Սեյրան Օհանյանը կուսակցական ուղով չի գնա. Երվանդ Բոզոյան

Dec 20, 2016 Comments Off on Սեյրան Օհանյանը կուսակցական ուղով չի գնա. Երվանդ Բոզոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ակտիվ մասնակցություն է ունենալու քաղաքական, և մասնավորապես, ընտրական գործընթացներին: Թեմայի շուրջ կարծիք է հայտնում  քաղաքագետ, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը:

-Պարո՛ն Բոզոյան, ինչպե՞ս կգնահատեք Սեյրան Օհանյանի՝ քաղաքակություն վերադառնալու հայտարարությունը:

-Նորմալ, որովհետև դա ընդունված պրակտիկա է միջազգային պատմության տեսակետից: Ըստ էության, աշխարհի տարբեր երկրներում էլ մարդիկ, ովքեր ունենում են բարձր պաշտոն և երկար ժամանակ աշխատում են պետական համակարգում՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ համարելով, որ իրենք չեն կարողացել ամբողջովին ռեալիզացնել իրենց ծրագրերը պետական համակարգում, դուրս են գալիս քաղաքական դաշտ: Կարծում եմ, որ Սեյրան Օհանյանի քայլը հենց այդ շարքից է:

-Պաշտպանության նախկին նախարարն իր հայտարարության մեջ նշել է, որ խնդիր ունի Հայաստանում ձևավորելու նոր որակի քաղաքական և տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ: Այսինքն, Սեյրան Օհանյանը փորձում է ընդդիմադիր ուժ ձևավորել:

-Հայաստանում վերջին տարիներին ընդդիմադիր և իշխանական դաշտերն այնքան լղոզված են, որ այսօր ես կդժվարանամ ձևակերպել, թե ինչ է նշանակում ընդդիմադիր և ինչ է նշանակում ընդդիմություն: Շատ շրջանակներ, որոնք իրենց հռչակում են ընդդիմադիր, գործնականում աշխատում են իշխանության օգտին: Եվ շատ-շատ շրջանակներ, որոնք այսօր էլ իշխանության մաս են, ըստ էության, հասկանում են, որ իշխանության մեջ ավարտված են այն ռեսուրսները, որոնցով հնարավոր կլինի փոխել համակարգը և իսկապես նոր որակի երկիր սարքել: Կարծում եմ, Սեյրան Օհանյանն այն անձերից է, ով հասկացել է, որ արդեն սպառված են պետական համակարգում իր մտքերն իրականացնելու ճանապարհները: Գիտեմ, որ Օհանյանին առաջարկել են տարբեր այլ պաշտոնններ, բայց նա հրաժարվել է դրանցից, որովհետև եթե ինքը ինչ-որ բան փոխելու առաքելություն ունի, ապա այսօր այդպիսի պաշտոններում հնարավոր չէ այդ ամենն իրականացնել:

-Շատ է շրջանառվում այն տեղեկությունը, որ Սեյրան Օհանյանը հնարավոր է համագործակցի ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ: Ի՞նչ կասեք այդ հնարավոր համագործակցության մասին և ինչպե՞ս եք վերաբերում դրան:

-Ես ոչինչ չեմ բացառում, որովհետև Հայաստանի քաղաքական պրոցեսներն այնպիսի ընթացք են ստանում, որ շատ-շատ շրջանակներ մտահոգված են Հայաստանի այսօրվա խնդիրներով: Շատ լավ հասկանում ենք, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանը: Տնտեսական վիճակը, ինչպես վարչապետն է խոստովանում, շատ ծանր է: Մյուս կողմից էլ Հայաստանի անվտանգությունն է բավականին լուրջ վտանգված: Բոլորն էլ հասկանում են, որ եթե մենք այդպես շարունակենք, եթե Հայաստանում լուրջ բեկում չլինի, ապա հերթական պատերազմն անխուսափելի է: Պաշտանության նախկին նախարարի այդ քայլը պետք է, որ բոլորին զգաստացնի, նրա այդ մտահոգությունը բոլորը հասկանում են:

-Ի՞նչ եք կարծում, Սեյրան Օհանյանը կմիանա՞ «Երրորդ հանրապետություն» կուսակցությանը, ինչպես հայտարարել է Վիկտոր Դալաքյանը:

-Իմ տպավորությամբ, Սեյրան Օհանյանը կուսակցական ուղով չի գնա, որովհետև այսօր առանձին վերցրած կուսակցական ճանապարհով ապագա չկա: Կուսակցությունները, իհարկե, իրենք դերակատարություն ունեն երկրի քաղաքական-հասարակական կյանքում, սակայն բոլորն էլ հասկանում են, որ պետք է մեծ համախմբում, որպեսզի հնարավոր լինի խնդիրներ լուծել:

-Սեյրան Օհանյանը «Համախմբում» կուսակցության հետ ինչ-որ քննարկումներ, կունսուլտացիաներ ունեցե՞լ է:

-Իմ տպավորությամբ, Սեյրան Օհանյանը կոնսուլտացիաներ արել է շատ-շատ քաղաքական ուժերի հետ, և կարծում եմ, որ դա ճիշտ է: Մեկ քաղաքական ուժի հետ կոնսուլտացիա անելը ճիշտ չէր լինի: Հայաստանում առկա խնդիրներն այնպիսին են, որ միասնական մեծ բռունցք է պետք, որպեսզի երկրի առջև ծառացած խնդիրները հնարավոր լինի լուծել: Նույնը կարելի է ասել «Համախմբման» մասին, որովհետև «Համախմբումը» իր անունով իսկ ցույց է տալիս, որ իր գլխավոր նպատակը համախմբումն է, քաղաքական դաշտի և հասարակության մեջ միասնության գաղափարի ձևավորումը: Որպեսզի հանրությունը տեսնի, որ կան միասնական պատկերացումներ, միասնական տեսակետ` երկիրը փոխելու վերաբերյալ:

-Այսինքն, չեք բացառում «Համախմբման» և Սեյրան Օհանյանի քաղաքական ուժի համագործակցությունը, ընտրություններին միասնական գնալը:

-Ես չեմ բացառում, որովհետև «Համախմբման» նպատակն է մեկ միասնական ճանապարհով գնալ, և ես կարծում եմ, որ Սեյրան Օհանյանի խնդիրն էլ դա է:

Աղբյուրը՝ Vesti.am

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: