Կներեք, բայց ես կասկածներ ունեմ. ԲՈՀ-ի նախագահը՝ 70 տարեկանից հետո վարչական պաշտոնների սահմանափակման մասին

Nov 14, 2016 Comments Off on Կներեք, բայց ես կասկածներ ունեմ. ԲՈՀ-ի նախագահը՝ 70 տարեկանից հետո վարչական պաշտոնների սահմանափակման մասին

ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը կառավարության՝ գիտության ոլորտի նոր ծրագրի կետերից մեկի առնչությամբ, ըստ որի՝ վարչական պաշտոններ զբաղեցնելու առավելագույն տարիքը սահմանվում է 70 տարեկանը, ունի վերապահում: «Որպեսզի ես կարողանամ հստակ ասել՝ ճիշտ է այս որոշումը, թե ոչ, ես պետք է իմ ձեռքի տակ ունենամ համապատասխան վերլուծություն: Իսկ նման վերլուծություն այս պահին չկա: Ես ուզում եմ հարցնել այս որոշման հեղինակներին՝ եթե բոլոր ռեկտորները, դեկանները, ամբիոնների վարիչները, պրոռեկտորները, որոնց 70 տարին լրացել է, հեռացվեն, մենք ունենալո՞ւ ենք արժանի փոխարինողներ: Կներեք, բայց ես լուրջ կասկածներ ունեմ: Մենք, որ էդպես միանգամից բոլորին հանենք, ո՞վ է փոխարինելու: Պետք է կոնկրետ թվային հաշվարկների վրա հիմնված վերլուծություն արվի՝ նախ արդյո՞ք  ունենք փոխարինողների այդպիսի հզոր պոտենցիալ, և երկրորդ՝ այս փոխարինողը կարո՞ղ է ապահովել գոնե նույն մակարդակը: Առանց լուրջ վերլուծության՝ նման քայլի չի կարելի գնալ»,- hayeli.am-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Արզումանյանը:

Որպես իր ասածի ապացույց՝ տիկին Արզումանյանը վկայոկոչեց այն փաստը, որ երբ իրենք մասնագիտական խորհուրդների վերջին փոփոխությունների ժամանակ սահմանափակում են մտցրել, թե յուրաքանչյուր գիտնական կարող է ներգրավվել միայն մեկ գիտական խորհրդում, կանգնել են լուրջ փաստի առաջ: «Մենք միկրոսկոպով են պեղել գիտությունների թեկնածուների, որոնք վերջին 5 տարում 10 գիտական հոդված են գրել, դժվարությամբ ենք գտել դոկտորների, ովքեր վերջին 5 տարում 5 գիտական հոդված են գրել, այսինքն՝ դրանք այնքան էլ շատ չեն»,- նշեց Լիլիթ Արզումանյանը: Մեր այն դիտարկմանը, թե եթե ԲՈՀ-ին հաջողվել է 150 մասնագիտական խորհրդի նախագահ գտնել /մասնագիտությունների ցանկի վերանայումից հետո 150 մասնագիտական խորհուրդ է ձևավորվել. համաձայն նոր կարգի՝ կա նաև սահմանափակում, նույն մարդը չի կարող մեկից ավելի խորհրդում ընդգրկված լինել-խմբ./, ուստի հնարավոր կլինի նաև վարչական պաշտոնների համար թեկնածուներ գտնել, Լ. Արզումանյանը նկատեց. «Չեմ վիճում, գուցե և հնարավոր է, բայց դրա համար լուրջ և փաստարկված վերլուծություն է պետք, որն այսօր չկա»:

Տիկին Արզումանյանը նաև անընդունելի է համարում գիտության ներկայումս գոյություն ունեցող երկաստիճան համակարգի վերացումը և անցումը միաստիճան գիտական համակարգին: Նման շրջադարձային որոշում կայացնելու պարագայում գիտությունների բոլոր թեկնածուները դառնալու են դոկտորներ, իսկ դա, Լիլիթ Արզումանյանի խոսքով, կնշանակի քանդել համակարգը. «Մենք տարեկան 500 թեկնածուական ատենախոսություն ենք ուղարկում պաշտպանության, բայց դոկտորի կոչում շնորհում ենք միջինը 40 հոգու: Հիմա եթե վերցնենք ու միանգամից բոլորին դոկտոր դարձնենք, մենք ուղղակի գիտությամբ զբաղվողին և չզբաղվողին կդնենք նույն հարթության վրա: Մեր այսօրվա համակարգը  եվրոպական չափանիշներին արդեն իսկ համադրելի է. եթե մեր գիտնականները կարողանում են տարբեր երկրներում և՛ աշխատել, և՛ դասավանդել, ուրեմն համադրելի ենք: Բացի այդ՝ եվրոպական 8 երկրներում, ներառյալ զարգացած գիտություն ունեցող Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Շվեյցարիան, երկաստիճան գիտական համակարգ է։ Ռուսաստանում նույնպես երկաստիճան համակարգ է։ Մենք ինչո՞ւ ենք ուզում նման քայլի գնալ, ինչ է, որոշ մարդկանց դուր չի՞ գալիս թեկնածու բառը, որոշել են միանգամից դոկտո՞ր դառնալ: Իրականում գիտությամբ զբաղբում են այն մարդիկ, ովեքր դոկտոր են դառնում, ինչ է, ուզում ենք այդ օղա՞կն էլ քանդել»,- հարցը կարևորեց Լ. Արզումանյանը՝ հավելելով, որ ինքը ստույգ տվյալներ ունի, որ գիտական հանրությունը կատեգորիկ դեմ է նման նորամուծությանը:

Տիկին Արզումանյանը չցանկացավ անդրադառնալ վերջերս մամուլում մեծ արձագանք գտած այն պատմությանը, թե կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իր նկատմամբ ճնշում է եղել բեկանված դոկտորականներից մեկի առնչությամբ: «Նման դեպքեր միշտ ել լինում են, բայց մենք մեր գործն ենք անում»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ կոնկրետ պատմությունների և անունների չի ուզում անդրադառնալ, սակայն ԲՈՀ-ը երեք տարվա մեջ մասնագիտական խորհուրդներին վերադարձրել է 240 աշխատանք, որից 84-ը արտագրություն է եղել. «Արտագրում է այն մարդը, ով նախ բարախիղճ չի, չգիտի, որ արտագրությունը գողություն է, նաև նրանք, ովքեր գրում են իբր նոր աշխատանք, բայց իրենց նախկին գրածներից քոփի- փեստ անում, դնում են: Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ցավոք, մեր որոշ գիտնականներ ավելի պատասխանատու են վերաբերում իրենց գրածի որակին, երբ, ասենք, փողով ինչ-որ պաշտոնյայի կամ մեծահարոստի համար թեզ են գրում: Հավանաբար նրանցից վախենում են:  ԲՈՀ-ը, ինչքան կարողանում, պայքարում է այս երևույթների դեմ, բայց այստեղ շատ կարևոր է նաև գիտական հանրության ինքնագիտակցությունը: Հասարակությունն ինքն էլ չպիտի ընդունի կեղծ գիտնականներին, նա պիտի իր մեջ ուժ գտնի՝ վանելու այդպիսիներին: Գիտնական լինելը ավելի կարևոր բան է, քան թեկնածուի կամ դոկտորի վկայագիր ունենալը: Մենք արտերկրում աշխատող բազմաթիվ հայ գիտնականներ ունենք, որոնց վերաբերյալ ժամանակ առ ժամանակ հարցում ենք ստանում, թե արդյո՞ք մենք ենք շնորհել թեկնածուի կամ դոկտորի կոչումը: Բայց վկայագրի վերաբերյալ հարցում ուղարկելուց առաջ  արտասահմանում նախ գիտնականին են ընդունում, նրա գրած հոդվածներն ու տված արդյունքներն են հաշվի առնում, հետո նոր միայն վկայագիր պահանջում: Սա մտածողության խնդիր է»,- նշեց ԲՈՀ-ի նախագահը:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: