Մեզ համար անհասկանալի է միավորում հանուն միավորման մոտեցումը.Մասիս Այվազյան

Nov 26, 2016 Comments Off on Մեզ համար անհասկանալի է միավորում հանուն միավորման մոտեցումը.Մասիս Այվազյան

Հարցազրույց Ազատ դեմոկրատներ կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանի հետ:

Պարոն Այվազյան, վերջին շրջանում մամուլը շատ է խոսում առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր դաշտի համախմբման մասին, քննարկվում են տարբեր կոնֆիգուրացիաներ, միավորման տարաբնույթ ձևաչափեր: Ազատ դեմոկրատներ կուսակցության համար միավորումների ո՞ր ձևաչափն է ընդունելի՝ միվորում գաղափարական հենքի վրա, թե՞ զուտ իշխանությանը հակակշիռ ստեղծելու նպատակով:

Ազատ դեմոկրատներ կուսակցության համար միանշանակ է, որ ցանկացած միավորում պետք է գաղափարական հենքի վրա լինի: Ազատ դեմոկրատների  համար անհասկանալի է միավորում հանուն միավորման մոտեցումը: Չէի ուզենա կոպիտ լիներ իմ դիրքորոշումը, սական կարծում եմ չափազանց արհեստական են լինելու այն միավորումները, որտեղ մեկ դրոշակի տակ կհավաքվեն ՀՀ զարգացման, ՀՀ ներքին խնդիրների լուծման և աշխարհաքաղաքական ուղղվածության առումով արմատապես տարբեր մոտեցումներ ունեցող քաղաքական ուժեր: Այս տարիների ընթացքում մենք անընդհատ խոսել ենք մեր որդեգրած սկզբունքների մասին, դրանք անշեղորեն առաջ ենք տարել ու այժմ էլ՝ խորհրդարանական ընտրությունների շեմին դրանք մեզ համար կարևոր են ու քաղաքական տարբեր ուժերի ու անհատների հետ քննարկումներում դրանք հիմնաքարային են: Մենք նշել ենք, որ նպատակ ունենք 2017 թ-ի ԱԺ ընտրությունների մասնակցել լայն կոնսոլիդացիա ապահովող ցուցակով, որում ներգրավված կլինեն մեր գաղափարները կիսող քաղաքական ուժեր ու անհատներ։

Իսկ արդեն իսկ որոշակիություն կա՞, թե ովքեր կլինեն Ազատ դեմոկրատների հետ: Այդքան քննարկվող բանակցությունները քաղաքական ուժերի միջև ե՞րբ է հասնելու վերջնակետի:

Որոշակիության մասին դեռևս վաղ է խոսել, քանզի այս պահին ընթանում են քննարկումներ և քաղաքական կոնսուլտացիաներ: Կարծում եմ տարեսկզբին նոր հնարավոր կլինի խոսել ինչ-ինչ արդյունքների մասին և կլինեն հստակեցումներ:

Հանրապետական Արտակ Դավթյանն օրերս հայտարարեց, որ ՀՀԿ-ն Հայաստանի հայելին է: Եթե այդպես է, կարո՞ղ ենք ասել, որ ՀՀԿ համագումարը հայաստանյան քաղաքական կյանքում կարևոր իրադարձություն է:

Հայաստանի մասին ես ավելի լավ կարծիք ունեմ, ու կարծում եմ, որ ՀՀ քաղաքացին է Հայաստանի հայելին, ու պետք է քաղաքական ուժերն անեն ամեն ինչ, որպեսզի բարեկեցիկ կյանք ապահովեն ՀՀ քաղաքացու համար: ՀՀ քաղաքացին մեր ամենամեծ կապիտալն է ու բոլորիս նպատակը պետք է լինի աշխատել ի բարօրություն Հայաստանի ու ՀՀ քաղաքացու: ՀՀԿ համագումարն էլ հերթականն է և հետաքրքիր է այնքանով, որքանով առաջիկայում ընտրություններ են: Իսկ նախընտրական շրջանում բոլոր քաղաքական ուժերի համագումարներն էլ հետաքրքիր են դառնում: ՀՀԿ համագումարը կարող էր հետաքրքիր լինել, եթե արմատական և անակնկալ փոփոխություններ սպասվեին, սակայն արդեն իսկ իրենք էլ հայտարարել են սպասվելիք փոփոխությունների մասին և կարծես թե արտառոց ոչինչ չի լինելու: Իսկ վարչապետի և մի քանի նախարարների ՀՀԿ անդամագրումն էլ սպասելի էր, քանզի առաջին անգամը չէ, որ տեսնում ենք դրսից բերված կադրեր, որոնք շատ արագ համալրում են ՀՀԿ շարքերը՝ նրանք այլ ճանապարհ չեն էլ կարող ունենալ:

Սոնա Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: