Դեռ որքա՞ն է մեր միակ հույսը հայ զինվորը լինելու

Jan 13, 2017 Չի մեկնաբանվել

Ադրբեջանի նախագահը կրկին հոխորտացել է` չմոռանալով սպառնալիքները…

Ալիևը կառավարության ընդլայնված նիստում, որը նվիրված է եղել 2016թ. սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների ամփոփմանը, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և դեկտեմբերին Չինարիի վրա ադրբեջանական դիվերսիոն հարձակմանը։ Խոսելով այդ միջադեպի կապակցությամբ ՀԱՊԿ-ի արձագանքի մասին՝ Ալիևը հայտարարել է. «ՀԱՊԿ-ի նախկին ղեկավարները քաղաքական մեծ սխալ են գործել՝ որդեգրելով հայամետ դիրքորոշում և կիրառելով անընդունելի ձևակերպումներ (ԼՂՀ)։Այսօր մենք գիտենք նրանց ճակատագիրը։ Մենք ցանկանում ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը և մեր դրոշը պարզել կորսված բոլոր հողերում։ Մենք կլուծենք խնդիրը։ Ապրիլյան բախումները զգալի քայլ դարձան այդ ուղղությամբ։ Մենք ունակ ենք յուրաքանչյուր պահի հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Ստատուս- քվոն անընդունելի է, և պետք է փոխվի»։

Բաքվին իր աջակցությունն է հերթական անգամ հայտնել Անկարան: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեսպանների 9-րդ կոնգրեսի նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան աջակցում և միշտ աջակցելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. «Թուրքիան հատուկ կապեր ունի Կովկասյան տարածաշրջանի հետ։ Անկարան մոտենում է Կովկասի տարածաշրջանում կայունության ու զարգացման վերաբերյալ իր նպատակներին։ Անկարան պաշտպանելու է արտերկրում գտնվող բարեկամ ժողովուրդների իրավունքները»։

Առհասարակ, մենք նորից հայտնվել ենք նույն շրջանի մեջ` անվերջ պտտվելով: Մինչդեռ ապրիլյան պատերազմից հետո, թվում էր, թե հայկական կողմի դիրքերն էլ ավելի պետք է ամրապնդվեին, հայկական դիվանագիտությունը պետք է լուրջ հաջողություններ արձանագրեր:

Բայց… Ունենք այն, ինչ ունենք: Կրկին Ադրբեջանը շարունակում է սպառնալ, իսկ հայկական կողմը` իր ունեցած փաստերով, սկսած ապրիլյան պատերազմից մինչև դեկտեմբերի 29-ի դիվերսիոն ներխուժման փորձն ու զոհերը, ոչ մի էական հաջողության չի հասնում:

Փոխարենն ունենք Նալբանդյան Էդվարդի` տարիներ շարունակ հնչող ֆրազները` «բոլորը գիտեն, ով է մեղավոր…»:

«Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել»․ – այսպես է արձագանքում պաշտոնական Երևանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շեշտում է, թե երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց հետաքննության մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել. «Հուսով ենք, որ եռանախագահները հետևողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում», – ասում է Նալբանդյանը՝ ըստ էության դիվանագիտական լեզվով որոշակիորեն քննադատելով եռանախագահների հայտարարությունը:

Պաշտոնական Երևանը մշտապես բավարարվում է այսքանով` հայտարարելով, թե հասցեական հայտարարությունների համար քաղաքական կամք է պետք:

Բայց հարց է ծագում` իսկ ո՞րն է հայկական կողմի «քաղաքական կամքը»` դիվանագիտական ճակատում հասնել առավելագույնի, այլ ոչ թե տարիներ շարունակ ասել` «բոլորը գիտեն, թե ով է մեղավոր»:

Հետո ի՞նչ, որ գիտեն… Եվ ի՞նչ է փոխվում դրանից…

Որքա՞ն պետք է հայկական դիվանագիտության միակ հույսը հայ զինվորը լինի…

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Դեռ որքա՞ն է մեր միակ հույսը հայ զինվորը լինելու”

Մեկնաբանել