Հակոբյանը պատրաստ է ձայնը տալ Մանվել Գրիգորյանի որդուն, եթե գեներալը ձեռքը դնի Սուրբ գրքին ու երդվի

Aug 31, 2016 Comments Off on Հակոբյանը պատրաստ է ձայնը տալ Մանվել Գրիգորյանի որդուն, եթե գեներալը ձեռքը դնի Սուրբ գրքին ու երդվի

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն այսօր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որով իր մրցակից Արթուր Թումանյանին բանավեճի առաջարկ է արել: Էջմիածնի քաղաքապետը, մասնավորապես, գրել է. «Էջմիածնի քաղաքապետի «այլընտրանքային» թեկնածու ներկայացող պաչկին` Թումանյան Արթուր, Աբգարյան Հրաչ, Զնդո, Ճոյտ, հրավիրեցի քաղաքակիրթ բանավեճի («Հայկական ժամանակ», 27.08.2016թ., էջ3), սակայն, այդպես էլ արձագանք չեղավ: Հակոբ Հակոբյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Գրիգորյանի հայտարարությանն ասաց, որ ինքը երբեք չի հրաժարվել ու միշտ պատրաստ է եղել կամ Կարեն Գրիգորյանի կամ իր պապայի հետ նստել բանավեճի, բայց պայմանով, որ ոչ թե դա խմբակային կլինի, այլ բացառապես միայն իր հետ.«Իսկ ինքը խմբակային առաջարկ է արել, որը նշանակում է, որ իր չուզողներն այնքան շատ են, որ խմբերով է ուզում բանավիճի» ասաց Հակոբ Հակոբյանը։

-Ինչի՞ մենք պետք է մի քանի հոգով գնայի՞նք, բացառվում է։ Ես ասել եմ ու կրկնում եմ՝ պատրաստ եմ միայնակ գնալ բանավեճի։Ես որեւէ անձնական հարց չեմ բարձրացնի, միայն Էջմիածին քաղաքին վերաբերող հարցեր կբարձրացնեմ։ Ես ի՞նչ իրավունք ունեմ անձնական հարցեր բարձրացնեմ։ Ես ընդամենը որպես ընտրող հարցազրույց տվեցի ու մի շարք հարցեր բարձրաձայնեցի, որ քաղաքապետարանը լծվել է գործող քաղաքապետի քարոզչությանը։ Իրենք ինձ ներքաշեցին ընտրական գործընթացների մեջ, բայց կրկնում եմ՝ ես ընդամենը որպես ընտրող ինձ հուզող հարցերի մասին խոսեցի։ Վերջիվերջո, ես մեկ ընտրող եմ, ընտրվող չեմ ու չեմ հայտարարել, թե իմ ձայնը ում եմ տալու, պարզապես ես ուզում էի, որ հանրությությունը ու նաեւ ինքը մեր բանավեճի ընթացքում տեղեկանա քաղաքի խնդիրների մասին։ Իրենք չեն հասկանում, որ ընտրող մարդու հետ չի կարելի մտնել բանավեճի մեջ, որովհետեւ Էջմիածնում կա 20 հազար ընտրող, ամեն մեկը տարբեր կարծիք ունի, ինչ է բոլորի հետ պետք է բանավիճե՞ն։

-Այսինքն, դուք Արթուր Թումանյանին չեք աջակցո՞ւմ, բայց տպավորություն է ձեւավորվել, որ դուք մի թիմից եք ու պայքարում եք Գրիգորյանների դեմ։

-Ինքը հայտարարում է, որ բոլոր էջմիածնցիներն իր թիմից են, նույն բանը կարող է համարել նաեւ Կարեն Գրիգորյանը։Ես մեկ ընտրող եմ, որը իրեն հուզող հարցեր է բարձրացնում, ինձ հետ պետք չի մտնել բանավեճի մեջ։

-Տպավորություն կա, որ խուսափում եք արդեն հայտարարել, որ դեմ եք Գրիգորյաններին, ինչ-որ բան է փոխվե՞լ։

-Ես դեմ եմ Էջմիածնում վախի մթնոլորտին, ես դեմ եմ, որ էջմիածնցին վախեցած ապրի, ոտնահարված ապրի, թե ով կլինի քաղաքապետ ու վերջ կտա այս ամեն ինչին, ես նրա կողմնակիցն եմ։ Թե չէ մանր հարցերը՝ մի փողոց ասֆալտած կլինի, մեկը չի լինի, դրանք կարեւոր չեն։ Մենք ավելի բարդ ժամանակներու էլ ենք ապրել։ Հաղթահարել ենք ցուրտ ու մութ տարիները, այսօր ես ուզում եմ, որ Էջմիածինը Հայաստանում մյուս քաղաքների նման դառնա։ Մարդիկ չվախենան խոսելուց, քայլելուց, դուրս գալուց։

-Հիմա վախենո՞ւմ են խոսել, քայլել, դուրս գալ։

-Այո։ Եթե մի տեղ կա համերաշխություն, կլինի ամեն ինչ, բայց եթե կա վախի մթնոլորտ, ապա ոչինչ չի կարող լինել։

-Մանվել Գրիգորյանը խոստացել է, որ եթե Թալիշը չվերաբնակեցվի, ինքը կգնա կապրի այնտեղ։ Համբերեք մի քիչ։

-Դա իր իրավունքն է՝ ուր կգնա, ես որեւիցե մեկի անձնական որոշումները չեմ քննարկում, գնահատում։ Ես ընդամենը կոչ եմ անում՝ կարո՞ղ է այնպես անել, որ մարդկանց չվախեցնի։ Թող քաղաքում քայլելիս մարդիկ մոտենան, ասեն գեներալ, թույլ կտաք ձեր հետ նկարվել, քո ստորագրությունը մի հատ դիր մեր բլոկնոտի մեջ, թող այդպես լինի, ոչ թե մարդիկ վախենան, անիվներ իջեցնեն։ Ավելին ասեմ՝ եթե Մանվել Գրիգորյանը ձեռքը դնի Սուրբ գրքին եւ երդվի, որ ինքն այլեւս մարդկանց ավտոմեքենաների անիվները չի իջեցնի. Մարդկանց չի վախեցնի, չի միջամտի քաղաքապետի գործերին, ես էլ իմ ձեռքս կդնեմ Սուրբ գրքին ու կերդվեմ, որ իմ ձայնը տալու եմ իրեն, կոչ կանեմ նաեւ, որ էձմիածնցին իր ձայնը տա Կարեն Գրիգորյանին։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: