Բացասական եմ գնահատում Սեյրան Օհանյանին նախարար չնշանակելը. Սամվել Բաբայան. tert.am

Oct 12, 2016 1 Comment

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն անդրադարձավ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, Յուրի Խաչատուրովի` ՀՀ ԶՈԻ-ից Անվտանգության խորհուրդ տեղափոխվելուն, Կարեն Կարապետյանի նշանակմանը, «Իսկանդեր» հրթիռներին:

-Պարոն Բաբայան, 5 տարվա ընդմիջումից հետո Ղարաբաղ այցելելուց հետո բավական պասիվ եք, թեպետ դրան այդքան իրադարձություններ են հաջորդել . «Սասնա ծռերի» ապստամբություն, կառավարության հրաժարական, նոր կառավարություն…

-Ես պասիվ էլ եղել եմ ու չեմ ասել, որ զբաղվելու եմ ինչ-որ բաներով, որ հետո էլ պասիվ դառնամ:

-Քաղաքականություն մտնելու հայտ էիք ներկայացրել:

-Ոչ, ես ասել եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:

-Ամեն դեպքում,  Ղարաբաղ այցելելու ժամանակ….

-Դե Ղարաբաղն իմ տունն ա, գնում եմ, գալիս:

-Բայց Դուք չէիք բացառել, որ ինչ-որ ուժերի, մասնավորապես, «Համախմբման» հետ կհամագործակցեք:

-Կգա ժամանակը` կխոսենք, հլը ժամանակը չի:

-Բայց չէ, որ բոլոր քաղաքական ուժերը արդեն ոչ պաշտոնապես, բայց նախընտրական քարոզարշավի մեջ են: Ինչո՞ւ եմ ասում` սա նշանակում է, որ դեռ որոշում չե՞ք ընդունել:

-Ես դեռ չգիտեմ` քաղաքական ինչ ուժեր են մտել պայքարի մեջ, չեմ տեսնում ուղղորդող  քաղաքական ուժերին: Եվ, հետո,  ես կոնկրետ չեմ ասել` ինչ քաղաքական ուժի եմ աջակցելու: Եվ եթե իմ որոշումը կայացնեմ` օֆիցիալ կհայտարարեմ: Էսօր նման որոշում չունեմ:

-Փաստորեն, նման հավակնոտ կերպով  վերադարձաք, ու հիմա, նախկինի նման ակտիվ չեք:

-Դա Ձեր տպավորությունն է, ես փորձել եմ իմ մտահոգությունները հնչեցնել ռազմական առումով:  Ես փորձել եմ իմ գիտելիքներով, իմ իմացածով, ինֆորմացիայով ներկայացնել, բացատրել, բայց եթե չի ընդունվում, ասում են` «մենք ամեն ինչ շատ լավ գիտենք»… դե գիտեն, թող անեն: Եվ եթե ինչ-որ բան եմ հուշում, իրենց ընկալումն այն  է, որ ես ինչ-որ բան եմ ուզում, անձնական խնդիր եմ լուծում, ինչ ասեմ.. Ես ասել եմ` մենք  ո՞նց պետք է զարգանանք, ի՞նչ տակտիկա պետք է ընդունենք, ի՞նչ ռազմավարություն, ի՞նչ զենքերով պետք է կռվենք:

-Դե, ըստ  ռազմաքաղաքական ղեկավարության` առաջնագծում փոփոխություններ են եղել,  խրամատներ են փորել, նոր սպառազինություններ են ձեռք բերվել վերջապես:

-Էդ ինչ մետալալոմ ունեցել են, էդ մետալալոմն էլ մնում ա, էդ «Իսկանդեր-միսկանդեր», 14 թվին են բերել, էսօր են ցույց տալիս: Ուրիշ ինչ են բերել, կարա՞ք ասել:

-Եթե 14 թվականին  բերել էին, ինչո՞ւ ապրիլյան պատերազմի ժամանակ չկիրառվեց՝ ըստ Ձեզ:

– Էդքան էլ «դուխ» պետք է ունենաս, որ դա օգտագործես:

-Այսինքն, ըստ Ձեզ, եթե պատերազմը, Աստված մի արասցե, վերսկսվի, մերոնք «դուխ» չե՞ն ունենա այն օգտագործելու:

-Հա,  մի հատ խբեցիք Բաքու, 50 հատ էլ ինքն ուղարկում է Երևան, ի՞նչ ես անելու: Դրա համար,  առաջին հերթին,  քեզ պետք է պաշտպանես, որ ինքը չկարողանա ուղարկի, որ նոր դու կարողանաս խփես։ Ես հենց դրա մասին էլ բացատրել եմ:  Ցավոք, մեր իշխանությունը չհասկացավ:  Քանի դեռ դու պաշտպանված չես, նման բաները իմաստ չունեն, որովհետև կրկնում եմ` Բաքու 5 շենք փլուզել ես, մի 5 էլ ինքը Երևան է փլուզել:

-Բայց ինքը «Իսկանդեր» չունի:

– Ինքը «Տոչկա-Ու» ունի, 6-7 ձևի հրթիռ ունի, ինչ կապ ունի` անունը «Իսկանդե՞ր» է, թե ինչ է:

-Գոնե մեզ ներկայացվել էր, որ ամենահզոր զենքն է:

-Դա հզոր զենք ասել… դա հզոր է, երբ որ «յադերնի նաչինկա» ունի, «բայեգալովկեն» «յադերնի» ա.. թե չէ նույն հրթիռն է, ուղղակի նրա արագությունը  ուժեղ է, դրան հակաօդային ուժերին դժվար է եղել խոցել: Դրանում է իր առավելությունը:

– Բայց ես միայն «Իսկանդերի» մասին չէի խոսում, խոսում էի առաջնագծում կատարված փոփոխությունների, փորված խրամատների, ինժեներական կահավորումների մասին: Դա էլ ե՞ք համարում, որ ոչ մի բան չի եղել:

-Նորից եմ կրկնում, որ ունենալու համար  անհրաժեշտ  հնարավորությունները, պետք է փոխել ռազմավարություն, ունենալ այլ տեխնիկաներ: Նոր սերնդի: Իսկ թե խրամատը մի մետր ավել են փորել, թե պակաս, արդեն իրենց խնդիրն է, էսա 25 տարի է փորում են էլի…

-Իսկ Սեյրան Օհանյանին Պաշտպանության նախարար չնշանակելու հետ կապված ի՞նչ կասեք:

-Բացասական եմ գնահատում:

-Բայց եթե քննադատում եք ռազմական ոլորտում տիրող իրավիճակը, ապա  այն ժամանակ ինքն էր դրա պատասխանատուն, ՊՆ-ն ինքն էր ղեկավարում:

-Կապ չունի` ով ա նախարարը, ես նախարարին կամ անձերին չէի քննադատում, ես ռազմավարությունից էի խոսում ու թե ինչ զենքերով պետք  ա պաշտպանվենք:

-Իսկ Խաչատուրովի՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբից հեռանալն ու Անվտանգության խորհուրդ գնա՞լը:

– Որ Խաչատուրովին փոխել են, նորմալ եմ համարում:

-Իսկ այն լուրերը, որ նոր մոդելով զինվորականները գնալու են Շտաբ, քաղաքացիական անձինք մնալու են ՊՆ-ում: Թե՞ կարծում եք, որ ՊՆ-ում պետք է մնան ռազմական կրթությամբ դեմքերը:

-Ես կարծում եմ, որ ճարպակալված  ուղեղները պետք է փոխվեն, վաղուց պետք է փոխվեին: Իսկ ռազմական կրթություն ունենալ-չունենալն այլ խնդիր է. նայած՝ պետությունն ինչ քաղաքականություն է վարել:

-Այսինքն` կարող ենք արձանագրել, որ Սեյրան Օհանյանին ճարպակալված ուղեղ չէիք համարում:

– Իհարկե՝ ոչ:

-Իսկ Ձեր կարծիքով` ինչո՞ւ ինքը պաշտոնանկ արվեց:

– Իմ կարծիքն այդ մասին արդեն չէի ցանկանա ասել: Կարող ա ինչ-որ մարդկանց շահերի դեմ ա եղել, չգիտեմ:

-Կառավարություն փոխվեց, պաշտոնանկություններ եղան: Այս փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում:

-Ես տեղյակ չեմ, չեմ զբաղվում: Կառավարություն ա փոխվում, չի փոխվում, ինձ ի՞նչ դրանից:

-Բայց չէ՞, որ Դուք  մտահոգված էիք երկրում տիրող վիճակով, գնահատականներ էիք տալիս…

-Ես գնահատականներ եմ տվել ռազմական առումով, փորձել եմ մեր ժողովրդին տամ էն իրական ինֆորմացիան, որը կա: Երբ որ չեն հասկանում, չեն ընդունում…. Էդքան էլ բացատրել եմ, էլ ինչ, ես հո ամեն օր չեմ վեր կենալու գնահատական տալու:

Ես ուրախ եմ, որ փոփոխություն են անում, Աստված տա, լավ լինի, չգիտեմ….

-Այդ կառավարությունը, գոնե իշխանությունների մատուցմամբ` ներքին, արտաքին, սոցիալական, բարոյահոգեբանական թերությունները վերացնելու համար է ձևավորվել, փոփոխությունների հրամայականով, որի անհրաժեշտությունը Դուք էլ էիք տեսնում:

-Դե նայենք, տեսնենք` ինչ փոփոխություններ են անելու. մարդ փոխելը հո փոփոխություն չէ՞: Դեռ ծրագիր պետք է բերեն, փոփոխություններ պետք է անեն, որ հասկանանք` դեպի ուր ենք գնում…  հետո ինչ անձերը փոխվել են…

-Ի դեպ՝ գնահատվեց, որ անձերը փոխվել են Մոսկվայի կողմից, Մոսկվայի նշանակումներով: Խոսքը, առաջին հերթին, Կարապետյանի մասին է: 

– Կարեն Կարապետյանին շատ լավ ճանաչելով` չեմ գտնում, որ իրեն Մոսկվայից են նշանակել:

-Կարելի է ասել, որ լավ փոփոխությունների հույսեր չունե՞ք:

-Հլա , ընդհանրապես, որևէ փոփոխություն չեմ տեսնում ու դեռ էնքան բան կա անելու, պետք է հարկային դաշտը թուլացնել, մաքսային դաշտը թուլացնել, դատական համակարգը հստակեցնել: Ես չեմ տեսնում էն փոփոխությունները, որոնցով պետք է բարելավվի, ներդրումներ մտնեն Հայաստան:Կլինի՞ էդ փոփոխությունը՝ գնահատական կտանք, առայժմ անձերի փոփոխություն է եղել ու Կարեն Կարապետյանն էլ դեռ իր   ռազմավարական ծրագիրը չի հրապարակել:

-Բայց որ այդքա՞ն դեմքեր`  Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան…

– Կրկնում եմ` խնդիրն այն է, որ անձերի փոփոխությունը ոչինչ չի տալիս:

-Ինչպես եք գնահատում  քաղաքական դաշտում այս նոր տեղաշարժերը. խմորումներ, միավորումներ, Վիկտոր Դալլաքյանն  է ասպարեզ վերադառում:

– Ես դրանով չեմ զբաղվում (Հեղ. -ծիծաղում է)… և ես չեմ տեսնում ռեալ ուժեր, որ քաղաքական դաշտն ուղղորդում են:

 

 

 

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “Բացասական եմ գնահատում Սեյրան Օհանյանին նախարար չնշանակելը. Սամվել Բաբայան. tert.am” հրապարակմանը