Չի կարող վարչապետի վարկանիշն ավելի բարձր լինել, քան նախագահինը. ՀՀԿ պատգամավոր  

Nov 25, 2016 Comments Off on Չի կարող վարչապետի վարկանիշն ավելի բարձր լինել, քան նախագահինը. ՀՀԿ պատգամավոր  

 

«Ես ընդհանրապես էդ տեսակի հարցումների նկատմամբ վստահություն չունեմ և դրանց լուրջ նշանակություն չեմ տալիս: Ինձ համար Gallup-ի հարցումները չափանիշ չեն»,- hayeli.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Gallup International association-ի վերջին հարցումներին, ըստ որի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի վարնակիշն ավելի բարձր է, քան նախագահ Սերժ Սարգսյանինը, հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

«Ես չեմ ուզում համեմատել նախագահի վարկանիշը վարչապետի վարկանիշի հետ. ես կարծում եմ, որ նախագահի վարկանիշն ավելի բարձր է: Բացի այդ՝ վարչապետի վարկանիշի բարձր միավորները  ձևավորվել են իշխանության և մեր կուսակցության վարկանիշի արդյունքում, որովհետև Կարեն Կարապետյանը մեր կուսակցության առաջադրած թեկնածուն է: Վարչապետը, ինչպես գիտեք, գործադիր իշխանության ղեկավարն է, և այդ իմաստով չի կարող որևէ գործադիր իշխանության որևէ բարձր պաշտոնյա ունենալ շատ բարձր վարկանիշ, եթե իշխանությունը ունի ցածր վարկանիշ: Նման բան ուղղակի չի կարող լինել: Այնպես էլ, եթե հասարակության մեջ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը, ըստ այդ հարցումների, 57 տոկոսով դրական է գնահատվում, դա  առաջին հերթին իշխանության գործունեության գնահատականն է, որովհետև կառավարությունը իշխանության մի մասն է: Ամեն դեպքում վատ չէ, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը բարձր է. դա նշանակում է, որ բարձր է նաև իշխանության՝ առաջին հերթին նախագահի վարկանիշը, որովհետև վարչապետը նրա կողմից է առաջադրվել: Չի կարող վարչապետի վարկանիշը բարձր լինել, նախագահինը՝ ցածր կամ վարչապետի վարկանիշը ավելի բարձր լինել, քան նախագահինը. այս երկու վարկանիշները չի կարելի մեկը մյուսին հակադրել կամ դիտարկել առանձին-առանձին»,- մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց Լեռնիկ Ալեքսանյանը:

Դիտարկմանը, թե զարմանալի չէ՞, որ քաղաքական հայտնի իրադարձություններից ու ԲՀԿ-ի հետ կապված այդքան անցուդարձից հետո անգամ Gallup-ի հարցումները ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի վարկանիշների միջև ընդամենը 1 տոկոսի տարբերություն են արձանագրել /ՀՀԿ-19,5 տոկոս, ԲՀԿ-18,4 տոկոս/, ՀՀԿ պատգամավորը նկատեց. «Ոչ միայն զարմանալի է, այլ նաև վստահելի չէ: Ես չգիտեմ՝ այդ հարցումները ինչպես են կատարվում: Շատ դեպքերում մի կազմակերպության իրականացրած հարցումները մի արդյունք են արձանագրում, մեկ այլ կազմակերպությանը՝ բոլորովին այլ: Ինձնից լավ գիտեք, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ով է դրա պատվիրատուն»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ առաջիկա համագումարին, ապա Լեռնիկ Ալեքսանյանը համոզված է, որ կուսակցության նախագահ միանշանակ վերընտրվելու է Սերժ Սարգսյանը, իսկ Կարեն Կարապետյանը, ով արդեն հայտարարել է կուսակցությանն անդամագրվելու մասին, նույնպես ՀՀԿ-ում կարևոր դերակատարում կունենա. «Կընտրվի՞ արդյոք Կարեն Կարապետյանը փոխնախագահ, թե՞ ոչ՝ կորոշի կուսակցությունը»,- նշեց ՀՀԿ պատգամավորը: Նրա խոսքով՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ցուցակի հետ կապված հարցեր կուսակցությունում դեռ չեն քննարկվել. «Այդ քննարկումները կլինեն համագումարից հետո: Համագումարի ժամանակ սպասվում են կառուցվածքային, կանոնադրական և ծրագրային լուրջ փոփոխություններ՝ քաղաքական դաշտի փոփոխություններին համահունչ»: Հարցին, թե համագումարից հետո կլինե՞ն նեղացածներ, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Անհատ մարդիկ, բնականաբար միշտ էլ կարող են ինչ-որ անձնական խնդիրներ ունենալ, նեղանալ կամ չնեղանալ: Նման բաներ միշտ էլ լինում են, բայց նեղացվածությունը քաղաքական կատեգորիա չէ»:

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: