Աշխատավարձ ու թոշակ չեն կտրի, բայց Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունը կարող են դադարեցնել. տնտեսագետ

Oct 27, 2016 Comments Off on Աշխատավարձ ու թոշակ չեն կտրի, բայց Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունը կարող են դադարեցնել. տնտեսագետ

 

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը համոզված է, որ տարեվերջին բյուջեի թերակատարումն անխուսափելի է լինելու: «Ստիպելով կամ ուժային մեթոդներով որևէ բան փոխել հնարավոր չէ: Եթե այս պահին արդեն ավելի քան 60-70 մլրդ դրամի թեկատարում կա, մինչև տարեվերջ դա չի կարող վերանալ: Կոնկրետ թիվ կանխատեսելը, կարծում եմ, անշնորհակալ գործ կլինի, բայց ակնհայտ է, որ մենք հիմա տնտեսական տարվա այն սեզոնում չենք գտնվում, որ տնտեսվարողները կարողանան ավելի բարձր հարկեր վճարելով թերակատարման հարցը ամբողջությամբ լուծել: Ինքը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, շատ ճիշտ ախտորոշել է վիճակը՝ տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում: Իսկ դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտներն այսօր չունեն այն ռեսուրսները, որ կարողանան ավելի բարձր հարկեր վճարել: Ամենայն հավանականությամբ, կառավարությունը թերակատարման հարցը լուծելու համար կփորձի խոշոր բիզնեսի հաշվին բյուջեում ներարկումներ անել: Շատ բան այս պահին կախված է տնտեսվարողներից. եթե մեր խոշոր հարկատուները համաձայնվեն բյուջեում  հարկային ներարկումներ կատարել, ապա գուցե թերակատարման թիվը մի քիչ նվազի»,- Hayeli.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ կառավարության նոր ծրագիրը, որը, չգիտես ինչու, 6 ամսվա ծրագրի բնորոշումը ստացավ, մեկ հիմնական խնդիր պետք է լուծի՝ տնտեսության մեջ դրական իմաստով ճեղքում իրականացնել:

Տնտեսագետի կարծիքով՝ բյուջետային եկամուտների թերի հավաքագրման հետևանքով կառավարությունը, այսպես կոչված, պաշտպանված հոդվածների ծախսերն անպայման կկատարի՝ դրանք են կենսաթոշակները, աշխատավարձերը, սոցիալական և պաշտպանական ծախսերը, բայց որոշ ծրագրեր այնուամենայնիվ չեղյալ կհայտարարվեն. «Պետական համակարգում որոշ ավելորդ ծախսեր անպայման կկրճատվեն: Արդեն հայտարարվել է, որ որոշ ԾԻԳ-եր ու ՊՈԱԿ-ներ լուծարվելու են, բացի այդ՝ ապարատի ուռճացվածությունը կրճատվելու է: Եթե այդ ամենը չհասցնեն այս տարի անել, կարվի գալիք տարի: Իսկ այս տարվա համար  պետական համակարգի, այսպես կոչված, լավ ապրելու ծախսերը կկրճատվեն: Այսինքն՝ այն, որ ժամանակին լեն ու բոլ խժռել են, հիմա ստիպված կլինեն հրաժարվել»:

Մեր ճշտող հարցին, թե միայն պետական ապարատի ծախսերի կրճատման հաշվին, արդյոք հնարավոր կլինի՞ չեզոքացնել բյուջեի թերակատարման բացը, Վարդան Բոստանջյանը նշեց. «Կարծում եմ, որ կառավարությունը ստիպված կլինի նաև կրճատել որոշ հիմնարար ծրագրեր, օրինակ՝ հնարավոր է, որ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը դադարեցվի: Հասկանո՞ւմ եք, երբ երկիրն է ձեռքից գնում, ճանապարհն ի՞նչ է, որ չկասեցվի, առավել ևս, որ այդ ճանապարհի կառուցման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, և դա այնքան պարզ ու ակնհայտ է, որ նույնիսկ խաշած հավերն են դա հասկանում: Նախնական ծրագրով՝ ճանապարհը վաղուց պիտի ավարտված ու պատրաստ լիներ, բայց այս պահի դրությամբ պատրաստ է ընդամենը 20-30-կիլոմետրանոց մի հատված Աշտարակի մասում: Մնացածը դեռ չկա: Այս և այդ կարգի ծրագրերը կարող են կասեցվել, բայց աշխատավարձերը, թոշակներն անպայման կվաճարվեն»:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում մեծ հնչեղություն ստացած դեֆոլտի հավանականության հարցին, Բոստանջյանը համոզված է, որ այդ մասին խոսելու ո՛չ հիմք, ո՛չ էլ իմաստ չկա. «Դեֆոլտ նշանակում է երկրի սնանկացում, որն արտահայտվում է երկու հիմնական ցուցանիշներով: Առաջին՝ երբ երկիրը չի կարողանում կատարել արտաքին պարտավորությունները, երկրորդ՝ երբ պետությունը չի կարողանում կատարել սոցիալական պարտավորությունները՝ աշխատավարձերի և թոշակների վճարում և այլն: Հայաստանի Հանրապետությունը և՛ արտաքին պարտքի սպասարկան առումով, և՛ սոցիալական  վճարումների առումով այս պահի դրությամբ բարդ ու անելանելի իրավիճակի մեջ չի գտնվում: Պետական պարտքի վճարումը միշտ կատարվել է պարտաճանաչորեն, տեսանելի ապագայում նույնպես, կարծում եմ, կկատարվի, սոցիալական վճարումները ևս մինչ այս պահը կատարվել են և նորից կկատարվեն: Հետևաբար այս պահին դեֆոլտի մասին խոսելը ես անիմաստ եմ համարում: Այդ կարգի հայտարարությունները գուցե արվում են քաղաքական նպատակներով, բայց տնտեսական տեսանկյունից հատկապես մեր արտաքին գործընկերների մոտ որևէ դրական սպասում և տպավորություն չի ձևավորվում»,- կարծում է Վարդան Բոստանջյանը:

Ինչ վերաբերում է դեֆիցիտին, ապա այն ևս սպասարկվում է իբրև պարտադիր և պաշտպանված բյուջետային հոդված, թեպետ դեֆիցիտի կառավարումը արդյունավետ չի իրականացվել: Վարդան Բոստանջյանը համոզված է, որ դեֆիցիտի արդյունավետ կառավարման պարագայում կարելի էր ավելի փոքր դեֆիցիտ ունենալով՝ ավելի շատ հարցեր լուծել ու ավելի արդյունավետ ծրագրեր կյանքի կոչել: Մինչդեռ մինչ այժմ հստակ չէ, թե հատկապես ո՛ր ծախսերն են իրականացվում դեֆիցիտի շրջանակում: Տնտեսագետը նաև համոզված է, որ ավելի է էկոնոմ կառավարելու դեպքում դեֆիցիտը կարելի է նվազեցնել:

 

Կարինե  Սարիբեկյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: