Բեսլանից Երևան ժամանող օդանավում են 27 ՀՀ քաղաքացի, զոհված մեկ քաղաքացու աճյուն

Oct 14, 2016 Comments Off on Բեսլանից Երևան ժամանող օդանավում են 27 ՀՀ քաղաքացի, զոհված մեկ քաղաքացու աճյուն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը նոր տվյալներ է հաղորդել Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի տուժածների մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին փոխանցված հաղորդագրության մեջ նշված է. «Ի լրումն նախորդ հաղորդագրությունների՝ հայտնում ենք, որ Մոսկվայի ժամանակով ժամը 16.55-ի սահմաններում Բեսլանից Երևան է մեկնել ՌԴ ԱԻՆ օդանավը:

Օդանավում գտնվում է 27 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև վթարի արդյունքում  զոհված մեկ քաղաքացու դին և այն ուղեկցող երկու անձինք»:

Ներկայացնում են նաև ՌԴ-ում  ՀՀ դեսպանությանը ավելի վաղ հայտնած տեղեկությունները։

«Մերձմոսկովյան «Ռամենսկի» օդակայանից ՌԴ ԱԻՆ օդանավն մեկնել է Բեսլան՝ Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի ուղևորներին և վթարի հետևանքով տուժածներին Երևան տեղափոխելու նպատակով: Նախատեսվում է, որ օդանավը Բեսլանում վայրէջք կկատարի մոսկովյան ժամանակով ժամը 14.00-ի սահմաններում:

Ներկա պահին Բեսլանի մշակույթի տանը կազմակերպված ժամանակավոր կացության վայրում գտնվում է 26 քաղաքացի:

Հավելյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ:

——-

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալներով՝ զոհված անձանցից երեքը հանդիսանում են ՌԴ քաղաքացի, երկուսը՝ ՀՀ քաղաքացի:

Լունոնյան Ա.Պ. – ծնված՝ 1960թ., ՀՀ քաղաքացի

Պողոսյան Յու.Ս. – ծնված՝ 1954թ., ՀՀ քաղաքացի

Լազուկին Ա.Վ. – ծնված՝ 1968թ., ՌԴ քաղաքացի

Պանչենկո Վ.Մ. – ծնված՝ 1973թ., ՌԴ քաղաքացի

Մամչենկո  Ս.Ս. – ծնված՝ 1999թ., ՌԴ քաղաքացի

Ավտովթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 264 հոդվածով:

Հայտնում ենք, որ ս/թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած խոշոր վթարի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՌԴ ԱԳՆ-ն՝ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին և առաջարկելով իր օժանդակությունը:

Ի լրումն նախորդ հաղորդագրության՝  հայտնում ենք, որ ինը տուժած քաղաքացիներից երեքը գտնվում են ք.Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոցում, երկու քաղաքացի՝ Վլադիկավկազի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում, չորս երեխա՝ Վլադիկավկազի հանրապետական մանկական կլինիկական բուժհաստատությունում:

Նշենք նաև, որ ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանը ուղևորվել է մերձմոսկովյան “Ռամենսկի” օդակայան՝ ՌԴ ԱԻՆ օդանավով Բեսլան մեկնելու նպատակով:

Հավելյալ տեղեկությունները կհայտնենք լրացուցիչ»:

———–

ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա  ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղեկալի, քննչական վարչության պետի ղեկավարությամբ ստեղծված օպերատիվ շտաբից ստացված տեղեկության համաձայն, այս պահի դրությամբ հիվանդանոցում գտնվում է 9 տուժած, որոնցից 5-ը ՀՀ, իսկ 4-ը՝ ՌԴ քաղաքացի: Հիվանդանոցում գտնվողների թվում է նաև 9 տարեկան երեխա:

Ըստ դեսպանության տվյալների՝ մոսկովյան ժամանակով ժամը 11.00-ի  սահմաններում Մերձմոսկովյան Ռամենսկի օդակայանից ՌԴ ԱԻՆ օդանավը կմեկնի Բեսլան՝ տեղում գտնվող քաղաքացիներին և տուժածներին Երևան տեղափոխելու նպատակով:

————

Ըստ ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչությունից ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրված նախնական տեղեկությունների համաձայն, ս/թ. հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է:

Ներկայում 27 ուղևոր գտնվում է ք.Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցում, որոնցից չորսը՝ երեխա: Տուժած մանկահասակ երեխաներից մեկը տեղափոխվել է վերակենդանացման բաժին:

Այս պահի դրությամբ 13 քաղաքացի գտնվում է ք.Բեսլանի մշակութային կենտրոնի տարածքում ստեղծված ժամանակավոր կացության վայրում: Քաղաքացիներն ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով: Ավտոբուսի 5 ուղևոր այլ տրանսպորտային միջոցով շարունակել է ճանապարհը:

ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիայի ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղեկալի, քննչական վարչության պետի ղեկավարությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ տեղում անհրաժեշտ աշխատանքների համակարգման նպատակով: Ներկայում քննվում են ավտոճանապարհային պատահարի պատճառները: Դեպքի վայրում է նաև Դոնի-Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:

Այս պահի դրությամբ տուժած և զոհված ուղևորների ցուցակներն ու քաղաքացիությունը ճշտվում են:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը և դեսպանությանը կից ՀՀ իրավապահ մարմինների լիազոր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության համապատասխան մարմինների հետ՝ անհրաժեշտ աշխատանքների համակարգման և ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: