Դատարանը մերժեց

Aug 29, 2016 Comments Off on Դատարանը մերժեց

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ժիրայր Սեֆիլյանի կալանքի ժամկետի երկարացման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը։ Դատարանի որոշումը կբողոքարկվի: Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Սեֆիլյանի փաստաբաններից Արա Զաքարյանը:

Փաստաբանը նշեց, որ իրենց փաստարկների հիմքում դրված էր այն հանգամանքը, որ ներկայացված նյութերով չի հիմնավորվում, որ Ժիրայր Սեֆիլյանն առնչություն է ունեցել իրեն մեղսագրվող հանցագործությանը. «Չեն ներկայացվել թույլատրելի նյութեր, որոնք կարող են ցույց տալ, որ Սեֆիլյանն ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քննությանը։ Չի երևում քննիչի կողմից ջանասիրաբար գործը քննելու հանգամանքը և դատարանն ընդհանրապես չի պատճառաբանել գրավը մերժելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը: Դրա հետ մեկտեղ ցույց տրվեց, որ քրեական գործերը քաղաքական են, խոսքը վերաբերում է նաև նախորդ տարի հարուցված քրեական գործին»:

Հարցին, թե Սեֆիլյանի գործում հանգամանքների փոփոխություն եղե՞լ է, հաշվի առնելով այն, որ «Սասնա ծռերի» գործը միացվել է Սեֆիլյանի գործին, փաստաբանը պատասխանեց. «Այդ գործերն իրար միացնելու իմաստն ինքն անձամբ չի հասկանում և գործում որևէ փոփոխություն չկա»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: