«Տալիս ենք պետության զարգացման բացառապես նոր հայեցակարգ, որը պետք է հասկանա առաջին հերթին իշխանությունը». Հայկ Սուքիասյան

Oct 31, 2016 Comments Off on «Տալիս ենք պետության զարգացման բացառապես նոր հայեցակարգ, որը պետք է հասկանա առաջին հերթին իշխանությունը». Հայկ Սուքիասյան

Օրերս հայ քաղաքագետների մասնակցությամբ տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Հայաստանի և տարածաշրջանի երկրների զարգացմանը միտված մի հայեցակարգի, որն իր տեսակով բացառիկ է: Թեմայի շուրջ Hayeli.am-ը զրուցեց  «Երկրաքաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ,  քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Սուքիասյանի հետ.

Պարոն Սուքիասյան, այս օրերին տեղի ունեցավ գիտաժողով, որտեղ ներկայացվեց  տարածաշրջանի անվտանգությանը և զարգացմանը նվիրված մոդել: Որոնք են այն առանցքային հարցերը, որոնք ընկած  էին տվյալ մոդելի հիմքում:

– Ձևավորվել է ակադեմիական հետազոտական խումբ/Լևոն Շիրինյան, Էմիլ Օրդուխանյան, Գուրգեն Սիմոնյան և Հայկ Սուքիասյան/: Այս ակադեմիական խումբն օրեր առաջ կայացած գիտաժողովում ներկայացրեց ժողովրդավարության մի մոդել, որը կոչվում է կոնսոցիալ ժողովրդավարություն: Այս մոդելը անվտանգության և զարգացման ռեալ հիմք կարող է դառնալ տարածաշրջանի երկրների և Հայաստանի ապագայի համար: Սա տարածաշրջանի անվտանգության և զարգացման համար ունի կենսական արժեք, ինչը պետք է գիտակցել, տարածել և այս հարցերով աշխատել իշխանությունների հետ: Մոդելի կիրառումը հրատապ է, քանի որ ժողովրդավարության այն մոդելը,  որը մինչ օրս գործում է, որևէ զարգացում չի ապահովել և չի ապահովելու, ընդհակառակը՝ շարունակելու է առաջացնել պերմանենտ ճգնաժամեր:

 

Ինչ է տալիս այս զարգացման ծրագիրը տարածաշրջանի երկրներին:

– Տարածաշրջանի կոնսոցիալ զարգացման մոդելը հստակ կարող է աշխատել և՛ բազմակազմ (Ադրբեջան, Վրաստան), և՛ մոնոէթնիկ (Հայաստան) հասարակություններում:

Սա առաջին հերթին տարածաշրջանի անվտանգության և զարգացման մոդել է:

Անվտանգության բաղադրիչը կապված է հետևյալ կարևոր հանգամանքի հետ:

Դուք գիտեք, որ Ադրբեջանը և Վրաստանը բազմակազմ պետություններ են, այսինքն՝ հասարակություններ են, որոնք կազմված են տարբեր ազգային և էթնիկ հատվածներից: Այսպիսի հասարակություններում հավասարակշռության խախտումը որևէ էթնիկ խմբի օգտին անխուսափելիորեն հանգեցնում է էթնոկրատիայի, այսինքն՝ թվաքանակով մեծ էթնիկ խմբի գերիշ­խա­նու­թյան հաստատման մյուս էթնիկ խմբերի նկատմամբ՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Ժողովրդավարության այն մոդելը, որը կիրառվում է Ադրբեջանի և Վրաստանի բազմակազմ հասարակություններում, որը կոչվում է մաժորիտար /մեծամասնական/ ժողովրդավարություն/,  որը հիմնվում է «մեկ մարդ-մեկ ձայն» սկզբուն­քի վրա/ հանգեցրել է այս հասարակություններում ամենամեծ հատվածի (սեգմենտի), համապատասխանաբար՝ ադրբեջանցի էթնոսի և վրացի էթնոսի քաղաքական գերիշխա­նու­թյանը մյուս բոլոր հատվածների նկատմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է քաղաքական ճգնաժամերի և կոնֆլիկտների։

Դե իսկ իրենց եվրոպական արժեքների մոլեռանդ հետևորդներ հռչակած Ադրբեջանի և Վրաստանի գաճաճ կայս­րություն­ների «ընտրախավ» անհանդուրժողականության, մեծապետական շովինիզմի և կայսերական հավակնությունների հետևանքով այսօր տարածաշրջանը դարձել է անկայունության աղբյուր, որի թունավոր սլաքներն ուղղված են բոլոր ազիմուտներով: Գաճաճ կայսրություններում թվով ամենամեծ հատվածը փորձում է էթնիկական զտում անցկացնել, ճնշել մյուս էթնոսներին,  ինչը, ի վերջո, կհանգեցնի ցեղասպանության, կամ «մարդասիրական աղետի» կանխման համար անհրաժեշտ կլինի կիրառել «մարդա­սիրա­կան ներխուժում» (օրինակ, 2008 թվականի վրացական բլիցկրիգն ու ռուսական «գործողությունները»):

Այսինքն՝ տարածաշրջանում այս երկրների ներսում առաջացել են էթնիկ հակասություններ, որոնք անընդհատ մեծացնում են կոնֆլիկային պոտենցիալը: Դե իսկ այս երկրներում ճշնված էթնոսները միշտ էլ գայթակղություն են ունենալու արտաքին ուժի միջամտության կամ օգնության, իսկ դա տարածաշրջանը դարձնում է պերմանենտ անկայունության և պատերազմների աղբյուր:

Սրանից խուսափելու և տարածաշրջանում անվտանգություն և իսկական ժողովրդավարություն հաստատելու համար այս երկրները պետք է փոխեն դեմոկրատիայի մաժորիտար մոդելը և որդեգրեն կոնսոցիալ ժողովրդավարությունը:

Ո՞րն է կոնսոցիալ ժողովրդավարությունը:

Կոնսոցիալ ժողովրդավարությունը հիմված է չորս հիմնական սկզբունքների վրա։ Առաջին և կարևորագույն տարրերից մեկը բազմակազմ հասարակության յուրաքանչյուր սեգմենտի բարձր աստիճանի ինքնավարությունն է, երկրորդը  պառլամենտում «Մեծ կոալիցիայի» առկայությունն է, որտեղ ներկայացված կիլինեն բոլոր հիմնական սեգմենտները, և կմասնակցեն իշխանու­թյան իրականացման գործընթացներին, երրորդը փոխադարձ վետոի իրավունքն է, որը բոլոր սեգմենտներին տալիս է մշակութային, կրոնական և լեզվական իրավունքների և ինքնավարության հարցերում պաշտպանության հնարավորություն։ Չորրորդը համամասնության սկզբունքն է, որը հիմնված է համամասնության սկզբունքով պետական կառավարման համա­կար­գում հատվածների միջև պաշտոնների բաշխման մեթոդի, ինչպես նաև ֆինանսա­կան միջոցների բաշխման սկզբունքի վրա:

Տարածաշրջանի կոնսոցիալ զարգացմանը մոդելը, եթե տեղայնացնենք Հայաստանում, ինչ պատկեր կունենանք:

– Կոնսոցիալ զարգացման մոդելը կիրառելի է նաև մոնոէթնիկ հասարակություններում, ինչպիսին՝ Հայաստանն է, իհարկե այս դեպքում այլ ձևով: Այսպիսի երկրներում էլ անընդհատ առաջանում է մի կուսակցություն կամ օլիգարխիկ կառույց, որը անընդհատ մեծամասնություն է ստանում և ինչ ուզում անում է:

Օրինակ՝ նայեք մեր երկրի սոցիալական կառուցվածքը և Ազգային Ժողովի սոցիալական կառուցվածքը: Այստեղ կա հսկայական հակասություն. երկիր բնակչության մեծ մասը աղքատ է, բայց ԱԺ-ում պատգամավորների մեծ մասը օլիգարխ է: Հասարակության աղքատ հատվածը ԱԺ-ում իր շահերը պաշտպանող չունի: Առաջացել է մեծամասնության դիկտատուրա: Սա սարսափելի կլինի նաև խորհրդարանական կառավարման պարագայում:

Այս կոնցեպցիան հնարավորություն կտա ունենալ Ազգային ժողով, որը կհամապատասխանի երկրի սոցիալական կառուցվածքին: Մեզանում գործող կառավարման մոդելն անընդհատ օլիգարխիա է առաջացնում, իսկ նոր առաջարկված զարգացման հայեցակարգով հասարակության բոլոր շերտերը ԱԺ-ում որոշակի առումով ներկայացված կլինեն՝ պահպանելով հավասարակշռությունը: Չի առաջանա մեխանիկական կամ արհեստական մեծամասնություն, կլինեն տարբեր հատվածներ, որոնք միմյանց կհավասարակշռեն, կհակակշռեն: Մենք հնարավորություն կունենաք հասարակության բոլոր ստրատաներին տալ ԱԺ-ում ներկայանալու իրավունք: Իսկ սա անպայմանորեն հանգեցնելու է զարգացման:

Որ նախարարությունն է այս զարգացման կոնցեպցիայի հասցեատերը, և ինչպիսի քայլեր կիրականացնեք այն կյանքի կոչելու համար:

– Հասցեատերը առաջին հերթին ամբողջ իշխանությունն է՝ իհարկե գործառույթների տարանջատումով: Տարածաշրջանում մյուս երկրների հետ աշխատանքում առաջնային դերակատարությունը  ԱԳՆ-ին է, պետք է աշխատել նաև արևմուտքի, Ռուսաստանի հետ: Բացատրել, որ եթե ցանկանում են, որ տարաշաշրջանը լինի անվտանգ, պետք է այդ հայեցակարգին անցնեն: Իսկ մեր երկրում պետք է առաջարկել և գնալ քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ. գաղափարը կա, պետք է պարզապես այն դնել շրջանառության մեջ:

Սա պետության զարգացման բացառապես նոր հայեցակարգ է, որը պետք է հասկանա առաջին հերթին իշխանությունը: Երկիրը փակուղային իրավիճակում է, գործող հայեցակարգը ծնում է աղքատություն, կոնֆլիկտային և հեղափոխական իրավիճակներ:

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: