«Մեծ պատերազմ սկսվելու դեպքում զիջումը շատ բնական պրոցես է լինելու». Երվանդ Բոզոյան

Dec 04, 2016 Comments Off on «Մեծ պատերազմ սկսվելու դեպքում զիջումը շատ բնական պրոցես է լինելու». Երվանդ Բոզոյան

Բաքվում տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Պաշտոնյանները ի թիվս այլ հարցերի քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը: Հանդիպումներից մեկի  ժամանակ  Չավուշօղլուն հայտարարել է, որ  Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն։

Արցախի հիմանխնդիրն՝ ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների օրակարգում: Թեմայի շուրջ Hayeli.am-ը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

-Պարոն Բոզոյան, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ կարգավորումն ու ընդհանուր առմամբ իրավիճակը տարածաշրջանում։ Սա փաստում է արդյոք, որ Թուրքիան փորձում է որոշակի դերակատարություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում:

-Թուրքիան մշտապես փորձել է դերակատարություն ունենալ ղարաբաղյան կարգավորման հարցում,  և այդ առիթով բանակցություններն  Ադրբեջանի հետ եղել են մշտապես կանոնակարգված:  Ադրբեջանի և Թուրքիայի միջև արցախյան հիմնախնդրի շուրջ քննարկումներն առկա են դեռևս  90 ական թվականներից սկսած:

-Թուրք պաշտոնյան նաև Լավրովի հետ հանդիպման ժամանակ էր խոսել արցախյան խնդրից՝ նշելով, որ իրենք հարգում են ղարաբաղյան հարցում Ռուսաստանի ջանքերը: Չկա՞ մտավախություն, որ Բաքուն և Անկարան Արցախի հարցով հիմնական խաղացող համարում են Մոսկվային:

-Այդ ձևակերպումները միշտ էլ եղել են,  և Թուրքիան փորձում է Ռուսաստանի,  ԱՄՆ-ի, եվրոպացիների  և տարբեր միջնորդ երկրների հետ զոնդաժ անել: Թուրքիան փորձում էր  այս կերպ կորզել զիջումներ՝ ի օգուտ Ադրբեջանի: Սակայն,  դա ապարդյուն անցավ: Ամենամեծ վտանգը կայանում էր նրանում, որ հայ-թուրքական գործընթացից հետո Թուրքիան լեգիտիմ հիմք էր ստանալու արդեն պաշտոնապես տարբեր ֆորումներում քննարկել արցախյան հիմնախնդիրը,  սակայն,  բարեբախտաբար,  այս ամենը չիրականացավ:  Նրանք այլևս մեծ շանսեր չունեն, որ կարողանան հետք թողնել բանակցային գործընթացի վրա:

-Վերջին օրերին սահմանային լարվածության աճ է նկատվում: Ինչո՞վ եք պայմանավորում ադրբեջանական հերթական ագրեսիան:

Ես կարծում եմ , որ 2014 թվականից այս կողմ սահմանային լարվածությունը մշտապես առկա է,  և դա պետք չէ քաղաքական որևէ գործընթացի հետ կապել: Հիմնականում լարվածությունը սրվում է, եթե նախատեսվում են երկու երկրների նախագահների միջև հանդիպումներ, այս պահին այդպիսի հանդիպման մասին խոսք չկա,  և տարբեր օրերի սահմանային լարվածությունը որոշակի գործընթացների հետ կապել պետք չէ:

 

-Ռուս-հայկական միացյալ զորախմբի  մասին վերջին ստորագրված համաձայնագիրն ինչ վտանգներ է պարունակում հայկական կողմի համար, սովորաբար,  ցանկացած կառույցի անդամակցելիս ինչոր բան զիջում ես, ինչ-որ բան՝ստանում, ինչ ստացանք, ինչ զիջեցինք:

-Ռուս-հայկական միացյալ զորախումբն ու ստորագրված համաձայնագիրը  ընդհանուր գործընթաց է, դրանով Ռուսաստանը փորձում է ինտեգրացիոն կապերի մեջ ներքաշել  ՀԱՊԿ-ի անդամ երկրներին տարբեր ֆորմատներով՝ տնտեսական, քաղաքական և նաև անվտանգության հարցերով: Զիջելու կամ ստանալու հարցերը դրանք ավելի շատ տնտեսական դրույթներ են: Բնականաբար, մեծ պատերազմ սկսվելու դեպքում զիջումը շատ բնական պրոցես է լինելու հասկանալի պատճառներով, իսկ, եթե մեծ պատերազմ չլինի, զիջման մասին խոսք անգամ լինել չի կարող, որովհետև քո ինքնուրույնության հարցը, փաստորեն, չի վիճարկվելու: Այսինքն սրանք տեսական,  սխոլաստիկ խոսակցություններ են, որոնք կապված են երկրի իմիջի հետ: Իսկ որպեսզի մենք կարողանայինք մեր երկրի իմիջը բարձր պահել, պետք է  մեր արտաքին քաղաքականությամբ այնպիսի հարաբերություններ կառուցեինք, որ նմանատիպ խոսակցություններ չլինեին:

-Փաստորեն,  մեզ չի հաջողվում  արտաքին քաղաքականությամբ այդ հարաբերությունները կառուցել:

-Մի պահ կարողանաում էինք  բալանսավորված քաղաքականություն վարել, և քիչ թե շատ մեզ դա հաջողվում էր: Իսկ,  երբ 2011 Հայաստանը մտավ տարատեսակ խաղերի մեջ, որոնք ավարտվեցին 2013 սեպտեմբերի երեքով, բալանսավորված քաղաքականությունը դրվեց վտանգի տակ:

-Թուրքական կողմը հայտարարել է, որ Ադրբեջանին միայնակ չի թողնի, ռազմական լայնածավալ գործողությունների ժամանակ որքանով է հավանական այդ  միացյալ զորախմբի օգտագործումը թուրքերի դեմ՝ հաշվի առնելով ռուս-թուրքական ջերմ հարարբերությունները:

-Մեծ պատերազմի սկսման դեպքում միացյալ զորախումը կօգտագործվի Թուրքիայի դեմ: Եթե անգամ այդ զորախումբը չլիներ, միևնույնն է, եթե Թուրքիան ղարաբաղյան հակամարտության հարցում փորձի միջամտել,  Ռուսաստանից կստանա հակահարված:

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

 

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: