Օրբելյանը հեռակառավարման վահանակով կկառավարի օպերային թատրոնը

Oct 06, 2016 Comments Off on Օրբելյանը հեռակառավարման վահանակով կկառավարի օպերային թատրոնը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ տեղի ունեցավ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի եւ օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հանդիպումը լրագրողների հետ: Իր խոսքում Օրբելյանը նշեց, որ  հասցրել է ծանոթանալ մեներգիչների հետ,  գիտի նրանց  անունները, սակայն իրեն ավելի  հետաքրքիր է ծանոթանալ երգիչների, նրանց ձայնային տվյալների հետ։ Մտածում ենք՝ ինչ նոր ներկայացումներ դնել, որպեսզի երիտասարդ մեներգիչները նորմալ ընթացքով զարգանան։

Օպերային թատրոնն Օրբելյանի գլխավորությամբ պատրաստվում է նոր պրեմիերաների։ Դրանց թվում կլինի «Տոսկա» օպերան, որին կհաջորդի «Դիմակահանդես» բալետը։ Պրեմիերան նախատեսված է դեկտեմբերին, իսկ գարնանն արդեն Օրբելյանը պլանավորում է համերգային կատարումների ձեւաչափով մի շարք օպերաների պրեմիերաներ, որոնց թվում է «Ռիգոլետոն», «Եվգենի Օնեգինը»։ Լրագրողների հետ զրույցում օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն անդրադառնալով   Օրբելյանի Հայաստանում գտնվել- չգտնվելու փաստին՝ նշեց,  որ քանի որ Գեղամ Գրիգորյանի մահն անակնկալ էր, եւ իրենք էլ նրան անակնկալ կերպով աշխատանքի հրավիրեցին, ապա մինչեւ 2017-ն Օրբելյանն անընդհատ մեկնելու է եւ վերադառնալու։ Արզումանյանը վստահեցրեց, որ դա չի խանգարում աշխատանքին, եւ ինքը շատ լավ գիտի, թե ով ինչ է երգում, ով ինչի է պատրաստ։ Բացի դրանից՝ ժամանակակից տեխնիկան հնարավորություն է տալիս, որ մարդու հետ նաեւ դիստանցիոն կապի մեջ լինես ու աշխատես։   Օրբելյանն էլ իր հերթին հավելեց, որ ինքը Երեւանում տուն ունի եւ գրեթե ամեն 2 շաբաթը մեկ Երեւանում է լինում. «Ասել դիստանցիոն կառավարում՝ այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ ես կապի մեջ եմ օպերային թատրոնի հետ անընդհատ»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: