«ԻՊ ահաբեկիչները մոտենում են հայաբնակ թաղամասերին. Հայերը ոչնչացման շեմին են». Արա Պապյան

Nov 07, 2016 Comments Off on «ԻՊ ահաբեկիչները մոտենում են հայաբնակ թաղամասերին. Հայերը ոչնչացման շեմին են». Արա Պապյան

Hayeli.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Արա Պապյանը:

-Օրերս Սիրիայում հերթական հրադադարն էր հայտարարվել, սակայն բացված մարդասիրական միջանցքներով հայերը չեն կարողացել դուրս գալ, քանի որ դրանք եղել են հայաբնակ թաղամասերից բավականին հեռու. այս պարագայում ինչ  կերպ է նրանց հնարավոր աջակցություն ցուցաբերել, որպեսզի մնան և չզոհվեն  Սիրիայում:

-Զինադադարը, որը հայտարարվել էր ռուսական կողմի նախաձեռնությամբ նպատակ ուներ ժամանակ տալ քաղաքացիական բնակչությանը դուրս գալու, իսկ ապստամբներին՝  հանձնվելու, սակայն դա տեղի չունեցավ, այն պատճառով, որ ապստամբները պարզապես թույլ չեն տալիս խաղաղ բնակչությանը դուրս գալու՝ անկախ նրանից՝  որքանով են նրանք մոտ  մարդասիրական միջանցքներին: Մյուս կողմից ռուսական կողմի նախաձեռնությամբ հրադադարը երկարաձգվում է, որը հնարավորություն չի տալիս Ասադի զորքերին գործելու, հարձակման անցնելու, իսկ մենք գիտենք, որ հայաբնակ թաղամասերը հենց նրանց վերահսկողության տակ են:  Հետաքրքիր է, որ թուրքական կայքերից մեկը հրապարակել էր հոդված այն մասին, որ  թուրքերն ու ռուսները համաձայնության են եկել համատեղ պայքարելու քրդերի հետ, եթե այդպես լինի ապա սա շատ վատ  է. ստացվում է Ռուսաստանը հերթական անգամ կողմ է փոխում:  Ինչ վերաբերում է հայերին, ապա նրանք մաս են կազմում սիրիական պետության և կիսում են այդ բոլոր դժվարությունները: Հայկական պետությունը շատ բան չի կարող անել,  և ցանկության դեպքում էլ հայերը մեծ խմբերով չեն կարողանա դուրս գալ:

-Ստացվում է` Սիրիայում ապրող 8-10 հզ հայերին այս պահին ֆիզիկական ոչնչացման վտանգ է սպառնում, և հայկական պետությունը ոչինչ չի” կարող անել նրանց համար:

-Այո’, ոչինչ անել չենք կարող: Մեր պետությունը և  Սիրիայում հայ համայնքի ղեկավարությունը ուշացրեցին՝ հույս ունենալով,  որ լավ կլինի և պատերազմը կավարտվի: Սակայն մեծ պատերազմ է սպասվում, մեծ և վճռորոշ բախում, և հնարվոր է՝ էլ ավելի շատ հայեր զոհվեն:  Հաղորդագրություններ  կան, որ  Իրաքից մեծ խմբերով իսլամիստ ահաբեկիչներ շարժվում են դեպի Սիրիա՝ դեպի Ռաքքա և Հալեպ, իսկ այնտեղի հայերը ոչնչացման շեմին են կանգնած: Մեր հայրենակիցներին մնում է ինչ որ տարբերակներով հասնել Դամասկոս, Լաթաքիa, ինչպես արել են տասնյակ հազարավորները, որոնք այս պահին  գտնվում են Բեյրությում: Այստեղ միայն հայկական պետության գործոնը քիչ է. այն  տասնյակ հազարավոր նախկին հալեպցիները, ովքեր սփռված են աշխարհով մեկ, պետք է համախմբվեն. հսկայական ֆինանսական միջոցներ են հարկավոր արդեն Հալեպը լքած հայերին օժանդակելու համար, իսկ դա Հայաստանը չի կարող անել:

-Հալեպի հայաբնակ թաղամասերը որ ուժերի վերահսկողության տակ են գտնվում  և հիմնականում ահաբեկչական ինչ խմբեր են այնտեղ գործում:

 – Հալեպը բաժանված է երկու հակադիր ճամբարների. արևմտյան  հատվածը վերահսկում են Ասադի ուժերը իսկ արևելքում տարբեր ուժեր են, այնքան տարբեր, որ հնարավոր չէ զանազանել:  Հայկական թաղամասերը առաջնային չէին հրետակոծվում, բայց քանի որ տարածքում են գտնվում Ասադի զորքերը, ուստի,  խփելով Ասադի զորքերին, խփում են նաև  հայերին: Հայերի նկատմամբ հատուկ բացասական վերաբերմունք չկա, խոցելի են համարվում պարզապես բոլոր քրիստոնյաները:  Պատերազմի փիլիսոփայությունն այն է, որ կողմերն աշխատում են իրար հնարավորինս շատ զոհեր տալ, խաղաղ բնակիչներին էլ պատնեշ են օգտագործում. այստեղ ավելի շատ զոհեր տալու խնդիրն է դրված,  քան տարածք վերցնելու:

-Արդյոք սիրիական պատերազմը չի վերաճել աշխարհի գերտերությունների պատերազմի. Ռուսաստան-Ամերիկա-Թուրքիա եռյակն  ունի ակտիվ ներգրավվածություն և  հսկայական միջոցներ է ծախսում Սիրիայում:

-Իսկազբանե այս պատերազմը Սիրիայինը չի էլ եղել. Սիրիայի ներսում չկային հակաասադական ուժեր,  որոնք կարողանային ռեալ ընդդիմություն ցույց տալ, քանի որ  այնտեղ տոտալիտար ռեժիմ է եղել,  և ընդդիմությունը երբեք էլ չի կարողացել ուժ հավաքել: Հենց սիրիացիների տվյալներով՝ տասնյակ հազարավոր ոչ իսլամիստներ աշխարհի 15-16  երկրներից  եկել և լցվել այդ տարածք և կռվել փողի համար: Պատահական չէ, որ  Սաուդիան Արաբիան և Քաթարը հսկայական գումարներով վարձկաններ են բերել Սիրիա: Սաուդիան Արաբիայի և Քաթարի համար սա, օրինակ, սունիների պայքարն է ոչ սունիների դեմ: Կա նաև աշխարհաքաղաքական պայքար: Հետաքրքիր է այստեղ նաև քրդական գործոնը: Քրդերը երկու կողմից էլ կան.  Սիրիայի քրդերը Ասադի կողմից են կռվում, իսկ Իրաքի քրդերը  համագործակցում են Թուրքիայի հետ. ստացվում է  բոլորը բոլորի դեմ են պատերազմում՝  ընդհուպ հասնելով մինչև  համաշխարհային և կրոնական բախումների:

 

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

 

 

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: