«Կարեն Կարապետյանը կարող է փոխել մարդկանց վերաբերմունքը ՀՀԿ-ի նկատմամբ». Գառնիկ Իսագուլյան

Nov 16, 2016 Comments Off on «Կարեն Կարապետյանը կարող է փոխել մարդկանց վերաբերմունքը ՀՀԿ-ի նկատմամբ». Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ  Գառնիկ Իսագուլյանի հետ զրուցեցինք Հայաստանի ներքաղաքական գործընթացների, Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի ու այլ հարցերի շուրջ:

Պարոն Իսագուլյան, 2017-ի խորհրդարանական ընտրություններին քիչ է մնացել ու գնալով մեծանում է ընդդիմադիրների թիվը, որոնք հայտարարում են միասնական ճակատի ձեւավորման անհրաժեշտության մասին: Կհաջողվի այժմ այդպիսի ձեւաչափով հանդես գալ ու առհասարակ, որ դեպքերում  է հնարավոր եղել ընդդիմադիրների միասնականություն:

-Մեր նորագույն պատմության ընթացքում, ցավոք սրտի, նման միավորում եղել է 1996 թվականին, նախագահական ընտրությունների ժամանակ միավորումը եղավ Վազգեն Մանուկյանի թեկնածության շուրջ, հետո նման համախմբում ընդդիմադիր դաշտում երբեւէ չի եղել:Այն ժամանակ ընդդիմադիր ուժերի թիվը մեծ չէր, ու բացի դրանից ուժերը ղեկավարում էին անձինք, որոնք կանգնած էին 88-ի շարժման հիմքում ու փորձառություն ունեին:Դրանից հետո մենք ընդդիմադիր դաշտի միավորում որեւէ ըտրությունում չենք տեսել: Եղավ եւս մեկ միավորում՝ կապված ոչ թե ընտրությունների, այլ ներքաղաքական վիճակի հետ, խոսքը քառյակի, ապա եռյակի մասին է, այդ ժամանակ էլ ամեն ինչ պայմանավորված էր ոչ այնքան քաղաքական ուժերի հասունությամբ,վճռականությամբ, այլեւ անձով՝ Գագիկ Ծառուկյանով: Անշուշտ, այդ միավորումը չէր ներառում բոլոր քաղաքական ուժերին, կամ մեծ մասին, բայց քաղաքական ազդեցության, հետագա գործողությունների դեպքում  այն նշանակալի կլիներ: Սակայն դա տեղի չունեցավ: Այնպես որ գալիք ընտրությունների հետ կապված պետք է ասել, որ տեսանելի չէ, թե նոր ձեւավորվող շարժումները, կամ գործող ուժերը կհամատեղվեն:

-Տեղեկություններ ունենք, որ ամենաանհավանական ուժերն են այս օրերին հանդիպում-քննարկում առաջիկա ընտրություններին դաշինք ձեւավորելու հարցը, ուժեր, որոնք ժամանակին իրար վրա  ցեխ էին շպրտում, հիմա նստում են կողք-կողքի՝ Համախմբում, Ազատ դեմոկրատներ, Քաղաքացիական պայմանագիր եւ այլն:

-Գիտեք, միմյանց հետ քննարկել, հարցեր առաջ  քաշելը միշտ էլ լինում են, ես էլ եմ շատ շատերի հետ հանդիպել, հանդիպում, բայց ես չեմ կարծում, որ այսօրվա քննարկումները միտված են կամ կարող են հանգեցնել միասնական ճակատով հանդես գալուն: Աստված տա, որ նման հնարավորություն առաջանա և մենք կարողանանք միասնական ճակատ ունենանք իշխանության դեմ պայքարելու, բայց դա տեղի չի ունենա:

-Ի՞նչն է պատճառը:

-Ես կարծում եմ՝ բացառապես ամբիցիաները, մարդիկ, որոնք հայտարարում են, թե ես եմ միակ ընդդիմությունը ու գործող իշխանություններին այլընտրանք:

-Այդ միակ ընդդիմությունն էլ է հիմա քննարկումների մեջ:

-Արդյոք այդ հանդիպումները կբերեն նրան, որ իրենք չեն միակ ընդդիմությունը ու բոլոր նրանց հետ, ում խոսում են եւս ներկայացնում են ընդդիմադիր դաշտը, ու կարող են առանց տեղերի կռվի, հանուն գաղափարի միավորվել ու փոխել ընտրությունների բովանդակությունը:

-Պարոն Իսագուլյան, Սերժ Սարգսյանի վերջին կադրային փոփոխությունները տպավորություն են ձեւավորել, որ իշխանությունը պատրաստվում է այն սահուն փոխանցել Ռոբերտ Քոչարյանին, ասպարեզ են դուրս բերում այսպես կոչված քոչարյանական կադրերին՝ Արմեն Գևորգյան, Ալիկ Հարությունյան և այլք:

-Ես էլ իմ ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում նման պիտակավորումներ եմ ստացել, Քոչարյանի իշխանության ժամանակ Սերժ Սարգսյանի  մարդը ապարատում և հակառակը:Բայց այդ ձևակերպումները անհիմն են, անտեղի: Մարդը ֆունկցիոներ է, լավ է աշխատում պետական համակարգում և նախագահը եթե նպատակահարմար է գտնում, առաջարկում է ու շարունակվում է աշխատանքը: Պետք է ասեմ, որ վերջին փոփոխություններին շատ դրական եմ վերաբերվում ու չեմ համարում նախընտրական խայծ:Ես տեսնում եմ անկեղծ ցանկություն տեղից շարժելու այն վիճակը, որն առկա էր մինչեւ հիմա ու եթե տեսնում եք նոր կառավարությունը այդ առումով շատ խիստ տարբերվում է նախորդներից:

Ինչո՞վ, բացի  ականջհաճո խոսքերից, ի՞նչ անում:

-Ոչ թե դեկլարատիվ հայտարարություններ է անում, այլ հայտարարության ամեն որոշմանը, առաջարկին հստակ անդրադարձ է  արվում, հետամուտ են լինում, թե կոնկրետ խնդրի դեպքում ինչ աշխատանքներ են արվել:Կարեն Կարապետյանը անկաշկանդ գնահատականներ է տալիս նույնիսկ իր նշանակած կադրերի սխալ արտահայտություններին, ինքը չեմ կարծում, թե կաշկանդված է փաստով, որ պաշտոնների է նշանակել իր իմացած անձանց ու եթե իրենց չարդարացնեն, կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը լոյալ է լինելու:

-Այս օրերին շրջանառվում է, որ Կարեն Կարապետյանը մոտ օրերս կանդամակցի ՀՀԿ-ին, ճիշտ որոշում կլինի դա:

-Գիտեք, ես չեմ ուզում այդ կարգի խնդիրների մեջ խորամուխ լինել ու ասել, թե որն է ճիշտ, հիմա կարեւորը գործունեությունն է, որ պետք է իրականացվի, թե սոցիալ-տնտեսական, թե ներքաղաքական եւ այլ ցուցանիշները Հայաստանում կունենան դրական միտումներ: Կանդամակցի նա, թե կմնա անկուսակցական, բացառապես իրենց ներքին խնդիրներն է, բայց չեմ կարծում, թե դա որոշակի բան կարող է փոխել:

Ինչպե՞ս չի փոխի, հանրությունը առանձնապես չի համակրում ՀՀԿ-ին:

-Հանրությունը միշտ նայում է գործունեությանը. Եթե ՀՀ ցանկացած քաղաքացի իր սոցիալական վիճակի մեջ տեսնի փոփոխություն դրական, հավատացեք ցանկացած մեկի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի: Ես ներողություն եմ խնդրում, բայց լուսահոգի Կարեն Սերոբիչին մի մոռացեք 88-ի հրապարակից ոնց նրան ճանապարհեցին և այդ նույն հրապարակը հետո ոնց  նրան ընդունեց: Իհարկե, կար նոստալգիկ տրամադրություն եւ այլն: Հիմա, եթե Կարեն Կարապետյանին հաջողվի իրականացնել այդ փոփոխությունները, իսկ նրան անսահման հնարավորություն է Սերժ Սարգսյանը տվել ու բարելավի բոլոր ցուցանիշները, մարդկանց վերաբերմունքը ՀՀԿ-ի նկատմամբ կփոխվի:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: