Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. սոցիալապես անապահով ընտանիքը, այդ թվում՝ անչափահաս երեխաներ, հայտնվել են փողոցում

Nov 27, 2016 Comments Off on Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. սոցիալապես անապահով ընտանիքը, այդ թվում՝ անչափահաս երեխաներ, հայտնվել են փողոցում

Նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Գեղամասար գյուղի գերեզմանատան մոտ գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև Վարդենիսի ոստիկանության օպերատիվ խումբը: Հրշեջները գյուղացիների օգնությամբ մեծ դժվարությամբ փորձել են նախ կրակի տարածումը կանխել, ինչից հետո մարել առաջացած հրդեհը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տունը, որը գտնվում էր նշված գյուղի 12-րդ փողոցում, պատկանում է Գուրգեն Պետրոսյանին, ով սոցիալապես անապահով է, խնամքին ունի անչափահաս երեխաներ և արդեն քանի օր է՝ գիշերում է հարևանների տանը: Հուսով ենք, որ հրապարակմանը օպերատիվ կարձագանքի Գեղարքունիքի մարզպետը և օգնության ձեռք կմեկնի իրոք սոցիալապես վատ պայմաններում գտնվող և օգնության կարիք ունեցող ընտանիքին:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: