Ալիևը խոստովանել է. պարադոքս Հայաստանի դիտանկյունից

Jan 11, 2017 Չի մեկնաբանվել

Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը հայտարարել է, որ 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կրճատվել է նավթի գնի անկման հետևանքով: Այս իրողությունը պատկերացնելու համար, իհարկե, Ալիևի հայտարարությանը սպասել պետք չէր, քանի որ ինքնին պարզ է՝ նավթագազային դոլարների վրա հենված Ադրբեջանի համար նավթի գնանկումը պետք է բերեր այդպիսի կորստի: Ալիևը, ընդամենը, ստիպված է արձանագրել իրականությունը: Իրականություն, որը Երևանում, օրինակ, պետք է արձանագրել ոգևորությամբ, նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը հենց նավթագազային ռեսուրսների շնորհիվ է կարողացել մի կողմից միլիարդների սպառազինություն կուտակել և ռազմական դիվանագիտությունը, ասել է թե ռազմական շանտաժի քաղաքականությունը առաջ տանել՝ հասցնելով Ապրիլյան պատերազմի, մյուս կողմից առաջ տանել խավիարային դիվանագիտությունը, որը ևս, պետք է խոստովանել, որ անպտուղ չի անցել: Վերջիվերջո հարկ է հիշել, որ Ապրիլյան պատերազմին նախորդել էր Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը, որը ըստ էության հանդիսացավ Ալիևի ապրիլյան ագրեսիայի դե ֆակտո փաստաթղթային «ուղեցույցը»: Իսկ ԵԽԽՎ-ն այն կառույցն է, որտեղ ադրբեջանական խավիարային դիվանագիտությունն առավելագույնս է ծաղկել: Սա իհարկե չի նշանակում, որ Հայաստանն իր հերթին արել է հնարավորն ու անհնարը, և միայն նավթի ու գազի շնորհիվ է, որ Ադրբեջանը հնարավոր է դարձրել իր համար ինչ-ինչ բաներ: Իրականում Ադրբեջանի նավթագազային առավելությունը «բացարձակ» չէ և Հայաստանը չնայած այդպիսի ռեսուրսների բացակայությանը, ուներ և ունի իր ռեսուրսները, որոնք ոչ միայն պակաս չեն նավթից ու գազից, այլ ժամանակակից աշխարհի ներկայիս զարգացումների տրամաբանության մեջ նույնիսկ ավելին են: Հայաստանն ունի մարդկային, տեխնոլոգիական, քաղաքակրթական ահռելի ռեսուրս, որի զարգացման համար պետք է ժողովրդավարություն, պետք է ազատականություն, որի զարգացման համար պետք է օրենքի և իրավունքի միջավայր, ազատ մրցակցություն և անկախ արդարադատություն, կոռուպցիայից զերծ կառավարում: Բաներ, որոնք գետնի տակից չէ, որ պետք է դուրս բերել և չկան, այլ բաներ, որոնք պետք է լինեն մարդկային մտքի և կամքի արգասիք: Դրա շնորհիվ Հայաստանը ոչ միայն կարող էր համարժեք կերպով հակազդել Ադրբեջանի նավթին ու գազին, այլ պարզապես Ադրբեջանը կունենար Հայաստանի հետևից հասնելու կարիք: Սակայն այդ ռեսուրսով հարուստ Հայաստանում իշխանությունը վարել և վարում է մի քաղաքականություն, որը այդ ռեսուրսը պարզապես վերածում է մսխվող ժամանակի, աճող արտագաղթի, փոխարենը՝ այդպիսի ռեսուրսով հարուստ Հայաստանը ընկնում է նավթագազային այն կախվածության մեջ, ինչի մեջ է Ադրբեջանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Ալիևը խոստովանել է. պարադոքս Հայաստանի դիտանկյունից”

Մեկնաբանել