Ո՞վ  և ինչո՞ւ է որոշել ՀԱՊԿ քարտուղարությունը չփոխանցել Հայաստանին

Oct 21, 2016 Comments Off on Ո՞վ  և ինչո՞ւ է որոշել ՀԱՊԿ քարտուղարությունը չփոխանցել Հայաստանին

 

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը համոզված է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության ձգձգումը ռուսական կողմի նախաձեռնությունն է: Հայկական մամուլում գերակշռող փորձագիտական և վերլուծական կարծիքները, թե ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանի ներկայացուցչին չփոխանցվեց Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Կրեմլի նկատմամբ բանեցրած ճնշումների հետևանքով, Շիրինյանը լուրջ չի համարում. <<Ոմանք ասում են, թե Ադրբեջանի ազդեցությունը այնքան մեծ է ՀԱՊԿ-ում, դա պատճառ դարձավ, որպեսի կառույցի գլխավոր քարտուղարը չդառնա ՀՀ ներկայացուցիչ: Դրանից առաջ էլ ասում էին, թե Նազարբաևն է դեմ Հայաստանի ներկայացուցչի գլխավոր քարտուղար դառնալուն: Ինձ թվում է, որ դա ռուսական շրջանակներից հայկական մեդիադաշտում նետված խայծ է, և մերոնք այդ խայծը շատ լավ կուլ են տվել: Ես համոզված եմ, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Ռուսաստանն ուզում է պահել միայն ու միայն իր ձեռքում: Կրեմլում որոշում է կայացվել, որ բացի Ռուսաստանի գեներալից, որևէ մեկը այս փուլում չի կարող լինել ՀԱՊԿ քարտուղար: Եթե խոսքը վերաբերեր քարտուղարությունը ոչ թե ՀՀ ներկայացուցչին փոխանցելուն, այլ, ասենք, սահմանված լիներ, որ Ռուսաստանից հետո այդ պոստում պետք է լինի Ղազախստանի կամ Բելառուսի ներկայացուցիչը, համոզված եմ՝ արդյունքը նույնն էր լինելու: Նորից որոշում էր կայացվելու՝ թողնել Բորդյուժային, որն արդեն երկրորդ անգամ շարունակեց պահել ՀԱՊԿ քարտուղարի պոստը: Ուղղակի մեր բախտը չբերեց, որ այբբենական կարգով մենք առաջին պետությունն էինք, ում պետք է ռոտացիոն կարգով փոխանցվեր ՀԱՊԿ քարտուղարությունը>>,- Hayeli.am-ի հետ զրույցում նշեց Լևոն Շիրինյանը: Պատճառը, ըստ նրա, ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների ներկա փուլն է՝ պայմանավորված սիրիական կոնֆլիկտով: <<Սիրիայում ընթացող գործողությունների պատճառով այժմ ռուս-ամերիկյան հարաբերությունները սրվել են, և իրավիճակը շատ նման է կարիբյան ճգնաժամին: Կրեմլը, բացի ռուսական բանակի գեներալից, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը չի ուզում որևէ մեկին վստահել: Ես համոզված եմ, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանին կամ որևէ այլ անդամ երկրի կփոխանցվի միայն այն ժամանակ, երբ սիրիական կոնֆլիկտում հաշտության եզրեր գտնվեն: Քանի դեռ այդ եզրերը գտնված չեն, ՀԱՊԿ հավերժ քարտուղարը կմնա Բորդյուժան>>,- համոզված է քաղաքագետը: Ամեն դեպքում, սա վիրավորական մոտեցո՞ւմ չէ ՀԱՊԿ անդամ Հայաստանի համար, փաստորեն ռոտացիան չի գործում, և մեր երկիրը չի ստանում այդ պորտֆելը. <<Ես կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները արժանապատվության հարցում այդքան էլ նախանձախնդիր չեն, և այս դիպվածից առանձնապես չեն վիրավորվի, շատ ավելի վիրավորական բաներ կան երկրում՝ արտագաղթ, աղքատություն և այլն: Կոնկրետ դեպքում ՀՀ իշխանությունները հասկանում են, որ այս դեպքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պորտֆելի ստանձնումն այս փուլում մեզ համար նույնիսկ վտանգավոր է: Պարզից էլ պարզ է, որ ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում ստիպված է լինելու կատարել Կրեմլում կայացված բոլոր որոշումները: Իսկ իրադարձությունների զարգացման այժմյան միտումները հուսադրող չեն, ավելին՝ դրանք կարող են հանգել ռուս-ամերիկյան կոնֆլիկտի: Մեզ ամենևին ձեռնտու չէ, որ ՀԱՊԿ  զորքերին հրաման տվող գեներալը լինի ՀՀ ներկայացուցիչ, եթե այդ հրամանը լինելու է ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ ԱՄՆ-ի: Այնպես որ՝ այս դեպքում Ռուսաստանը ակամա գործում է հայկական շահերի օգտին: Մեզ պետք չի ստանձնել ՀԱՊԿ քարտուղարությունը: Ես՝ իբրև ՀՀ քաղաքացի, կտրականապես դեմ եմ, որ հայկական բանակի գեներալը՝ անկախ նրանից՝ դա լինելու է Օհանյանը, թե Խաչատուրովը, դառնա ՀԱՊԿ քարտուղար>>,- նշեց Շիրինյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ն ռուսական շահերն սպասարկող կառույց է, թող ռուս գեներալն էլ գլխավորի այն:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Երևանում հրավիրված ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ ՀԱՊԿ քարտուղարությունը պետք է փոխանցվեր Հայաստանին: Նախապես հայտարարվել էր, որ քարտուղար է դառնալու ՀՀ ներկայացուցիչը, սակայն երևանյան նիստի ժամանակ որոշվեց քարտուղարի ընտրություն չկատարել, հետևաբար կառույցը շարունակելու է ղեկավարել ՌԴ ներկայացուցիչ Բորդյուժան:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: