Գողերին բռնեք, ոչ թե գումար ուզեք

Nov 14, 2016 Comments Off on Գողերին բռնեք, ոչ թե գումար ուզեք

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքի կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ նոր օրենսդրական փաթեթը, որի շրջանակներում նախատեսվում է, որ յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ 2017թ հունվարի 1-ից 1000 դրամ է վճարելու հատուկ այդ նպատակով ստեղծվող հիմնադրամին, հարուցել է հանրության՝ շարքային քաղաքացինրի զայրույթը:Ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով Հայաստանի կենսամակարդակի, տնտեսական վիճակի ու իր խոսքով՝ արհեստածին գնաճի պայմաններում 1000-ական դրամների գանձումը պարզապես անթույլատրելի է.<<Գնաճն արհեստածին է, որովհետեւ մոնոպոլիստական կապիտալիզմն աստիճանաբար լքում է Հայաստանի տարածքը, տա Աստված, որ ընդմիշտ հեռանան, դա միայն բարերար ազդեցություն է ունենալու քաղաքացիներիս վրա, նրանց բեռը կթեթեւանա: Թերեւս սա է այդ արհեստածին գնաճի պատճառը, որպեսզի ցույց տան, թե այդ քաղաքականությունը արդյունք չի տալիս, իսկ մենք համոզված ենք, որ կտա, նրանք այդքան դիմանալ չէին կարող եւ արհեստականորեն գներն են բարձրացնում, ինչեւէ>>, նկատեց Գուրգեն Եղիազարյանը: Նրա խոսքով հանրությունը տեսնում է, թե ինչպես է թալանվում բանակը եւ թերահավատություն ունի, որ այդ գումարները նպատակային կօգտագործեն.<<Բավական է միայն տեսնել Արցախի պատգամավոր Վահրամ Բադասյանի բարձրացրած խնդիրները հասկանալու համար, թե ինչ է կատարվում բանակում, ովքեր եւ ինչպես են տենդերները շահում, ով պատասխանատու է, նա էլ շահում է: Նույնիսկ նշվում է, թե որ ընկերությունը քանի տոննա ցորեն է լափել եւ երբ է լափել>>: Եղիազարյանը վկայակոչեց համացանցում տարածված տեսանյութը՝ ուշադրություն հրավիրելով ՊԲ նախկին նախարար, ներկայումս ՀՀ ԶՈՒ շտաբի ղեկավար Մովսես Հակոբյանի խոսքին.<<Բացեք եւ տեսեք, մարդիկ գնացել ու բողոքում են, թե ինչու է պաշտպանության նախարարությունը գրպանեել իրենց փողերը, նայեք ու տեսեք թե ինչեր է ասում Մովսես Հակոբյանը: Մարդն ապրանքը տարել հանձնել է ըստ պայմանագրի, բայց գումարը չի ստացել: Մովսես Հակոբյանն ասում է՝ գնացեք-բողոքեք:Ասում է ֆինանսներն ավարտվել են, չենք կարող գումար տալ>>,- Եղիազարյանը նկատեց, որ Հակոբյանը անհարիր բառապաշարով է շփվում քաղաքացիների հետ.<<Միջին վիճակագրական, բանանային երկրում այս տեսանյութի հիման վրա քրեական գործ կհարուցվեր՝ տեսնելով, թե ինչպես է բանակի ծառայողը խոսում քաղաքացու հետ>>: Այս պարագայում, երբ Եղիազարյանի բնորոշմամբ բանակի որոշ պատասխանատուներ միլիոններ են <<լափում>>, ինչու պիտի շարքային քաղաքացին իր խեղճուկրակ աշխատավարձից 1000 դրամ փոխանցի.<<Բավական է մեկի ախորժակին գաք ու 10 հազարական դրամ էլ հավաքեք, այդ գումարը չի կազմի:Խնդիրը այդ գումարի մեջ չէ, կարելի է նույնիսկ հարյուր հազարական դրամներ պարտք անել ու տալ բանակին, բայց ոչ մովսեսներին ու նրա նմաններին հարստացնենք, հասարակությունը սրա դեմ է ընդվզում, ոչ թե բանակի: Գողի ձեռքը չենք բռնում, նրան առաջ ենք տանում: Պիկասոյի քաշած որդան կարմիր գծերով միլիոններ եք հավաքում, ինչի՞ մասին խոսքը>>:

Նշենք, որ օրենքը նախատեսում են կիրառել հաջորդ տարվա սկզբին: 2017թ հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու նորաստեղծ հիմնադրամին, նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն: Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայություններից օգտվողների վճարումներից յուրաքանչյուր ծառայության համար կտրամադրվի համապատասխան 500 եւ 200 դրամ: Զոհված սպաների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ եւ ամսական՝ 300 հազար դրամ: Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), կրկին միանվագ, իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների՝ 250 հազար դրամ, շարքայինների՝ 100 հազար դրամ: 2-րդ խմբի հաշմանդամները կստանան 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական:

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: