4 մլրդ դոլարը չմտավ Հայաստան

Oct 22, 2016 Comments Off on   4 մլրդ դոլարը չմտավ Հայաստան

«Նման ծրագրեր մենք շատ ենք տեսել: Բոլոր նախագահների թեկնածուներն էլ ունեցել են ծրագրեր, որտեղ բազմաթիվ գեղեցիկ բաներ էին գրված: Այդ ծրագրերը  վարչապետերը բերել ներկայացրել են Ազգային ժողովում, հավանության են արժանացել, բայց ոչ մի ծրագիր էլ չի իրականացվել: Խնդիրը ոչ թե ծրագրի լավ կամ վատ լինելու, այլ դրա իրականացնելու մեջ է»,- հայելի.ամ-ի հետ զրույցում, գնահատելով ԱԺ ներկայացրած կառավարության ծրագիրը, կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանի ծրագիրը  դրական սպասումների առումով հուսադրող է, սակայն լուրջ խնդիր ունի իրականացման տեսանկյունից: Սոցիոլոգը գտնում է, որ կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարը չի կարող իրատեսական արդյունք տալ, քանի դեռ պետական չինովնիկները բարձր աշխատավարձ չեն ստանում: Եթե պետությունը չինովնիկին լավագույն դեպքում 300-400 հազար դրամ աշխատավարձ է վճարում և մտածում է պետական ապարատը կրճատելով ֆինանս խնայելու և ոչ թե որակը բարձրացնելու մասին, կոռուպցիան չի կարող վերանալ. <<Աֆրիկյան երկրների փորձը ցույց է տալիս, որ բոլոր այն երկրներում, որտեղ պաշտոնյաների ախատավարձի  վրա փորձել են տնտեսումներ անել, զարգացում չի եղել, իսկ այնտեղ, որտեղ աշխատավարձերը բարձրացրել են, հաջղվել է կոռուպցիան նվազեցնել, և երկրիրն էլ զարգացում է ունեցել: Մենք պիտի մի բան հասկանանք, որ եթե ուզում ենք, որ չինովնիկը ծառայի պետությանը, նա իր ընտանիքը պահելու խնդիր չպիտի ունենա, իր երեխայի կրթության և կացության ծախսերի մասին չպիտի մտածի: Այսինքն՝ պետությունը պիտի պետական ծառայողի սոցիալական կարիքները հոգա, հակառակ դեպքում նա անպայման զբաղվելու է կոռուպցիայով: Ես միշտ ասել եմ՝ պետական ծառայողի վարձատրությունը միջին աշխատավարձից պիտի մի քանի անգամ բարձր լինի: Օպտիմալացումն ու կրճատումները, որ նոր վարչապետն ուզում է անել, պիտի այս տրամաբանությամբ արվեն>>,- կարծում է  Ադիբեկյանը:

Հաջորդ խնդիրը ներդրումներն են՝ Հայաստանում ներդրումների ներքին ռոսուրսներ չկան, դրանք պիտի դրսից բերվեն, բայց այստեղ կա լուրջ խնդիր : Ըստ Ադիբեկյանի՝  Հայաստանը տնտեսության ազատության ցուցանիշներով աշխարհում 35-րդ տեղն է զբաղեցնում, որը վատ ցուցանիշ չէ. <<Բայց ոչ ոք փող չի բերում Հայաստան, չեն ուզում էստեղ գործ դնել: Մենք պիտի հասկանանք՝ ինչո՞ւ: Օրինակ՝ իմ ծանոթների շրջանակից եղել են դեպքեր, երբ արտասահմանից մարդիկ՝ պարտնյորներ, ցանկություն են հայտնել Հայաստանում լուրջ գումարներ ներդնել՝ մոտ 4 մլրդ դոլար: Ես եմ իրենց բերել Հայաստան: Եկել են, հանդիպում են ունեցել նախագահի հետ, վարչապետերի հետ: Բայց այդ մարդիկ պետության կողմից երաշխիքներ չստացան, այդ պատճառով էլ հրաժարվեցին այստեղ ներդրում անել: 4 մլրդ դոլարը, որ կարող էր Հայաստան մտնել, չմտավ: Կառավարությունն իրավունք չունի ասել, որ ինքը ընդամենը միջավայր է ապահովում, մնացածի հետ գործ չունի: Մեր կարգի երկրներում այդ մոտեցումը չի աշխատում, որովհետև մեզ մոտ մասնավոր ընկերություններն ու բիզնես կառույցները, այդ թվում նաև բանկերը դեռ շատ թույլ են, նրանց միջազգային լուրջ ներդնողները չեն վստահում: Դրսից փող բերող մարդիկ կարող են վստահել միայն պետությանը, որը ուղղակի հարաբերության մեջ չի մտնում ներդնողի հետ, ինչը սխալ է: Ես վստահ եմ, որ եթե պետությունը տնտեսական խոշոր նախագծերին դառնա կողմ, հնարավոր է մեծ փողեր բերել Հայաստան: Ես իմ առաջարկները միշտ ներկայացրել եմ և՛ նախագահին, և՛ նախկին վարչապետերին, բայց դրանք կյանքի չեն կոչվել>>,- հայտարարեց Ահարոն Ադիբեկյանը՝ ավելացնելով, որ ինքը լիահույս է, որ նոր վարչապետ Կարեն Կարապետյանն ավելի նախաձեռնող և համարձակ կլինի,  չի վախենա պետությանը դարձնել բիզնեսի կողմ, և սայլը վերջապես տեղից կշարժվի:

 

Կարինե  Սարիբեկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: