Գազի  ու նավթի փուչիկը պայթեց՝  ինչո՞ւ են  ռուսները հետաքրքրված իրանական էներգակիրներով

Dec 15, 2016 Comments Off on Գազի  ու նավթի փուչիկը պայթեց՝  ինչո՞ւ են  ռուսները հետաքրքրված իրանական էներգակիրներով

 

«Գազպրոմ» ռուսական ընկերությունը և Իրանի Ազգային նավթային ընկերությունը (NIOC) համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին Twitter-ում գրել է ՌԴ Էներգետիկայի նախարարությունը։

«Հույս ունեմ, որ այսօր փաստաթղթի ստորագրմամբ «Գազպրոմ նեֆտ»-ը կսկսի իր գործունեությունն Իրանի տարածքում երկու հանքավայրում»,- ասել է Իրանի նավթի հարցերով նախարար Բիժան Զանգանեն:

Նա նաև հավելել է, որ աջակցում է Իրանի շուկայում ռուսական ընկերությունների ակտիվությանը: Այս պայմանագիրը բավականին ուշագրավ է մեկ այլ տեղեկատվության ֆոնին. Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդունել է Մոսկվա այցելելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը:

Իրանը Հայաստանի մերձավոր հարևանն է և բարեկամը, սակայն Իրանի նախագահը Հայաստան չի այցելել, չնայած որ տարբեր դիվանագիտական խողովակներով ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հնչում նրա հնարավոր այցի մասին Հայաստան: Ակնարկվում էր, որ մինչև այս տարվա վերջ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան: Սակայն պարզվում է՝ նա Երևանի փոխարեն որոշել է այցելել Մոսկվա:

Քանի որ այցը հաջորդում է գազային պայմանագրին, աներկբա է, որ Պուտինի հետ երկխոսության առանցքում առանձնակի տեղ է տրվելու նաև գազի խնդրին: Գազը հենց այն խնդիրն է, որի շուրջ Հայաստանի և Իրանի իշխանությունները կարող էին շատ առարկայական խոսակցություն ունենալ: Բայց գազի հետ կապված հայ-իրանական հարաբերությունները այդպես էլ լուրջ արդյունք չապահովեցին: Հայաստանը իր անմիջական հարևանից՝ Իրանից, բնական գազ ստանալու փոխարեն, գերադասում է 10 տոկոս տրանզիտի հավելյալ ճանապարհածախս վճարելուվ գազ ներմուծել Ռուսաստանից: Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե անգամ Վրաստանին վճարած բավականին թանկ տրանզիտը ներառյալ, Ռուսաստանից գազի ներմուծումն ավելի էժան է, քան եթե այն բերենք հարևան Իրանից: Հայաստանում Իրանի դեսպանը այս առնչությամբ մի քանի անգամ սկանդալային հայտարարություններ է արել՝ ասելով, թե ՀՀ իշխանությունները Իրանի հետ գազի գնի հարց չեն քննարկել: Ավելին, ըստ դիվանագետի, Իրանը կարող էր հարևան Հայաստանի համար մատչելի գազ առաջարկել: Իրականում պաշտոնական որևէ տեղեկատվություն, թե Իրանը կոնկրետ ինչ գնով է պատրաստ  գազ վաճառել Հայաստանին, չկա:

Բենզինն ու դիզվառելիքը նույնպես Հայաստան ներմուծվում է ոչ թե հարևան Իրանից, այլ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունից՝ մոտավորապես նույն անհասկանալի հիմնավորումներով:

Բայց հիմա, ստացվում է, որ Հայաստանի համար այդքան «անհրապույր» իրանական էներգակիրների շուկան հանկարծ սկսել է գրավիչ թվալ ռուսական նավթային և գազային հսկային՝ «Գազպրոմին»: Հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս պատահեց,  պարոնա՛յք: Աբսուրդ կլինի պատկերացնել, որ ռուսական կողմը մեզ ավելի էժան էներգակիր է վաճառում, քան ինքն առնելու է Իրանից: Մենք Իրանի հետ էներգակիրների հարցով վճռական բանակցություններ չենք վարել, ուստի չգիտենք, թե մեզ ինչ կարող էր առաջարկվել: Իրանն ըստ էության Հայաստանի հետ իսկապես մտադիր էր բարեկամություն անել: Բայց Հայաստանը ցույց տվեց, որ ինքը  ինքնիշխանություն չունի, որ կարողանա որոշել կամ բանակցել: Հայաստանը իր վարքագծով ցույց տվեց, որ ինքն ընդամենը ռուսական կայսրության անկլավ է: Ուստի տրամաբանական է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին որոշել է գնալ Մոսկվա, որտեղ նա կարող է ստանալ իրեն հուզող հարցերի կոնկրետ պատասխանները, այդ թվում նաև Հայաստանին գազ ու նավթ տալու կամ չտալու հետ կապված հարցը:

 

Դավիթ  Մանուկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: