Ինչո՞ւ է ձգվում ամենագլխավորների նշանակումը

Sep 29, 2016 Comments Off on Ինչո՞ւ է ձգվում ամենագլխավորների նշանակումը

Արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հարցը որոշում է հանրապետության նախագահը, նշանակումները կլինեն նախատեսված ժամկետներում, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, ասել է փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա վստահեցրել է, որ մինչև շաբաթվա վերջ Կարեն Կարապետյանի կառավարության կազմն ամբողջությամբ կձևավորվի:

Մամուլում նախ՝ արտգործնախարարի, այնուհետև պաշտպանության նախարարի փոփոխությունների հարցն էր համառորեն արծարծվում: Շրջանառվում էր նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անունը` մեկ արտգործնախարի, ապա պաշտպանության նախարարի պաշտոնում:

Հատկանշական էր, որ հենց ռուսական մամուլում սկսեցին քննարկվել Պաշտպանության և արտգործնախարարների նշանակման ու պաշտոնանկության հարցերը: Նախ` տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, թե Սեյրանի Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի, ինչը օրեր անց նա փաստորեն հերքեց, ցույց տալով, որ մտադիր չէ միջազգային կառույցում աշխատել:

Ինչ վերաբերում է Նալբանդյանի նշանակմանը, ապա նախ` ռուսական մամուլը հերքեց, որ նա պաշտոնանկ կարվի, ապա քննարկվեց նաև նրա հնարավոր փոփոխությունը:

Հիմա խորհրդավոր լռություն է…

Ապրիլյան քառօրյա պատերազմը առավել ցցուն դարձրեց Պաշտպանության և արտաքին գործերի նախարարների նշանակման հարցը: ՀՀԿ-ում էլ շատերը, իսկապես, տեղյակ չեն՝ կվերանշանակվե՞ն արդյոք Նալբանդյանը ու Օհանյանը:

Խոշոր հաշվով այս երկու պաշտոնները առանցքային են լինելու հետագայում` դարձյալ ղարաբաղյան խնդրի համար, և այստեղ է, որ Մոսկվան ցույց է տալու, թե ինչ ապագա է ցանկանում ԼՂ խնդրում, ասել է թե` պաշտոնական Երևանի ներկայացուցիչների ընտրության հարցում:

Նալբանդյանը համարվում է ամբողջովին ռուսական ազդեցության տակ գտնվող գործիչ, նա Մոսկվայի գծի սպասարկու է, և դա որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ, ու թե ինչպես նա ու ղեկավարած գերատեսչությունն իրեն դրսևորեցին ապրիլյան պատերազմի օրերին, բոլորի աչքի առջև էր. հաստատվեցին ավելի վաղ եղած հիմնավոր դժգոհությունները, որոնք գուցե ոչ այնքան էին ցցուն մինչև ապրիլյան պատերազմը:

Մի ողբերգություն է, որ Մոսկվան բացահայտ է ցույց է տալիս, թե ովքեր են իր դաշտում խաղացողները, մեկ այլ ողբերգություն, որ իշխանությունը Հայաստանում ռուսական գծին հակառակվելու կամք չունի:

Ինչ վերաբերվում է Սեյրան Օհանյանի հնարավոր հեռացմանը, ապա խնդիրն իսկապես խորքային է` բանակաշինություն, հնարավոր պատերազմի պատրաստվածություն և այլն: Սեպտեմբերի 21-ի զորահանդեսով, իհարկե, ինչ-որ առումով Սեյրան Օհանյանը իրեն փրկելու փորձ կանի, այն առումով, որ Հայաստանը հենց իր օրոք է ստացել մի քանի խիստ կարևոր նշանակության զինատեսակներ, որոնք են ցուցադրվեցին այդ օրը: Սակայն Հայաստանը պետք է դուրս գա «ցուցադրական» երևույթներից:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե` «Սեյրան Օհանյանը, առավել ևս՝ այս պատերազմական իրավիճակի մեջ, իրեն դրսևորել է որպես բանիմաց ռազմական գործչի»: «Ես որևէ վատ բան չեմ կարող ասել՝ վատ բան, այսինքն, կամ թերացումներ: Իհարկե, եղել են նեգատիվ երևույթներ, դուք ականատես եղաք վերջին երևույթներին, և չի կարող նման մեծ ոլորտում թերություններ չլինեն, բայց թերությունների համար պետք է պատասխան տան բոլորը անխտիր», – հավելեց իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնպե՞ս նրանց թվում է, հարցին Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է․«Եթե հանկարծ քննության մեջ պարզվի, որ նաև եղել է թերացումներ պաշտպանության նախարարի՝ որպես կազմակերպչի, կառավարիչի, իր չափով նա կարող է կրել, բայց առայժմ նման երևույթներ չկան»: Ի պատասխան հարցի էլ՝ «քննությո՞ւն է գնում հիմա», ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է․«Դուք գիտեք, որ քննություն գնում էր այն մասով, որը որ դուք տեղյակ եք, դրա մասով քննություն գնում է»:

Հայաստանն այսօր սոցիալ-տնտեսական այնպիսի իրավիճակում է գտնվում, որ նոր կառավարության ներկայացուցիչների բոլորի աշխատանքը իր ոլորտում լինելու է, թերևս, բավական ծանր աշխատանք: Սակայն պաշտպանության նախարարի ու արտգործնախարարի նշանակումներն, իսկապես, կարևոր ցուցիչ են դառնալու այն առումով, թե ինչ «դասեր» է քաղել Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից…

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: