Կարեն Կարապետյանը չի սիրում խոսել թվերով

Oct 23, 2016 Comments Off on Կարեն Կարապետյանը չի սիրում խոսել թվերով

 

 

Ազգային ժողովում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագիրը: Կարեն Կարապետյանի ծրագիրը իր նախորդների ծրագրից տարբերվում է նախ և առաջ ծավալով: Կառավարության տնտեսական ծրագրերը միջին հաշվով 200-300 էջի սահմանում են եղել: Փաստաթուղթը, որ ներկայացնում էր Կարեն Կարապետյանը, ընդամենեը 30 էջ էր: Բովանդակային առումով Կարեն Կարապետյանի ներկայացրած ծրագրի օրիգինալությունը թերևս այն էր, որ տնտեսական ծրագրում թվեր համարյա չկային: Օրինակ՝ որքա՞ն է պլանավորվում տնտեսության աճը, ՀՆԱ-ի անվանական աճը, միջին աշխատավարձն ու կենսաթոշակը մոտ և հեռու ապագայում ի՞նչ դինամիկա են ունենալու՝ աճելո՞ւ են, նվազելո՞ւ են: Եվ վերջապես, ո՞րն է այն հիմնական խնդիրը, որն այս կառավարությունը դնում է իր առջև: Ճիշտ է, ծրագրում նշվում է՝ կոռուպցիայի և ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացման, պետական կառավարման մարմինների կողմից քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին կոռուպցիայից զերծ ծառայությունների մատուցման նպատակով ավելորդ ընթացակարգերի և օղակների վերացման և նման այլ բաների մասին:

Ներողություն, բայց  այդ մասին ո՛ր կառավարության ծրագրում նշված չի եղել: Հայաստանում չի եղել կառավրության ծրագիր, որտեղ կոռուպցիայի և ստվերի դեմ համակարգված պայքարի  մասին խոսք չի եղել: Բոլորն էլ այդ մասին խոսել են,  բայց ստվերն ու կոռուպցիան դրանից չի նվազել:

Կառավարության նոր ծրագրում չի նշմարվում դեպի լավ կյանք տանող ճանապարհը: Օրինակ՝ նույն կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարը, որը լրջագույն խնդիր է, ինչպե՞ս, ի՞նչ մեթոդով է իրականացվելու: Կարեն Կարապետյանը նշել է, որ ծրագիրն ընդունվելու դեպքում հաջորդ օրն արդեն կառավարության անդամները պետք է գործի անցնեն և սկսեն ծրագրի կատարումը: Բայց կառավարության ծրագրում դասական իմաստով նույնիսկ խոստումները ռեալ չեն, կարելի է ասել, որ Կարեն Կարապետյանը ոչինչ էլ չի խոստանում հասարակությանը, հետևաբար նրանից դժվար է լինելու պահանջել ծրագրի կատարում: Բոլոր վարչապետերն էլ ինչ-որ ընթացակարգեր ու կարգեր իրենց հետ բերել են, և որպես կանոն այդ քայլերը ներկայացվել են՝ հանուն կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարի վեհ գաղափարի: Թե ինչ է ստացվել արդյունքում, տեսնում ենք բոլորս, տեսնում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:

«6-7 ամսվա մեջ բիզնեսը հաջորդ օրը սառը դուշ կընդունի և ոգևորված կսկսի՞ աշխատել՝ չգիտեմ: Հույս ունե՞մ՝ երևի»,- ասել է վարչապետը հավլել,  որ բարձր նշաձող են դրել. «Ոչ իրագործելի ծրագիր չենք գրել, պոպուլիզմով չենք ուզել զբաղվել»: Որն էր այդ բարձր նշաձողը՝ իրականում պարզ չէ: Օրինակ՝ ժամանակին Տիգրան Սարգսյանն ասում էր, որ Հայաստանը դառնալու է տարածաշրջանի ֆինանսաբանկային կենտրոնը: Ցավոք չդարձանք, բայց դա այնուամենայնիվ նշաձող էր: Հիմա, եթե Կարեն Կարապետյանը հայտարարեր, որ 6 ամիս անց Հայաստանում որևէ արտոնյալ գործարար չի լինելու, որևէ մենաշնորհ ու մոնոպոլիա չի լինելու, նույնպես կլիներ բարձր նշաձող: Բայց Կարեն Կարապետյանը նման հայտարարություն չի արել, ավելին՝ այդ մասին իր ծրագրում  ոչինչ չի գրել: Բանավոր ասել է հետևյալը. «Ո՞նց եմ պայքարելու Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի և այլոց մոնոպոլիաների դեմ, շատ պարզ՝ խաղի կանոնները լինելու են բոլորի համար նույն ձևի: Ո՞նց են իրենց մոնոպոլիաներն առաջացել՝ գուցե ձևակերպումս մի քիչ կոռեկտ չէ, հետաքրքիր չէ ինձ: Բայց լինելու է բաց դաշտ, թե ով այդ ոլորտում կլինի ավելի հաջողակ, ժամանակը ցույց կտա»: Կարեն Կարապետյանին փաստորեն չի հետաքրքրում, թե ինչպես են ձևավորվել մոնոպոլիաները, բայց այսուհետ բիզնեսում բոլորի համար խաղի հավասար կանոններ են լինելու: Ինչ խոսք, սա նույնպես նշաձող է՝ մոնոպոլիաների ու գերիշխող դիրք ունեցողների համաներման մասին: Մոնոպոլիստները, ում անունները հնչեցրել է Կարեն Կարապետյանը, արդեն իսկ ունեն մրցակցային առավելություն, հետևաբար խաղի հավասար կանոների մասին խոստումը իրատեսական չէ, եթե չի կոնկրետացվում, թե մոնոպոլ շուկա մտնող գործարարին ինչ միջավայր է առաջարկում պետությունը: Կառավարության ծրագրում տնտեսության վրա մոնոպոլիաների ազդեցության մասին գնահատական և վերլուծություն ևս չկա: Ըստ ամենայնի որպես խնդիր դա այնքան էլ չի հուզում նոր վարչապետին:

Ամենակարևոր հարցը՝տնտեսության հեռանկարը և Հայաստանի տեղի ու դերի ճշգրտումը մեր տարածաշրջանում նույնպես չի երևում: Չկա տեսլական, չկան նպատակներ, չկան թվեր ու ցուցանիշներ:  Մի խոսքով՝ ծրագիր էր պետք ներկայացնել՝ ներկայացրել են: Համենայն դեպս, այդ ծրագիրը չի համապատասխանում այն դրական սպասումներին, որն առաջացել էր Կարեն Կարապետյանի նշանակմամբ:

 

Կարինե Սարիբեկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: