր թելերը, Սամվել Կարապետյանն էլ իր հերթին։ Հենց այս համատեքստում է կարեւոր Ծառուկյանի դերակատարումը, ու Սամվել Կարապետյանի գործողությունները, թե ինչպես կմտնի խաղի մեջ։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: