Սեյրան Օհանյանը տեր է իր կենսագրությանը ու չի վախենում իշխանության ճնշումներից

Dec 23, 2016 Comments Off on Սեյրան Օհանյանը տեր է իր կենսագրությանը ու չի վախենում իշխանության ճնշումներից

Երեկ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղաքականություն մտնելու եւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարություն արեց: Երեկ Օհանյանի հայտարարությունից անմիջապես հետո նրան անվերապահորեն սատարելու վերաբերյալ հայտարարություն տարածեց նաեւ «Միացյալ Հայաստան» շարժման ղեկավար Արթուր Ալեքսանյանը՝ ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի փեսա Ամարասի Արթուրը: Շարժման նախաձեռնողներից է նաեւ Ազատ Արշակյանը, որի հետ զրուցեցինք։

Պարոն Արշակյան, «Միացյալ Հայաստան» շարժումը Օհանյանյանի հայտարարությունից անմիջապես հետո աջակցություն հայտնեց, ինչի՞ն աջակցություն հայտնեցիք, ինչ պլաններ ունի Սեյրան Օհանյանը, քաղաքականության մեջ որ դաշտում է լինելու՝ ընդդիմության, կենտրոնամետ, իշխանություն։

-Լինելու է ընդդիմադիր եւ կառուցողական դաշտում, պայքարելու է հանուն ժողովրդավարության, ՀՀ քաղաքացիների բարգավաճման, բոլոր այն թերությունները, որոնք այսօր կան, կպայքարի դրանց դեմ։

-Սեյրան Օհանյանը կարո՞ղ է ժողովրդի վստահությանն արժանանալ, որովհետեւ ամիսներ առաջ իշխանության հետ էր, իշխանականները հայտարարում են, որ Օհանյանը կիսում էր իրենց քաղաքականությունը, պատասխանատու ոլորտի ղեկավար էր։

-Այո, ինքը իշխանության մաս է կազմել, եթե իշխանությունները կարծում են, որ իրենց մեջ բոլորը գող եւ ավազակ են, այդպես չէ։Իշխանությունում կան մարդիկ, որոնք բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքային պատասխանատվությունը։Սեյրան Օհանյանը բարեխղճորեն ծառայել է ու հիմա էլ որոշել է քաղաքականության մեջ ծառայել։

-Ապրիլյան պատերազմը ճիշտ հակառակը ցույց տվեց, վեր հանեց բանակի անմխիթար վիճակը։

-Այո, բարեխղճորեն է ծառայել, Հայաստանի իշխանության ոչ մի թեւում ինքնամաքրման գործողություններ չեն եղել, ինչպես եղավ այդ պատերազմից հետո Օհանյանի գլխավորած նախարարությունում, պատասխանատու պաշտոնյաները պաշտոնանկ եղան, պատժվեցին։

-Գլխավոր պատասխանատուն Սեյրան Օհանյանն էր։

-Գիտեք, եթե այդպես մոտենանք, գլխավոր պատասխանատուն մենք բոլորս ենք։Եթե որեւէ մեկը սխալները ուղղում է, գիտակցում է պատասխանատվությունը եւ ուղղում սխալները։Այնպես որ մենք Սեյրան Օհանյանին հանդիմանելու բան չունենք։

-Հայաստանում առաջին դեպքը չէ, երբ պաշտոնաթողությունից հետո դառնում են ընդդիմադիր, հետո նորից անցնում իշխանության շարքերը ու այսպես շարունակ։

-Բանակային կյանքում որեւէ մեկը իրավունք չունի ընդդիմադիր լինելու, այստեղ հրաման կատարող են, հիմա Սեյրան Օհանյանը քաղաքացիական անձ է եւ իրավունք ունի իր մոտեցումները, քաղաքական կարծիքը կյանքի կոչել։

-Սեյրան Օհանյանը իշխանափոխության պահանջ է բարձրացնելու՞։

-Ես կարծում եմ, որ իր ակցիան իշխանափոխության համար է, այլապես նա կընդուներ որեւէ պաշտոն, որն իրեն առաջարկել էին, կամ էլ ինչպես մյուսներն արեցին, կանդամակցեր ՀՀԿ-ին։ՀՀԿ չմտնելն արդեն ընդդիմադիր լինել է նշանակում։ -Չեք կարծում, որ երկար տարիներ լինելով իշխանության հետ Սեյրան Օհանյանը խոցելի է ու կարող է ընկրկել իշխանությունների ճնշումներին։ -Եթե չդիմանա ճնշումներին, ապա բավական լուր անձնական անհաջողություն կլինի, մենք էլ քաղաքացիներս հիասթափություն կապրենք։ Բայց ես կարծում եմ, որ Սեյրան Օհանյանի կենսագրությունն այնպիսին է, որ նա հաշվի է առել պատճառահետեւանքային զարգացումները ։ Ցանկացած պաշտոնյա պատասխանատվություն է կրում իր օրոք տեղի ունեցած իրադարձությունների համար, ես կարծում եմ, որ ինքը տեր է եւ անհաջողություններին , եւ հաջողություններին։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: