Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու Ford Explorer-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր

Dec 02, 2016 Comments Off on Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու Ford Explorer-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 MV 922 համարանիշի և Ford Explorer մակնիշի 03 ՕD 688 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Արմեն Մատինյանը մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամալել է նաև ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալի և բաժնի պետ Մխիթար Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ford Explorer մեքենայի միջից վիրավորներին դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատար Արթուր Կարապետյանի, ՃՈ 2-րդ սպայական գումարակի 2-րդ վաշտի աշխատակիցների և քաղաքացիների օգնությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվորեն են գործել նաև Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ վիրավորներին տեղում օգնություն են ցուցաբերել: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Բ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Քննիչի հանձնարարականով մեքենաները քարշակի միջոցով տեղափոխվում են ոստիկանության Արագածի բաժնի պահանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ճանապարհը անցանելի է, մերկասառույց և ձյուն չկա, իսկ տեղում փրկարարներին ավտոմեքենաները տեղափոխելու հարցում օգնում են Արագածի ճանշինի աշխատակիցները՝ ճանշինի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: