ՀՀԿ ցուցակը 2017-ին Կարեն Կարապետյանը չի գլխավորի. քաղտեխնոլոգ  

Sep 30, 2016 Comments Off on ՀՀԿ ցուցակը 2017-ին Կարեն Կարապետյանը չի գլխավորի. քաղտեխնոլոգ  

 

Հարցազրույց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:

Պարո՛ն Հակոբյան, Հայաստանում վարչապետի պաշտոնանկությամբ և նոր վարչապետի նշանակմամբ՝ քաղաքական նոր գործընթաց է մեկնարկում: Տեղի ունեցածը ինչո՞վ եք բացատրում, ի՞նչ  խնդիր է լուծվում Կարեն Կարապետյանի նշանակմամբ:

Իմ կարծիքով՝ Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում դա ներքին և արտաքին շահերի համադրում է: Նախընտրական այս փուլում տնտեսական, սոցիալական, քաղաքական և բարոյահոգեբանական իրավիճակը այնքան վատ է, որ իշխանությունը անգամ սեփական շահերի զոհաբերման գնով բերել է մի նոր վարչապետի, որը կարող է իր շուրջ ձևավորված իմիջով երկրում որոշակի դրական սպասումներ առաջացնել: Ապացուցված բան է, որ բիզնեսի և քաղաքական պրոցեսների վրա դրական սպասումները շատ մեծ ազդեցություն են թողնում:

Այսինքն՝ այս փոփոխություններով ընդամենը դրական սպասումների ձևավորման խնդի՞ր է լուծվել:

Այո՛, երկրի ներսում հիմնականում դրական սպասումների խնդիր է լուծվել: Իսկ երկրից դուրս, արտաքին շահերի համադրման տեսանկյունից, ակնհայտ է, որ Հայաստանում թե՛ ապրիլյան պատերազմից, թե՛ հուլիսյան դեպքերից հետո  Ռուսաստանի նկատմամբ բավականին լուրջ անվստահության մթնոլորտ կա: Ռուսաստանի ամենաբարձր ատյաններում կասկածներ ունեն, որ այդ տրամադրությունները ուղղորդվում են ՀՀ իշխանությունների կողմից: Այդ պատճառով էլ որոշվել է այս իրավիճակի մեջ բեկում մտցնել  և բերել այնպիսի կադր, որն ունի էֆեկետիվ մենեջերի իմիջ և առավելապես ընկալվում է ապաքաղաքական կերպար և կապված չէ տեղական քրեաօլիգարխիկ կլանների հետ: Մոսկվայից Սերժ Սարգսյանին արվել է առաջարկություն,մ որից ինքը չի կարողացել հրաժարվել:

Մենք նախկինում ևս ունեցել ենք դրսից հրավիրված տեխնոկրատ վարչապետ՝ ի դեմս Արմեն Սարգսյանի, սակայն նա կարծես թե չհաջողեց: Կարծում եք, որ այն ժամանակ չաշխատած մոդելն այս անգամ կաշխատի՞:

Այո՛, մենք նման էքսպերիմենտ ունեցել ենք. Արմեն Սարգսյանն ընդամենը մի քանի ամիս աշխատեց, իսկ թե ինչով կավարտվի այս էքսպերիմենտը,իհարկե ցույց կտա ժամանակը: Իմ կարծիքով՝ նոր վարչապետի առաջին քայլերը շատ զգուշավոր օպտիմիզմ են առաջացնում, մնացածը կերևա ժամանակի ընթացքում: Դրական է, որ որոշ օդիոզ դեմքեր հեռացվեցին կառավարությունից, և լայն հանրային զանգվածներին անհայտ տեխնոկրատներ կամ պրոֆեսիոնալներ եկան:

 ՀՀԿ-ի նիստում  նախագահը, երբ ներկայացնում էր Կարեն Կարապետյանին, նշեց, որ ի թիվս այլ հարցերի՝ Կարեն Կարապետյանի հետ քննարկել է նաև ՀՀԿ-ի տրանսֆորմացիայի և վերափոխման խնդիրը: Սեփական թիմակիցներին ուղղված ի՞նչ մեսիջ էր սա, եթե հաշվի առնենք, որ Կարեն Կարարեպետյանն անգամ ՀՀԿ անդամ չէ:

Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ականները այդ հայտարարությունից իրենց հետևություններն արեցին, և դա հստակ երևաց և՛ ԱԺ-ում, և՛ կառավարությունում նոր վարչապետին  ցուցաբերած սառը ընդունելությամբ: ՀՀԿ-ի նոմենկլատուրային հատվածը և նոր սերնդի այն հատվածը, որը հավանաբար ինչ-որ ակնկալիքներ ուներ, կարծում եմ՝ հասկացավ, որ ունի մտահոգվելու առիթ: Իրենք հավանաբար հասկացան, որ նոր տիպի գործիչների պահանջ է առաջացել, և իրենք այլևս պահանջարկված չեն: Գոնե  միառժամանակ գործադիրում քաղաքական պատկանելությունը այլևս պարտադիր չէ:

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ի՞նչ տեսք կունենա ՀՀԿ համամասնական ցուցակը և ո՞վ կգլխավորի այն:  

Կարծում եմ՝ ոչ Կարեն Կարապետյանը: Հնարավոր է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորի հենց Սերժ Սարգսյանը, ինչպես դա եղավ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Իսկ ՀՀԿ ցուցակում, ես կարծում եմ, կարող են տեղ գտնել բազմաթիվ ոչ ՀՀԿ-ականներ:

Ձեր կարծիքով՝ ՀՀԿ-ն՝ որպես կուսակցություն, կշարունակի՞ մնալ նույնքան կուռ, թե՞ կսկսվի պառակտումը:

ՀՀԿ-ի պառակտումը ես հավանական եմ համարում:

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից հետո եղան նաև մեկնաբանություններ, որ սրանով ազդարարվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը դեպի մեծ քաղաքականություն: Նշվում էր հատկապես, այսպես կոչված, քոչարյանական կադրերի պաշտոնական առաջխաղացման հարցը՝ նկատի ունեմ Ալիկ Արզումանյանի, Արմեն Գևորգյանի նշանակումները: Դուք նման զարգացում տեսնո՞ւմ եք, արդյո՞ք կա համապատասխան հանրային ռեսուրս՝ նման զարգացման համար:

Կադրերի մասին ասեմ, որ այն մարդիկ, ում մասին ասվում են՝ Քոչարյանի կադրեր, ավելի երկար աշխատել են Սերժ Սարգսյանի թիմում և զբաղեցրել են բարձր պաշտոններ: Օրինակ՝ նույն Արմեն Գևորգյանը:

Քոչարյանի վերադարձի մասին խոելու համար նախ պետք է զգալ, որ ինքը Քոչարյանը նման ցանկություն ունի: Վերջին տարիներին Ռոբերտ Քոչարյանը, իմ տպավորությամբ, զվաղվում է քաղաքական վերլուծություններով և անում է բարձրակարգ վերլուծություններ, բայց վերադարձի ցանկություն գոնե ես նրա հրապարակային հայտարարություններում չեմ տեսել, ինքը նման մեսիջներ չի ուղարկել: Բայց եթե նման ցանկություն լինի, ես կարծում եմ՝ համպատասխան ռեսուրսները շատ արագ կձևավորվեն: Քոչարյանը, հնարավոր է, որ այս պահին չունի հանրային ռեսուրս, բայց ունի վարչական ռեսուրս, որը կարող է ձևավորել նաև Ձեր նշած հանրային ռեսուրսը: Իշխանութան հանրային ռեսուրսը, որպես կանոն, շատ արագ է վերափոխվում և ծառայում է այդ պահի իշխանությանը:

 

Հարցազրույցը՝ Կարինե  Սարիբեկյանի

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: