Գողականների՞ են «վարի տալիս»

Oct 23, 2016 Comments Off on Գողականների՞ են «վարի տալիս»

 

 

Մամուլում հետաքրքիր տեղեկություններ են հրապարակվել իրավապահ համակարգի կարևորագույն պատասխանատուների, նրանց մերձավորների հանցաշխարհի հետ ունեցած կապի, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան սև ցուցակում հայտնվելու առնչությամբ: Մասնավորապես «Ժամանակ» թերթը գրել է, որ ԱՄՆ դեսպանատունը նոր ցուցակ է կազմել, որում ներառված են իշխանության հետ առնչվող անձինք, որոնց չի տրամադրվելու ԱՄՆ-ի մուտքի վիզա։ «Մեր տեղեկություններով՝ ցուցակը գլխավորում են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը՝ Արշակ Հակոբյանը, և թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը (Նասկի Գագո)։ Ցուցակում ընդգրկված են նաև Մհեր Սեդրակյանը, ում ենթակայության տակ գործող բանդաների ներկայացուցիչները հուլիսի 29-ին Սարի թաղում խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ բռնությունների հիմնական հեղինակներն էին», -գրում է թերթը։ Նույն լրատվամիջոցը հրապարակել է մեկ այլ ուշագրավ տեղեկատվություն ևս, ոստիկանապետի թիկնազորի պետի և հանցաշխարհի հայտնի ներկայացուցիչներից մեկի առնչության մասին: «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ օրենքով գող Զապի հետ կապված վերջին շրջանի դժվարությունները կապ ունեն «Սասնա ծռերի» ազատազրկման վայրերում գտնվող անդամների հետ։

Զապը համարվում է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի «մարդը» գողական աշխարհում ու հենց նրա հրահանգով է Զապն արգելել «Սասնա ծռերի» տղերքին դատապարտյալների հիվանդանոցում սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրել։

Այս մասին տեղեկացել են օրենքով գողերը, և իմանալով, որ Զապը Արշակի հրահանգով այսպիսի որոշումներ է իջեցրել, գողական աշխարհի մի մասը այժմ Ջապին գող չի ճանաչում։

Նշենք, որ Զապը ոստիկանապետի թիկնազորի պետից կախված է այն պատճառով, որ Չեխիայում իրեն ցմահ ազատազրկում է սպառնում, ու եթե Երևանը արտահանձնի նրան, նա ցմահ ազատազրկման կենթարկվի Չեխիայում»,- գրում է թերթը։

Այս կարգի տեղեկությունները, իհարկե պաշտոնապես հաստատելը դժվար է, ու բնականաբար դրանք արդեն ոստիկանության կողմից հերքվել են: Բայց հայտնի է ճշմարտություն է, որ ծուխն առանց կրակի չի լինում: Եթե ոստիկանապետի թիկնազորի պետը, ում քրեականացված կենսագրության մասին ԶԼՄ-ներում տարբեր առիթներով բազմաթիվ հրապարակումներ են եղել, խախտել է, այսպես կոչված, <<գողական աշխարհի>> կանոնները, նույնպես ինչ-որ բանի ցուցանիշ է: Խաղի կանոնները պահելը, անկախ նրանից՝ խոսքը պետության իրավական նորմի, թե այլ տրամաբանության վրա կառուցված խմբավորման ներքին կոդեքսների մասին է, պարկեշտության նշան է: Այդ հատկանիշը կա՛մ կա, կա՛մ չկա: Փաստորեն ստացվում է, որ իրավապահ համակարգում, իրենց ապաշնորհությունից զատ, ոստիկանության պատասխանատուների մերձավորները ձեռքի հետ էլ վարի են տալիս գողականներին: Տխուր դեպք է՝ կասեր դասականը: Ո՛չ էստեղ են մի բանի նման, ո՛չ էնտեղ:

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: