Արտակարգ դեպք և պայթյուն՝ Երևանում

Sep 09, 2016 Comments Off on Արտակարգ դեպք և պայթյուն՝ Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Որմնադիրների փողոցի թիվ 52 տան բակում, դեռևս չբացահայտված հանգամանքերում, տեղի ունեցած պայթյունի փաստով: Ժամը 11:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված տան բակում պայթյուն է լսվել, ինչից հետո 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արամ Մանասյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև էրեբունու քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ: Պարզվել է, որ պայթյունի հետևանքով Էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել 45-ամյա Մարինե Գևորգյանը, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա վիճակը գնահատվում է ծանր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Պողոսյանը: Պայթյունի հանգամանքները պարզվում են:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: