Վարչապետի նախկին գլխավոր խորհրդականը չհասցրեց իր ծրագրերն իրականացնել

Sep 21, 2016 Comments Off on Վարչապետի նախկին գլխավոր խորհրդականը չհասցրեց իր ծրագրերն իրականացնել

Օրերս իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Գագիկ Արզումանյանը։ Hayeli.am-ի հետ զրույցում Գագիկ Արզումանյանը, խոսելով իր խաշտոնավարման ընթացքում իրեն վստահված ոլորտների և իր առաջարկած հայեցակարգային մոտեցումների մասին նշեց, որ մի քանի կարևոր և լուրջ  հայեցակարգային փաստաթղթեր է  ներկայացրել.  «Առաջինը վերաբերում էր կոնտակտային միջավայրի ձևավորմանն ու բարեփոխմանը, երկրորդը՝ Ճանապարհային ոստիկանության բարեփոխման հայեցակարգն էր, որից հետո ՃՈ-ը կարող էր դառնալ աշխարհում լավագույնը: Հայեցակարգային փաստաթուղթ է  ներկայացվել նաև Հարկային օրենսգրքի վերաբերյալ: Այդ փոփոխություններով փորձ էր արվում հանրության շահերն առավել շատ արտացոլել Հարկային օրենսգրքում, թեպետ,  վերջնական լուծումներ չհասցրեցինք տալ այդ քննարկումներին: Ընդերքի ոլորտի հետ կապված որոշակի աշխատանքներ տարվեցին: Ըստ այդ կարգավորումների՝ առաջարկվող օրենսդրությունը համապատասխանելու էր աշխարհի լավագույն փորձին»: Անդրադառնալով դիտարկմանը, թե նշված հայեցակարգերից ո՞րը հաջողեց իրեն իրականացնել, Գագիկ Արզումանյանը պատասխանեց. «Ես աշխատել եմ ուղիղ երեք ամիս, և այդ ամիսների ընթացքում իմ նշած բոլոր ուղղություններով ներկայացրել եմ, իմ կարծիքով,  բավականին արդյունավետ լուծումներ: Ցավոք,  դրանք  իրականություն դեռ չեն դարձել. ժամանակը չհերիքեց դրանց համար: Հույսով եմ՝ կյանքը չի կանգնի,  և այդ ոլորտներին համապատասխան լուծումներ կտրվեն»: Նախկին վարչապետի գլխավոր խորհրդականը, խոսելով  ապագա Հայաստանի իր տեսլականի մասին, հույս հայտնեց, որ մեր երկիրն ունի բոլոր նախադրյալները՝ աշխարհի առաջադեմ ներդրումային երկիրը դառնալու համար. «Որևէ բան չի խանգարում,  որ Հայաստանն  առաջիկա տասնամյակի ընթացքում դառնա ամենաառաջադեմ երկիրն աշխարհում: Կցանկանամ, որ շատ մոտ ապագայում Հայաստանը թե՛լայն  հասարակության, թե՛ օտարերկրյա ներդրողների համար համարվի լավագույն ներդրումային միջավայրն ու երկիրը»:

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: