Վանաձորյան կրակի վրա ջուր կլցվի

Jan 10, 2017 Comments Off on Վանաձորյան կրակի վրա ջուր կլցվի

Վանաձորում կրքերը նորից շիկացել են: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Կառավարությանն ուղղված գրություն է պատրաստում, որով պահանջում է կրճատել Վանաձորի ավագանու գործունեության ժամկետը եւ նոր ընտրություններ նշանակել: Հոկտեմբերի 2-ի ընտրություններից հետո քաղաքում քաղաքական մրցակցությունը պարբերաբար սրվում է: Ինչպես հայտնի է հոկտեմբերից ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին չի հաջողվում ավագանու նիստեր հրավիրել, հաստատել  հաջորդ տարվա բյուջեն, ծրագրերը եւ այլն: Քանի որ Լուսավոր Հայաստան, Հայկական վերածնունդ եւ Բարգաված Հայաստան կուսակցության ավագանիները համատեղ բոյկոտում են նիստերը, որովհետեւ համագործակցության հուշագիր են կնքել: Թեեւ հոկտեմբերի 10-ին ավագանու հրավիրած միակ եւ անդրանիկ նիստի ժամանակ Ասլանյանը չորս ընդդիմադիր դասալիքների շնորհիվ ընտրվեց քաղաքապետ, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն, իսկ երեք ընդդիմադիր ուժերը՝ 17:
Ամփոփելով՝ ընտրություններից հետո գումարվել է ընդամենը ավագանու մեկ նիստ՝ հոկտեմբերի 10-ին, որի ընթացքում ընտրվել է քաղաքապետ։ «Լուսավոր Հայաստանը» Կառավարությանը ներկայացվելիք հայտարարության հիմք է համարում ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածը, որը սահմանում է՝ եթե հերթական նստաշրջանի ժամանակ ավագանու նիստերը 3 ամսից ավելի չեն գումարվում, քաղաքի բյուջեի վերաբերյալ որոշում չի կայացվում, ավագանու լիազորությունները Կառավարության որոշմամբ կարող են կրճատվել:

Սակայն Մամիկոն Ասլանյանը  մի քանի լրատվամիջոցների հայտնել է իր պաշտոնանկության անհնարինության մասին, Ասլանյանը հիմնավորել է, որ հերթական նստաշրջանի ժամանակ ավագանին նիստ արել է, նա վկայակոչել է հոկտեմբերի 10-ի նիստը, որի ժամանակ թեկնածուի ընտրություն կատարվեց: Հետեւաբար որեւէ հիմք չկա ՀՀԿ-ական քաղաքապետին պաշտոնանկ անելու: Իսկ հաջորդն նստաշրջանն էլ գումարվելու է փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին: Այսինքն եթե այդ երեք ամսվա ընթացքում՝ հերթական նստաշրջանին նիստ չգումարվի, ապա  որ միայն այդ ժամանակ Կառավարությունը կարող է ավագանու լիազորությունները կրճատել: Խորհրդարանական ընտրությունների օրն արդեն հայտնի է, դրանք տեղի կունենան ապրիլի 2-ին, այսինքն կարելի է չկասկածել, որ Մամիկոն Ասլանյանի պաշտոնանկությունն իսկապես անհնար է դառնալու: Ասլանյանն անձամբ բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերը խորհրդարանական ընտրություններից առաջ դիվիդենտներ են շահում եւ ընտրություններից հետո  նրանցից շատերը  կներկայանան նիստերին: Կարելի է չկասկածե;լ Ասլանյանի պնդումներին, որ ընտրություններից հետո վանաձորյան կրակի վրա ջուր կլցվի: Անկախ ամեն ինչից, Վանաձորում ստեղծված իրավիճակը անչափ խորհրդանշական է ու ցույց  է տալիս ՀՀԿ-ի իրական դեմքը, այն, որ տարիներ  շարունակ բռնության ու զոռբայության միջոցով տիրացել են ընտրողի քվեներին, զավթել իշխանությունը: Հիշեցնենք, որ Ասլանյանի քվեարկության ժամանակ եւս շրջանառվում էին լուրեր, թե ընդդիմադիրներին սպառնացել են: Որ իշխանության վիճակը լուրջ է, երեւում է գործընթացներից:ՀՀԿ-ն քաղաքական խաղի մեջ է ներքաշում եկեղեցու սպասավորներին: Օրերս գործող «Լոռի» հեռուստաընկերությունը  տեսանյութ է հրապարակվել, որտեղ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Ս. Ծննդյան պատարագի ընթացքում դիմում է Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող  անդամներին եւ հորդորում է նրանց՝ ցուցաբերել միաբանություն եւ գնալ ավագանու նիստերին:

Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը մաղթել է, որ նոր տարում Վանաձորի ավագանու անդամները համախմբվեն և լծվեն քաղաքի կառուցմանը:

«Քանզի ձեզ վստահել են, ուրեմն այդ վստահությունը իրավունք չունի ոչ ոք մսխելու, սպառելու, մաշեցնելու»,- ասել է արքեպիսկոպոս Չուլջյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն արդեն իսկ պատասխանել է այս ելույթին՝  համարելով այն միակողմանի հորդոր: Ըստ Մարուքյանի՝ Սրբազանը կորցրել է անաչառությունը եւ օրհնել մանդատագողությունը:
Մարուքյանը հայտարարել է նաեւ, որ հոգեւորականը չպետք է ներքաշվի քաղաքական գործընթացներին: Կասկածներ կան, որ իշխանությունն է ուղղոդել  սրբազանին այնպես, ինչպես հոգեւոր դասին է ուղորդում առհասարակ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: