Բատկայի խրատը նաև Սերժ Սարգսյանին

Jan 10, 2017 Comments Off on Բատկայի խրատը նաև Սերժ Սարգսյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել հերթական սենսացիոն հայտարարությամբ: Նա ոչ ավել, ոչ պակաս ասել է, թե որևէ մեկին թուլ չի տա նվաստացնել իր ժողովրդին ու պետությունը: «Մենք որևէ մեկին չենք զիջի այս հողն ու պետությունը, մեզ պետք է հարգել ու պատվել այնպես, ինչպես մենք ենք մեր հարևաններին ու մյուս պետություններին վերաբերվում»,- հայտարարել է Բելառուսի նախագահը՝ առանց մանրամասնելու:

Ավելի վաղ՝ տարեմուտի իր ուղերձում, Լուկաշենկոն նշել էր, թե «ինքնիշխան ու անկախ Բելառուսը գերի է դարձել ավանդական դաշնակից երկրներում ստեղծված տնտեսական իրավիճակին»:

Լուկաշենկոն, իհարկե, իր հախուռն խառնվածքով միշտ է առանձնացել, սակայն չի կարելի ասել, որ նրա հայտարարություններն անլուրջ են: Բնավ, Լուկաշենկոն ժամանակ առ ժամանակ, կարծես, ջրի երես է հանում այն արատները, որ Ռուսաստան պետությունը վարում է իր քաղաքականությամբ` դաշնակից, ռազմավարական գործընկերների հետ:

Իհարկե, Լուկաշենկոն չի կոնկրետացրել, թե ում է հասցեագրված իր հայտարարությունը, բայց դրա կարիքը չկա, որովհետև բոլորն էլ հասկանում են, թե ում է ուղղված: Նա ոչ մեկ անգամ է հասկացնել տվել, որ որևէ մեկին չի զիջի Բելառուս պետությունը, որ այդ երկրին ու այդ երկրի քաղաքացիներին պետք է հարգի Ռուսաստանը:

Լուկաշենկոն մի քանի անգամ բացել է փակագծերը, խոսել է Ռուսաստանի այն տնտեսական պատժիչ գործողությունների մասին, որը Մոսկվան կիրառում է ԵԱՏՄ-ի շրջանակներում` գործընկեր պետությունների հանդեպ:

Բատկան ավելի կոնկրետ է եղել, հայտարարելով` ինքնիշխան ու անկախ Բելառուսը գերի է դարձել ավանդական դաշնակից երկրներում ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով:

Ի դեպ, օրեր առաջ մեկ այլ ուշագրավ հայտարարություն արվեց Բելառուսից: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային օրենսգիրքը, այլ միայն հավանություն է տվել նախագծին, այս մասին հայտնեց Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:

Նկատենք, որ Բելառուսը չմասնակցեց դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով տեղի ունեցած Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստին, որտեղ ստորագրվեց Մաքսային օրենսգիրքը:

Այնուհետև, ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հրամանով հավանություն է տվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին՝ որպես բանակցությունների համար հիմք և լիազորել է երկրի Պետական մաքսային կոմիտեին այդ ուղղությամբ բանակցություններ վարել:

«Մի շարք ԶԼՄ-ներ այնքան էլ ճիշտ չեն մատուցել այս նորությունը: Ստորագրվել է ոչ թե մաքսային օրենսգիրքը, այլ բանակցություններ վարելու հրամանը»,- պարզաբանել է Միրոնչիկը: Նա հավելել է, որ պայմանագրի նախագծի վերաբերյալ բոլոր սկզբունքային հարցերը, որպես կանոն, համաձայնեցվում են նախապես, բայց մինչև ստորագրելը դրանում կարող են փոփոխություններ մտցվել:

Ահա, Բատկան հերթական անգամ իր ձայնն է բարձրացնում: Նա երբեմն կոշտ է, երբեմն մեղմ, երբեմն նույնիսկ շռայլում է գովեստի խոսքեր` Ռուսաստանի հասցեին, բայց մի բան միանշանակ է, որ այդ երկրի ղեկավարը թույլ չի տալիս, որ իր պետության հետ Ռուսաստանը վարվի այնպես, ինչպես Պուտինին է ձեռնտու:

Իսկ մե՞նք… Եղե՞լ է մեկ դեպք, երբ Հայաստանի իշխանությունը, իշխող կուսակցությունը, իշխանական վերնախավը, ողջ քաղաքական համակարգը միահամուռ Հայաստանի համար վճռորոշ որևէ հարցում ընդդիմանա` պահանջելով հաշվի նստել Հայաստանի ու նրա քաղաքացիների շահերի հետո… Չի՛ եղել:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: