Տնտեսության տնքոցն ու «խփող» տոկոսները

Jan 12, 2017 Չի մեկնաբանվել

Մանրածախ առևտուրը վատագույն ցուցանիշն է գրանցել 2010 թվականից ի վեր․ կրճատվելով երկրորդ տարին շարունակ՝ մանարածախ առևտրի մակարդակը հասել է վեց տարվա վաղեմության ցուցանիշին:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների  համաձայն՝ 2016-ի հունվար-նոյեմբերի ամիսներին մանրածախ առևտրի ծավալը կազմել է 1 տրիլիոն 70 միլիարդ դրամ: Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.9 տոկոսով պակաս է: Իր հերթին, 2015 թվականի հունվար-նոյեմբերին նույնպես անկում էր գրանցվել 2014-ի առաջին տասնմեկ ամիսների համեմատ՝ 8.8 տոկոս:

Վերջին մի քանի տարիներին մանրածախ առևտրի ծավալի պարբերական նվազումները դարձել են կայուն տնտեսական ավանդույթ: Այսօր արդեն ստեղծվել է մի վիճակ, երբ մանրածախ առևտրի ծավալները համամատելի են հետճգնաժամային առաջին տարվա՝ 2010 թվականի ցուցանիշի հետ: Այն ժամանակ մանրածախ առևտրի ծավալը 967 միլիարդ դրամ էր կազմում:

Հատկանշական է, որ 1998-ից ի վեր մանրածախ առևտուրը երբեք չէր կրճատվել, անգամ ճգնաժամային 2009 թվականին և դրան հաջորդած տարում մանրածախ առևտրի ծավալը շարունակաբար աճել է՝ յուրաքանչյուր տարի 0,5-1 տոկոսով:

Մանրածախ առևտուրը լավագույնս ցույց է տալիս Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունների իրական վիճակը:  Փոքր ու միջին ձեռնարկությունների 60 տոկոսից ավելին մանրածախ առևտրով է զբաղված: Փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը հայտարարել է, որ եթե անգամ հաշվի առնենք մանրածախ առևտրի ոլորտում առկա ստվերը, այս ոլորտում շրջանառությունը 3-5 անգամ ընկել է: Սրան զուգահեռ՝ հայտարարվել է նաև, որ շեշտակի նվազել են մասնավոր տրանսֆերտները, որոնք հիմնականում Հայաստան էին ուղարկվում Ռուսաստանից: Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2016-ի առաջին տասնմեկ ամիսներին տրանսֆերտները կազմել են 1 միլիարդ 322 միլիոն դոլար, որը վատագույն ցուցանիշն է 2007-ից ի վեր: Անգամ ճգնաժամային 2009-ին և դրան հաջորդած տարում Հայաստան ավելի շատ մասնավոր փոխանցումներ են եղել:

Մանրածախ առևտուրն ու մասնավոր տրանսֆերտները բնակչության միջին խավի իրական վիճակը բնութագրող ամենահստակ ցուցանիշներն են: Սա նշանակում է, որ վերջին 8 տարիներին ձեռներեցությամբ և արտագնա աշխատանքով զբաղվող խավը շարունակական հետնընթաց է ապրել: Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր ունեին փոքր խանութներ կամ ապրում էին  դրսում աշխատող իրենց հարազատների վաստակածով, սկսել են ավելի վատ ապրել: Այս խավի կյանքի որոշակի վատթարացումը ամենևին էլ չի փոխհատուցվել հասարակության մեկ այլ խավի, օրինակ՝ մանկավարժների, բժիշկների, պետծառայողների կամ զիվորականների ու իրավապահների կյանքի որակը: Հակառակը՝ համատարած անկումը շարունակվում է բոլոր ոլորտներում:

Նախընտրական Հայաստանի համար սա բավականին խոսուն պատկեր է: Ո՞վ է պատասխան տալու կյանքի որակի այս համատարած անկման համար: Ցանկացած դինամիկա ունեցող հասարակության մեջ սոցիալ-տնտեսական հենց այս ցուցանիշները կդառնային առաջիկա խորհրդարանական ընտրությունների ամենակարևոր կռվանները, քանի որ կյանքի որակի անկումը քաղաքական պատասխանատվություն է ենթադրում: Իշխող ՀՀԿ-ն այս տեսանկյունից շատ տխուր վիճակում են գտնվում. նրանց իշխանության օրոք Հայաստանում կրկնակի ավելացել է աղքատությունը, տնտեսությունը ապրել է անկում, համարյա 6 անգամ աճել է արտաքին պարտքը, մեծացել է արտագաղթը: Եթե նման պայմաններում իշխող կուսակցությունը առաջիկա ընտրություններում նորից ու նորից կարող է ստանալ տպավորիչ տոկոսներ և տանել համոզիչ հաղթանակ, նշանակում է մեր հասարակության գնահատման արժեհամակարգը լրջորեն վնասված է:

Դավիթ  Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Տնտեսության տնքոցն ու «խփող» տոկոսները”

Մեկնաբանել