Ապտակեցին Ռուբիկ Հակոբյանին

Dec 14, 2016 Comments Off on Ապտակեցին Ռուբիկ Հակոբյանին

Երեկ պետք է կայանար ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի ասուլիսը։ «Դեկտեմբերի 13-ին ժ.13.00 ՀՀ ԱԺ 334 սրահում տեղի կունենա իմ մամլո ասուլիսը: Հրավիրում եմ հավատարմագրված բոլոր լրագրողներին»,- ասվում էր Ռուբիկ Հակոբյանի հայտարարության մեջ: Ըստ ամենայնի նա ցանկանում էր մեկ անգամ եւս արդարանալ օրեր առաջ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հետ տեղի ունեցած միջադեպի առիթով, որովհետեւ ներողողություն խնդրելու համար նա կմոտենար ԱԺ ամբիոնին ու ներողություն կխնդրեր ոչ թե պատգամավորներից, ինչպես արեց միջադեպի հաջորդ օրը։ Խոսքը, հիշեցնենք, մի քանի օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին էր, որի ժամանակ պատգամավորը Վահե Մակարյանին հեռացրել էր մարդկանց տեսադաշտից, տարել մի հարկ ներքեւ, որտեղ տեսախցիկներ չկան տեղադրված, եւ բռունցքներով հարձակվել նրա վրա։

Ապա երբ մամուլը աղմուկ բարձրացրեց, հաջորդ օրը խորհրդարանի ամբիոնից ներողություն էր խնդրել Ազգային ժողովից եւ վիրավորական արտահայտություններ արել լրագրողի հասցեին, ինչն ավելի է վրդովվեցրել լրագրողական համայնքին։ Ասուլիսի գաղափարը հավանաբար պատկանում էր Հանրապետական պատգամավորներին, որոնց հետ Ռուբիկ Հակոբյանը վերջերս ջերմագին հարաբերություններ ունի, ասուլիսից առաջ էլ նա ԱԺ ճաշարանում մի խումբ ՀՀԿ-ականների հետ ճաշում էր, նրանց թվում էին Գագիկ Մելիքյանը, Էդուարդ Շարմազանովը։

Տեղեկանալով, որ պատգամավորը պատրաստվում է նորից արծարծել այս թեման եւ ասուլիսի է հրավիրել, որպեսզի շարունակի լրագրողին ու լատվամիջոցը վարկաբեկելու իր ծրագիրը, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները որոշեցին, որ ոչ ոք չպետք է ներկայանա այդ ասուլիսին։ Ի հեճուկս թերահավատների, բոյկոտը ստացվեց։ Հայաստանում բոյկոտները սովորաբար ձախողվում են, սակայն լրագրողական հանրույթը նախանձելի միասնականություն դրսեւորեց։

Իհարկե, դժվար է ասել՝ եթե Ռուբիկ Հակոբյանի փոխարեն որեւէ իշխանական պատգամավոր լիներ, էլի՞ էր հաջողվելու, կարողանալու՞ էին իշխանական լրատվամիջոցներում աշխատող մեր գործընկերները շրջանցելու ղեկավարների պահանջները, սակայն Ռուբիկ Հակոբյանը հիմա ոչ պակաս իշխանական է, նա իր պահվածքով, իր քվեարկություններով ու ելույթներով վերջին մեկ տարում ծալած ունի ցանկացած ՀՀԿ-ական պատգամավորի։

Եւ չնայած լուրեր կային, որ որոշ խմբագիրներ պահանջել են, որ իրենց լրագրողները մասնակցեն ասուլիսին, սակայն լրագրողները միասնաբար բոյկոտեցին այն, ինչի արդյունքում ասուլիսին մասնակցեցին միայն ԱԺ լրատվական ծառայության լրագրողները։ Այսպիսով՝ լրագրողական դաշտը մեծ ապտակ տվեց Ռուբիկ Հակոբյանին, որը նախկինում կրել է լրագրողի կոչումը, բայց այդպես էլ չի հասկացել, որ որեւէ հանգամանք չի արդարացնում լրագրողի նկատմամբ բռնությունը ու ցանկացած ոք պարտավոր է հարգել չորրորդ իշխանության ներկայացուցիչներին՝ անկախ այն բանից, թե իրեն ուղղված հարցը իր քիմքին հարմար է, թե ոչ։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: