Կխաբեք եվրոպացիներին, բայց ոչ մեզ

Aug 31, 2016 Comments Off on Կխաբեք եվրոպացիներին, բայց ոչ մեզ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրված արտահերթ նիստում չեղյալ է համարել 2016 թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը:

Ընտրական օրենսգրքում ամրագրված վերահսկողական մեխանիզմներն առաջիկա ԱԺ ընտրություններում չեն կիրառվելու, քանի որ ըստ Կառավարության գրավոր պատասխանի՝ նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել փոփոխությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները։ «Խնդիրն այն է, որ նշված օրենքը նոր նմուշի նույնականացման քարտերի տրամադրում է ենթադրում, ինչը նշանակում է 10 մատների մատնահետքերի առանձին հավաքագրում, ուստի նշված ժամանակահատվածում ՀՀ այն քաղաքացիները, ովքեր չունեին նույնականցման քարտ, պիտի հայտ ներկայացնեին և ստանային քարտեր: Նման քաղաքացիների քանակը շատ է, մյուս կողմից էլ անհրաժեշտ են տեխնիկական և ֆինանսական միջոցներ այդ աշխատանքներն իրականացնելու համար», – պարզաբանել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Տեխնիկական միջոցների տեղադրումը նախատեսվում էր սկսել սեպտեմբերի 1-ից, սակայն վերջին օրերին հայտնի դարձավ, որ 4+4+4 ձևաչափով քննարկումների արդյունքում ձեռք բերված և Ընտրական օրենսգրքում ընդգրկված այդ վերահսկողական մեխանիզմները չեն գործելու։ Մուկուչյանը մեջբերեց Դավիթ Հարությունյանից ստացված պատասխանը, ըստ որի՝ Կառավարությունը մի շարք անհրաժեշտ գործողություններ է նախաձեռնել ընտրական գործընթացի ապահովման համար՝ օրենքում սահմանված պայմանները ապահովելու համար, սակայն բոլոր միջոցառումների իրականացումն անխուսափելիորեն պահանջում է ոչ պակաս, քան մի քանի ամիսների աշխատանք, ինչը տվյալ դեպքում բացառում է օրենքով սահմանված ժամկետում նշված գործընթացների մեկնարկը սեպտեմբերի 1-ին: Այն, որ իշխանությունները սովորության համաձայն <<քցելու>> էին ընդդիմադիր գործընկերներին, ոզնուն անգամ հայտնի էր, այդ մասին անկասկած գիտեին նաեւ իրենք՝ քցվածները: Պատահական չէ, որ 4+4+4 քննարկումներին մասնակից քաղհասարակության ներկայացուցիչները չստորագրեցին այդ համաձայնագրի տակ, քանզի իսկզբանե առաջ քաշված պահանջը՝ ընտրողների ցուցակների պաշտոնական հրապարակման վերաբերյալ, մերժվել էր իշխանությունների կողմից, իսկ այդ պարագայում այլեւ արժանահավատ չէր ընտրությունների վերահսկման այլ մեխանիզմների ներդրման իշխանությունների պատրաստակամությունը: Բայց վերջին տարիներին իշխանություններին անվերապահորեն հավատացող ընդդիմադիրները չըմբոստացան ռեժիմի դեմ, սկզբունքորեն չպայքարեցին այդ կարեւոր հարցի համար եւ չբեւեռեցին միջազգային կառույցների ուշադրությունը խնդրի վրա, որը կարող էր անկանխատեսելի հետեւանք ունենալ, ասենք՝ դրսի պարտադրանքի արդյունքում իշխանությունները գնային նման փոփոխությունների: Եղավ այն, ինչի մասին կերազի ցանկացած իշխանություն, Վենետիկի հանձնաժողովի վերջնական զեկույցում ողջունվեց իշխանությունների ընդդիմության հետ համատեղ քննարկումներ ունենալու եւ հնարավորինս անկողմնակալ օրենսգիրք մշակելու կամքը: Պետք չի կասկածել, որ հիմա էլ նույն ընդդիմադիրները ավելի ամրապնդված վստահությամբ կհայտարարեն, թե հավատում են իշխանություններին ու հիմա վերահկողության մեխանիզմների տապալմանն այլընտրանք ներկայացված ցուցակների հրապարակման խոստումներին:Կպնդի, որ հենց այդ պահանջն էլ իսկզբանե ունեցել են ընդդիմադիրները:Իրականում խնդիրն այն է, որ հասարակությունն այլեւս չի հավատում ոչ ընդդիմադիրներին եւ ոչ էլ իշխանությանը, առավել եւս նրանց կայացրած համաձայնության վերաբերյալ: Հայաստանի խորհրդարանում հայտնված ուժերը ոչ թե վստահության քվե են ստացել հասարակության կողմից, այլ «անցողիկ քվոտա» իշխանությունների կողմից, այնպես որ բոլոր տեսակի համաձայնությունները կայանում են այդ քվոտային վերստին արժանանալու համար:Ուստի, իշխանություն-ընդդիմություն համաձայնությամբ կարելի է խաբել եվրոպացիներին, բայց ոչ մեզ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: