Թե չէ կրճատում, կրճատում եք….

Dec 02, 2016 Comments Off on Թե չէ կրճատում, կրճատում եք….

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում նոր հանձնարարական է տվել՝ ծրագրերի իրականացման գրասենյակների օպտիմալացման երկրորդ փուլ սկսելու մասին: Ըստ վարչապետի՝ ԾԻԳ-երի օպտիմալացման ուղղությամբ մինչ այս իրականացված աշխատանքների ընթացքում, ՀՀ կառավարությանԹորոշումներով, լուծարվեցին 5 ԾԻԳ-եր: Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարվեց մշակույթի, արտակարգ իրավիճակների և սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունների ԾԻԳ-երի լուծարման մասին: Ավելի վաղ լուծարվել էին նաև Ֆինանսների ու քաղաքաշինության նախարարությունների ԾԻԳ-երը:

Այժմ օտարերկրյա և միջազգային վարկային կազմակերպություններից ստացված վարկային միջոցներով ծրագրերն իրականացնում են 17 նմանատիպ կառույցներ, որոնցից 11-ը ԾԻԳ-եր են, մնացածը տարբեր գործառույթներ ու կարգավիճակներ ունեցող պետական մարմիններ: «Առաջարկում ենք մեկնարկել ԾԻԳ-երի օպտիմալացման հաջորդ փուլը: Հանձնարարում եմ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար պարոն Գաբրիելյանին՝ ներգրավելով ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին բանակցել օտարերկրյա և միջազգային վարկատու կազմակերպությունների հետ ԾԻԳ-երի քանակի, ինչպես նաև դրանց պահպանման ծախսերի կրճատման ուղղությամբ: Առաջարկում եմ քննարկել և նվազեցնել ԾԻԳ-երի քանակն առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը՝ մեկ երրորդով: Մենք նախնական հաշվարկել ենք. 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը, բոլոր հարակից կառույցները, բաժինները, ստորաբաժանումները նախարարություններում պետք է վերանան, փակ բաժնետիրական ընկերություններում այդ գործառույթն իրականացնող կառույցներն էլ պետք է օպտիմալացվեն»,- ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով, որ բանակցությունների գործընթացը ժամանակատար է, Կարեն Կարապետյանն առաջարկել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը:
ԾԻԳ-երրի ու պետական ապարատի օպտիմալացման քայլը, որը վարչապետ Կարապետյանը հետևողականորեն փորձում է ավարտին հասցնել, անշուշտ  կարևոր է, հատկապես որ դրանց թիվը մեր փոքր հանրապետությոն համար իսկապես շատ է: Փաստորեն նախկինում յուրաքանչյուր նախարարություն և պետական գերատեսչություն իր սուրբ պարտքն է համարել ստեղծել սեփական ԾԻԳ-ը: Որպես կանոն, հիմնական վարկային ծրագրերն ու խոշոր պետական նախագծերը իրականացվում էին հենց ԾԻԳ-երի միջոցներով: Թերևս կառավարության նախնական հաշվարկը՝ ընդամենը 5 ԾԻԳ պահելու մասով, տրամաբանական է: Հինգ ԾԻԳ-ը գուցե նույնիսկ շատ է: Բայց ամենակարևորն հարցն այստեղ ոչ թե ԾԻԳ-երի քանակը մեխանիկորեն կրճատելն է, այլ այն, թե դրա արդյունքում ինչ է շահում կամ կորցնում պետությունն ու տնտեսությունը: Օրինակ՝ որքա՞ն գումար է տնտեսվել 5 ԾԻԳ-ի կրճատման արդյունքում: Վերջնական թվեր դեռ չեն հրապարակվել, սակայն ԾԻԳ-երը միջինը 20-25 աշխատակից են ունեցել: Այս կարգի հիմնարկների զուտ պահպանման ծախսերը 65-70 մլն դրամ են կազմել /օրինակ՝ մշակույթի նախարարության ԾԻԳ-ի տարեկան աշխատավարձը, պահպանման ծախսերը. 66 մլն դրամ են կազմել/: Այսինքն՝ 5 ԾԻԳ-ի դեպքում խոսքը ընդամենը 330-350 մլն դրամի տնտեսմանն է վերաբերել: Եվ 5 ԾԻԳ կրճատելու դեպքում այդ թիվը կարող է կրկնապատկվել: Արդյունքում պետական բյուջեն կարող է պայմանական 700 մլն դրամի տնտեսում ունենալ, իսկ պետությունը՝ մոտ 200 գործազուրկ քաղաքացի:

Նախօրեին Տնտեսական պաշտպանության պետական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ գյուղատնտեսության ոլորտում պարարտանյութերի մատակարարման ծրագիրը մրցույթով անցկացնելու դեպքում պետությունը կարող էր խնայել ավելի քան 1,5 միլիադ դրամ: Եթե հաշվի առնեք, որ պարարտանյութերի ծրագիրը իրականացվում է 2012 թվականից սկսած, ապա 4 տարվա կտրվածքով պետությունը կարող էր 6 մլրդ դրամի տնտեսում ունենալ: Մամուլում հրապարակում էր եղել, որ առանց մրցույթի պարարտանյութերի ծրագիրն իրագործած «Մասիսի Բերրիություն» ընկերությունը պատկանում է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:

Ստացվում է, որ նախկին պաշտոնյան մրցույթ չհայտարարելու արդյունքում պետության հաշվին տարեկան 6 մլրդ դրամ դրել է իր գրպանը, իսկ 100 հոգու  գործազուրկի դարձնելու արդյունքում պետությունը տնտեսում է ընդամենը 350 մլն դրամ: Եթե նրա կառավարությունն իսկապես հետևողական է պետության կոպեկները հաշվելու հարցում, ուրեմն պետք է ամեն ինչ անի, որ պետությունից գրպանված 6 մլրդ դրամը վերադարձվի: Այլապես կստացվի, որ այս կառավարության գերխնդիրը ոչ թե պետության փողերը պաշտպանելն է, այլ ԾԻԳ-երին ու պետական ապարատին պատերազմ հայտարարելը:

 

Դավիթ  Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: