Օրենք՝ ամուսինների վերմակի տակ մտնելո՞ւ մասին

Nov 30, 2016 Comments Off on Օրենք՝ ամուսինների վերմակի տակ մտնելո՞ւ մասին

 

Հայաստանի կառավարության հանձնարարությամբ՝ մշակվել ու շրջանառության մեջ է դրվել «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը մշակվել է հասարակական կազմակերպությունների կողմից, շրջանառության մեջ է դրվել արդարադատության ու աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարարությունների կողմից: Այն բաժանվել է բոլոր նախարարություններին, և այժմ քննարկումներ են ընթանում: Օրենքի ընդունումը դիտարկվում է իբրև Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություն: Նոյեմբերի 25-ին, գենդերային բռնության դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում, կազմակերպվել է «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի քննարկում:

Օրինագծի նախագծի առնչությամբ ուշագրավ դիտարկում է ներկայացրել վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով  բռնության այն դեպքերին, երբ ընտանիքում  կան երեխաներ. «Այստեղ կարևոր է ԴԱՀԿ ծառայության աշխատանքը։ Անձամբ հետևողական եմ լինելու, որ օրենքի շրջանակներում անդրադառնանք նաև այս խնդրին՝ ԴԱՀԿ ծառայության միջոցով երեխայի խնամքը մի ծնողից մյուսին հանձնելու մասով։ Պարզապես այստեղ կան մի քանի պատճառներ, օրինակ, երբ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցը, տեսնելով երեխայի զգայական վիճակը, պարզապես չի կարողանում կատարել իր ծառայողական պարտականությունները։ Բայց մենք առաջնորդվելու ենք օրենքով՝ դատարանի՝ ուժի մեջ մտած որոշումը պետք է կատարվի՝ անկախ նրանից՝ կլինեն գոռգոռոցներ, ծանր հոգեբանական իրավիճակներ, թե ոչ»,-հայտարարել է Վարդևանյանը՝ նշելով, որ արդեն երկու երեխայի դեպքով կարողացել են կարգավորել իրավիճակը։

Ի տարբերություն հայ պաշտոնյայի՝ քննարկմանը ներկա՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուըրթն ավելի հանդուրժողական գնահատական է հնչեցրել հայ հասարակությունում առկա ընտանեկան բռնությունների դեպքերի մասին. «Ինձ ասել են, թե բռնությունը հայկական մշակույթի մի մասն է, որ տղամարդիկ ցույց տան իրենց ուժը կանանց և աղջիկների նկատմամբ։ Բայց, հաշվի առնելով վիճակագրությունը, ըստ որի՝ Հայաստանում կանանց 2/3-ը բռնության չի ենթարկվում, կարծում եմ, որ դա բոլորովին էլ մշակույթի մաս չի կազմում և ընդունելի չէ»,- հայտարարել է դեսպանը:

Դեռևս չընդունված օրենքը քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում.  ոմանք գտնում են, որ այս օրինագիծը նպատակ ունի խարխլել ավանդական հայկական ընտանիքը, որն ընկած է մեր ազգի կենսունակության հիմքում, ոմանք էլ  հակառակ կարծիքի են և գտնում են, որ օրինագիծը խիստ անհրաժեշտ է:

Armtimes.com-ին հաջողվել է գտնել օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որում սահմանվում է, թե որն է ընտանեկան բռնությունը: Ըստ այդմ՝ ընտանեկան բռնություն է համարվում «ընտանիքի մեկ անդամի կողմից մյուս անդամի կամքին հակառակ վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը կամ նրան սեռական հարաբերության հարկադրելը»: Օրենքի փաթեթում լինելու է նաև «Քրեական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծ, որով այս դրույթը խախտելու համար նախատեսվելու է ազատազրկում:

Այլ կերպ ասած՝ եթե կինը որոշի դիմել իրավապահներին և հայտարարել, թե, օրինակ, ամուսինը իր հետ հարկադրաբար սեռական գործողություն է ունեցել, ապա ամուսինը կարող է հայտնվել ճաղերի հետևում:

Օրենքի նախագծով՝ ընտանեկան բռնություն են համարվում նաև երեխայի ներկայությամբ ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի նկատմամբ, վերջինիս կամքին հակառակ, դիտավորությամբ ցանկացած բռնության գործադրումը, որը երեխային հոգեկան տառապանք է պատճառել: Այս կարգի բնորոշումները հայ հասարակության համար ոչ միայն անհասկանալի ու խորթ են, այլ մի տեսակ դժվար է պատկերացնել դրանց կիրարկումը:

Ստացվում է, որ իբրև միջազգային պարտավորություն մեր իշխանությունները փորձում են օրենքի ուժով կարգավորել ընտանեկան հարաբերությունները, մի բան, որը դարերով իրագործվել է ավանդույթների միջոցով: Ընդ որում, հայ ընտանիքի ձևավորման ավանդույթները բռնել են ժամանակի քննությունը, և շատուշատ եվրոպական երկրներ այս առումով կարող են տեղայնացնել մեր փորձը: Դեռևս խորհրդային ժամանակներից ժառանգած Ընտանեկան օրենսգիրքը բազմաթիվ հարցերի պատասխաններ տվել է՝ կարգավորելով, օրինակ, փոխհարաբերությունները ամուսնալուծությունների ժամանակ:

Գուցե այստեղ կա բարելավումների անհրաժեշտություն: Բայց ներկայացված օրինագիծը, սկսած վերնագրից, դեմ է հայկական ընտանիքի գաղափարախոսությանը: Եթե մենք ընդունում ենք օրենք ընտանեկան բռնության մասին, նշնակում է ընդունում ենք, որ կա ընտանեկան բռնություն: Մինչդեռ անգամ բրիտանացի դեսպանն է զգացել, որ տեղական ՀԿ-ները խտացրել են գույները՝ հավանաբար այդ նույն միջազգային կառույցներին ապացուցելու համար, թե իրենք Հայաստանում զվաղված են ընտանիքները  բռնություններից փրկելու սուրբ գործով և այդ վեհ նպատակի համար անպայման պետք է մտնեն ամուսինների վերմակի տակ:

Դավիթ Մանուկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: