Չավուշօղլուն երկերեսանիության մեջ է մեղադրել Մարտին Շուլցին

Nov 14, 2016 Comments Off on Չավուշօղլուն երկերեսանիության մեջ է մեղադրել Մարտին Շուլցին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին մեղադրել է երկակի չափանիշների կիրառման և երկերեսանիության համար։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Շուլցը հայտարարել է, որ Եվրամիությունը միջոցներ կձեռնարկի Թուրքիայի դեմ՝ այդ երկրում մահապատժի վերականգնման դեպքում։ Նա անգամ սպառնացել էր Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցմամբ: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:

«Եթե այդքան ուժ ունեք` դադարեցրե՛ք ԵՄ անդամ երկրների տարածքում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման գործունեությունը»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ այս հարցում նրանք, «ինչպես միշտ», տեսնում են ԵՄ-ի և, մասնավորապես, Եվրախորհրդարանի նախագահի երկերեսանիությունը:

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ավելի վաղ իր մտահոգությունն էր հայտնել Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների ձերբակալությունների առնչությամբ։

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: