Հաստատվել է Վրաստանի նոր կառավարության կազմը

Nov 27, 2016 Comments Off on Հաստատվել է Վրաստանի նոր կառավարության կազմը

Վրաստանի խորհրդարանը շաբաթ երեկոյան հաստատել է կառավարության նոր կազմը` «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, համապատասխան հրամանագիրն ստորագրել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն` հավելելով, որ այսօր ևեթ այն կուղարկի նախագահի վարչակազմ: Նախարարների նոր կազմը Կվիրիկաշվիլին ներկայացրել էր երեքշաբթի:

Նոր ձևավորված կազմում իրենց տեղերը պահպանել են Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն և պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

Պատգամավորական մանդատ ստացած Կախա Կալաձեն վերադարձել է էներգետիկայի նախարարի և փոխվարչապետի պաշտոնին: Եվրաինտեգրման հարցերով պետնախարարի պաշտոնում նշանակվել է պատգամավոր Վիկտոր Դոլիձեն:

Ֆիննախարարի պաշտոնում նշանակվել է մինչ այդ էկոնոմիկայի նախարարի պաշտոնն զբաղեցրած Դմիտրի Կումսիշվիլին, իսկ էկոնոմիկայի նորանշանակ նախարարն է նախկին փոխնախարար Գեորգի Գախարիան:

Խորհրդարանի նոր կազմի հաստատմանը կողմ է քվեարկել 150-ից 110 պտգամավոր, դեմ` 19:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: