Հետտոնական սթրես իշխանությունում

Jan 10, 2017 Comments Off on Հետտոնական սթրես իշխանությունում

ԿԸՀ-ն հաստատել է 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարնական  ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է ավելի քան 117 նախապատրաստական և կազմակերպչական միջացառումներ:

Փաստաթուղթը, որ հրապարակել է ԿԸՀ-ն, բավական ծավալուն  է, միաժամանակ փնթի և տեղ-տեղ ոչ ընթեռնելի: Այդ առումով ԿԸՀ տեղեկատվությունը  նման է մեր ընտրական  խառն ու խուճուճ գործընթացին: Ինչևէ՝ փաստաթղթից հայտնի է դառնում, որ կուսակցությունների և դաշինքների ներկայացրած ընտրական ցուցակներ գրանցումը կատարվում է քվերարկության օրվանից ոչ շուտ քան 45 և ոչ ուշ քան 35 օր առաջ: Սա նշանակում է, որ կուսակցության ցուցակների ներկայացումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով սկսվելու է փետրվարի 16-ից և ավարտվելու է փետրվարի 26-ին:

Նախընտրական քարոզարշավը սկսվելու է ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը, ավարտվում է քվեարկության օրվանից 1 օր առաջ: Այսինքն՝ քարոզարշավը մեկնարկելու է մարտի 5-ին և ավարտվելու ընտրություններից մեկ օր առաջ՝ մարտի 31-ին`  ժամը 24:00-ին:

Առաջիկա մեկ ամիսը քաղաքական խմորումների ամենապատասխանատու և բարդ շրջանն է, քանի որ այս ընթացքում ճշգրտվելու են կուսակցական ցուցակները և քաղաքական ուժերի ռեյտինգային թեկնածուները:

Թեպետ նոր սահմանադրությամբ ամրագրված է, որ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, սակայն կուսակցություններն ունեն մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու իրավունք:

ՀՀ տարածքը  բաժանվում է 13 ընտրական տարածքների` յուրաքանչյուր մարզ ներկայացնում է մեկ տարածք, իսկ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը դիտարկվում են համատեղ մեկ տարածք, Երևան քաղաքը բաժանվում է 4 տարածքների։ Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրում է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ և մեկական տարածքային ընտրական ցուցակ՝ յուրաքանչյուր տարածքի համար։

Յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցության դաշինք տարածքային ընտրական ցուցակում  իրավունք ունի առաջարկել առնվազն 5 թեկնածու` 10.000 ընտրողի հաշվարկով մեկ  թեկնածու։

Օրենքի այս դրույթը լուրջ աժիոտաժ է առաջացրել հատկապես իշխանական ճամբարում: Բոլորը հասկանում են, որ ռեյտինգային  ընտրակարգով մի քանի թեկնածուների առաջադրման պարագայում, իշխանության մի շարք թեկնածուներ ստիպված են լինելու մրցակցել ոչ միայն հակառակորդ քաղաքական ուժերի կողմից առաջադրված  թեկնածուների, այլ նաև յուրայինների հետ: Հենց այստեղ էլ թաքնված է շան գլուխը, քանի որ որևէ մեկին մինչև վերջին պահը պարզ չի լինելու, թե իրականում ով  է ստանալու ՀՀԿ առաջնորդի «դաբրոն»: Ընդ որում ստեղծվել  է մի վիճակ, երբ ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաև մյուս քաղաքական ուժերի ռեյտինագյաին թեկնածուները ևս իրենց ապագայի հետ կապված հարցերը ճշգրտում են Սերժ Սարգսյանի հետ: Առաջիկա մեկ ամիսը իշխանական գործիչների համար իսկական հետտոնական սթրես է. ամենացանկալի տարբերակը բոլորի համար կուսակցական հիմնական ցուցակում ընդգրկվելն է, բայց այստեղ, ինչպես հայտնի է, տեղերը  սահմանափակ են: Սերժ Սարգսյանը թերևս միակն է, ով տեղյակ է՝ ովքեր են ընդգրկվելու իշխանության հիմնական  ցուցակներում: Իսկ նա էլ վերցրել ու գնացել է արձակուրդ: Մինչ նրա վերադարձը և ցուցակների վերջնական կազմումը, իշխանավորները <<գիր ու ղուշ>> են անում՝ իրենց ճակատագրի մութ կետերը գուշակելու հույսով:

 

Դավիթ Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: