Հակոբ Ավետիքյան. «Մենք պետք է ձգտենք «մեկ հարց ունեցող» ժողովրդից վերածվել բազմաթիվ հարցերի մասնակից ժողովրդի»

Nov 24, 2016 Comments Off on Հակոբ Ավետիքյան. «Մենք պետք է ձգտենք «մեկ հարց ունեցող» ժողովրդից վերածվել բազմաթիվ հարցերի մասնակից ժողովրդի»

«Հայելի» մամուլի ակումբում Ամերիկայից նոր ժամանած Հակոբ Ավետիքյանը խոսեց տեղի նախագահական ընտրությունների, Հայաստանի վրա դրանց ազդեցության և Ամերիկայի հայ համայնքի մասին:

Հակոբ Ավետիքյանի կարծիքով ռուս-ամերիկյան հարաբերություններից  ինչ-որ տեղ բխում են նաև հայ-ամերիկյան հարաբերությունները, քանի որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության գոտու մեջ, սակայն իր հերթին միշտ վարում է այնպիսի քաղաքականություն, որ երկուստեք շահերը պաշտպանված լինեն:

Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչու երկու թեկնածուներից ոչ ոք չեն պատասխանել Ամերիկայի հայ համայնքի հարցերին, Հակոբ Ավետիքյանն ասաց, որ պատճառն այն «մեկ հարցն է», որը հայերը միշտ սիրում են առաջ քաշել:

«Տարբեր ազգերի ներկայացուցիչներ միշտ հայտնել են իրենց մտահոգությունները և ես գրել եմ դրանց մասին: Նրանք որպես մեղադրանք միշտ կրկնում են՝  «Դուք մեկ հարց ունեցող ժողովուրդ եք»: Այդ հարցը ցեղասպանության հարցն է, որը մենք միշտ առաջ ենք քաշում: Եթե մենք մեր  մասնակցությունը չենք ունենում այլ՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական հարցերում, նշանակում է, որ մենք չենք կարող նաև որևէ հարց առաջ քաշել: Հարկավոր է մտնել տեղական քաղաքականության մեջ, որպեսզի հնարավորություն ստեղծվի առաջ տանել համազգային քաղաքականությունը: Մենք պետք է ձգտենք «մեկ հարց ունեցող» ժողովրդից վերածվել բազմաթիվ հարցերի մասնակից ժողովրդի»,- ասաց Հակոբ Ավետիքյանը:

Նա հիշեց ամերիկյան մի ասացվածք՝ «Բոլոր քաղաքականությունները տեղական են» և հավելեց, որ եթե յուրաքանչյուրը կարողանա տեղի քաղաքականության մեջ լծակ դառնալ, ապա կկարողանա նաև առաջ քաշել իր հարցերը: Ըստ նրա՝ հիմա մեր գլխավոր հարցը Հայաստանը շրջափակումից ազատելու հարցն է, ինչն արդարացված պահանջ է և չի կարող անտեսվել ոչ ոքի կողմից:

Հակոբ Ավետիքյանի խոսքով մենք պետք է կարողանանք օգտվել այս առիթից և ստեղծենք բարեկամական հարաբերություններ նոր «կաբինետի» հետ:

Տաթևիկ Թահմազյան

 

Ասուլիս, Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: