Մեղադրանք՝ դիտավորյալ սպանության համար

Oct 23, 2016 Comments Off on Մեղադրանք՝ դիտավորյալ սպանության համար

«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը կալանավորվել է եւ մեղադրվում է 22-ամյա Լեւոն Սահակյանի դիտավորյալ սպանության համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

«ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վ. Ղազարյանին հոկտեմբերի 22-ին մեղադրանք է առաջադրվել 22-ամյա Լեւոն Սահակյանին սպանելու համար: Քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ», – նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրենի աշխատասենյակում հոկտեմբերի 19-ին դանակահարվել է 22-ամյա երիտասարդ, ապագա բժիշկ Լեւոն Սահակյանը: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` երիտասարդը դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի հետ հանդիպման էր գնացել` վերջինիս առաջարկով, իսկ զրույցին ներկա է եղել նաեւ ընկերը: Զրույցի առարկան, ինչպես արդեն տեղեկացրել ենք, եղել է գործատուի կողմից իր պարտավորությունները չկատարելը:

Երիտասարդի նշանածը ամռան ամիսներին սկսել է աշխատել Վ.Ղազարյանի մոտ, սակայն վերջինս խոստացված աշխատավարձը լիարժեք չի վճարել եւ աղջիկը դադարեցրել է համագործակցությունը: Հարցին միջամտել է տղան եւ գնացել-խոսել է տնօրենի հետ, ով պարտավորվել է վճարել աշխատավարձն ամբողջությամբ` նշելով անգամ հստակ ժամկետ: Հոկտեմբերի 19-ին հենց նա է դպրոց հրավիրել 22-ամյա Լեւոնին, ով հանդիպման է գնացել ընկերոջ հետ: Սակայն գումար վճարելու փոխարեն` դպրոցի տնօրենը հրահրել է վիճաբանություն, որի ժամանակ էլ 39 տարեկան հասուն տղամարդը 22-ամյա երիտասարդին դանակի երկու հարված է է հսցրել. մեկը` ազդրին, մյուսը` կրծքավանդակին: Հարվածի հետեւանքով վնասվել է տղայի սիրտն ու թոքը: Նրա կյանքը փրկել չհաջողվեց. տղան առանց գիտակցության գալու հոկտեմբերի 21-ի երեկոյան մահացավ:

Դեպքի առթիվ քրական գործ է հարուցվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը հայտնաբերվել է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: