Ո՞վ է որոշել վարչապետի հետ հանդիպման ձևաչափը. ինչո՞ւ ԳԱԱ նախագահության բոլոր անդամները չեն հրավիրվել

Dec 12, 2016 1 Comment

«Ես չգիտեմ, թե ով է որոշել վարչապետի հետ հանդիպման ձևաչափը, բայց ես, լինելով ԳԱԱ նախագահության անդամ, հանդիպմանը հրավիրված չեմ եղել: Այդ ձևաևափը ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, որովհետև այդ կարգի հանդիպումներին սովորաբար նախագահության 15 անդամները միշտ հրավիրվում են, իսկ այս անգամ հրավիրվել են միայն ակադեմիական ինստիտուտների տնօրեններն ու ԳԱԱ վարչական ապարատի աշխատակազմը»,- Hayeli.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին ԳԱԱ ղեկավար կազմի հետ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպմանը, հայտարարեց ԳԱԱ նախագահության անդամ, ԿԳ նախկին նախարար Էդուարդ Ղազարյանը:

Ակադեմիկոսի տեղեկություններով՝ հանդիպմանը ԳԱԱ նախագահության անդամներից ներկա չեն եղել նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, էլի մի քանի ակադեմիկոսներ: Մինչդեռ նախագահության վերջին նիստերից մեկի ժամանակ անդրադարձ է եղել նոր կառավարության ծրագրի գիտության հատվածին. «Քննարկան ժամանակ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ նախատեսվում է հանդիպում կազմակերպել վարչապետի հետ և կառավարության ծրագրի հետ կապված մտահոգությունները այդ հանդիպման ժամանակ կբարձրաձայնվեն: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեզ դրել են կոճակ սեղմող դեպուտատների տեղը՝ պիտի գնանք միայն ընտրություն կատարենք, մեկ էլ ծափ տալով կոչումներ ու պարգևներ բաժանենք»,- մեզ հետ զրույցում նշեց ակադեմիկոսը՝ ավելացնելով, որ ինքը  հարցեր ուներ: «Ես հանդիպման մանրամասներին  չեմ տիրապետում, որքանով որ տեղեկացա լրատվամիջոցների ներկայացրած ինֆորմացիայից, հիմնականում խոսք է գնացել կիրառական գիտությունների մասին, որոնք ուղղակիորեն կարող են ներդրվել բիզնեսի և տնտեսության մեջ, հիմնարար գիտության մասին խոսք չի գնացել: Այս մոտեցումը ինձ չափազանց մտահոգում է՝ միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ առանց հիմնարար գիտության կիրառական գիտություն չի կարող գոյություն ունենալ և զարգանալ: Հայաստանի համար շատ կարևոր է հիմնարար գիտության հետագա զարգացումը: Մենք ունեցել ենք հիմնարար գիտությունների զարգացման փայլուն պատմություն, փայլուն արդյունքներ՝ հատկապես բնական գիտությունների ոլորտում։ Ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա. այդ ոլորտներում համաշխարհային ներդրումներ ունենք առանձին անհատների կողմից։ Համբարձումյան, Ալիխանյան եղբայրներ, Մերգելյան, և կարող եմ շարունակել այդ  ցուցակը: Մեզ համար հիմնարար գիտությունը մշակույթի բաղկացուցիչ մաս է,  քանի որ այն ունի հսկայական ինտելեկտուալ գրավչություն: Միայն հիմնարար գիտությամբ զբաղվելու ու արդյունքներ տալու դեպքում է հասարակության կրթվածության մակարդակը բարձրանում: Այսօր դա միակ ցուցանիշն է, որով իրավունք ենք ստանում հավասարվելու և համեմատվելու քաղաքակիրթ երկրների հետ: Եթե  ուզում են, որ կիրառական գիտությունները նպաստեն տնտեսության զարգացմանը, իսկ դա, այո՛, կարևոր հարց է, ապա պետք է հասկանան, որ կիրառական գիտության զարգացման հիմքում  գիտելիքն է ընկած: Առանց հիմնարար գիտության՝ կիրառական գիտություն գոյություն չունի: Ժամանակակից նոր տեխնոլոգիաները հենվում են հիմնարար գիտությունների ստացած արդյունքների վրա: Նանոտեխնոլոգիաները  ֆիզիկայի, քվանտային ֆիզիկայի բազայի վրա են  հենված. նոր հատկություններով նյութերի ստացում, նոր տեխնոլոգիաներ, որոնք հեղաշրջում արեցին  էլեկտրոնիկայի ոլորտում: Չլինեին այդ գիտելիքները, նոր հատկությունների ձեռքբերումը, նոր երևույթների ուսումնասիրությունը՝ քվանտային ֆիզիկայի մակարդակով, չէին լինի այդ նոր կիրառությունները, որոնք առողջապահության, բժշկագիտության, պաշտպանության և այլ ոլորտներում այսօր կան: Անթույլատրելի է, երբ պետությունը կարծես ուզում է ձեռք քաշել հիմնարար գիտության ֆինանսավորումից՝ ասելով՝ թող համագործակցեն բիզնեսի հետ ու փող բերեն տնտեսությանը»,- նշեց Էդուարդ Ղազարյանը:

Ակադեմիկոսին նաև մտահոգում է գիտության ոլորտի օպտիմալացման հեռանկարը, քանի որ այդ բառի տակ չգիտես ինչու, հասկանում են կրճատում. «Օպտիմալացման դեպքում պարտադիր չէ, որ լինեն կրճատումներ: Օպտիմալացում՝ նշանակում է արդյունավետության բարձրացում, մարդկային և տեխնիկական ռեսուրսների միավորում: Ուժերի համախմբում պետք է լինի, միջոցների կոլեկտիվ օգտագործման համախմբում: Այսինքն` թանկարժեք սարքավորումների համատեղ օգտագործում տարբեր ինստիտուտների կողմից, երբ մի ինստիտուտ սպասարկի նաև այլ ինստիտուտների գիտնականներին: Եթե նպատակը մարդկանց  կրճատելն է, ես դա չեմ հասկանում. մենք հասել ենք գիտնականների մի այնպիսի կրիտիկական  քանակի, որ դրանից այն կողմ կրճատվելու դեպքում Հայաստանում գիտությունը կվերանա»,- նշեց ակադեմիկոսը՝ հավելելով, որ օրենքով ԳԱԱ-ն համարվում է կառավարության հիմնական խորհրդատուն՝ գիտության ասպարեզում: Ուստի ակադե՛միան պետք է առաջարկի կառավարությանը գիտության զարգացման բանաձևը:

 

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց

Մեկ անդրադարձ “Ո՞վ է որոշել վարչապետի հետ հանդիպման ձևաչափը. ինչո՞ւ ԳԱԱ նախագահության բոլոր անդամները չեն հրավիրվել” հրապարակմանը

  1. Sona says:

    <<…Ժողովուրդ ջան, էս հոդվածն ազդարարում ա կաշառակեր ակադեմիկների գզվռտոցի ու պաշտոնակռվի /ավելի ճիշտ՝ կերակրատաշտակ իրարից փախցնելու / ՎԵՐՋը:

    Երբ-որ գրագողությամբ հոդվածներով, ու պաշտպանված բազմաթիվ ու անարժեք դիսոներով ու մրցանակներ էին ստանում իրանց թայֆայի անդամներով՝ կառավարություններն ու դրանց օֆշորային վարչապետերը լավն էին. Իսկ երբ գտնվեց մի՝ խելքը գլխին ու բանիմաց Վարչապետ, ով ուզում ա հայտնի միջազգային մեթոդներից ելնելով փակի մեթոդներով ակադեմիական առանց այն էլ սուղ ֆինանսները անողների ճանապարհն ու ճիշտ ուղղությամբ նպատակաուղղի երկրի ֆինանսական միջոցները և ինովացիոն հիմքով զարգացնի ԻՐԱԿԱՆ գիտությունն ու տեխնիկան /դրանով իսկ ստեղծելով ու զարգացնելով գիտելիքահենք ինֆրակառուցվածք՝ ապագա տնտեսության համար, ապա Վարչապետը սխալ ա: Բ-ա-ա-ա: Դե արի՞ ու ջոկի գիտության ու տեխնիկայի իրական մշակներին մեր Ազգայի Ակադեմիայի ղեկավար պաշտոնները զավթած
    Անպայման նայեք նաև այս հոդվածի ներքևի COMMENT-ները:>>