«Սուրիկ Խաչատրյանը ոնց չի խառնվի». Աշոտ Հայրապետյան

Aug 31, 2016 Comments Off on «Սուրիկ Խաչատրյանը ոնց չի խառնվի». Աշոտ Հայրապետյան

Հոկտեմբերի 2-ին Ղափանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու է գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, նա Սյունիքի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիմից է։

Կապանի նախկին քաղաքապետ, դաշնակցական Արթուր Աթայանը նույնպես առաջադրվել է։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ Կապանից ստացված լուրերի համաձայն Սուրիկ Խաչատրյանը ոտուձեռ է ընկել, ամեն ինչ անում է, որպեսզի Աթայանը հրաժարվի քաղաքապետ դառնալու մտադրությունից, հակառակ պարագայում Սուրիկ Խաչատրյանը կկորցնի մեծ քաղաքների նկատմամբ իր ազդեցությունեը։ Մեկ անգամ արդեն եղել է նման բան. Արթուր Աթայանը Լիսկայի ճնշումների տակ հանել է իր թեկնածությունը Ղափանի քաղաքապետի պայքարից։

Նա իր հայտարարության մեջ նշել էր, որ «օրեցօր մարզկենտրոնում շիկանում է մթնոլորտն ու կապանցու քվեին արժանանալու համար կիրառվում են անընդունելի մեթոդներ, որ իր կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների»:

Կկրկնվի՞ այս անգամ նույն իրողությունը, թե ոչ՝ պարզ կլինի առաջիկա օրերին, սակայն գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը վստահեցնում է, որ ճնշումներ չեն եղել, այլապես Աթայանն այս անգամ էլ չէր առաջադրվի, քաղաքապետը։ ԲՀԿ-ն Կապանում նույնպես թեկնածու կունենա ՝ Արթուր Մարտիրոսյանը, որը Կապանի ԲՀԿ տարածքային խորհրդի նախագահն է, Կապանի զորամասի նախկին հրամանատարը։ Գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ զրուցեցինք առաջիկա ընտրությունների ու մրցակիցների մասին։

-Պարոն Հայրապետյան, ՀՅԴ-ական Արթուր Աթայանն առաջադրել է թեկնածությունը, ինչպես եք գնահատում իր առաջադրումը։

-Ես չպիտի գնահատեմ իր առաջադրումը, ինքը պիտի գնահատի, հանրությունը պիտի գնահատի։ Ինչ վերաբերում է իմ գնահատականին, ես զերծ կմնամ, քանի որ դեռեւս առաջադրումների փուլն է եւ իմ ցանկացած հայտնաբերած խոսք կարող է դիտվել քարոզչություն կամ հակաքարոզչություն, որի համար կա սահմանված ժամկետ։

-Անցած անգամ Արթուր Աթականը հայտարարեց, որ ձեր թիմի կողմից իր նկատմամբ ճնշումների պատճառով է դուրս գալիս պայքարից։ Ձեր համար նա լուրջ մրցակից է եղել։

-Նույն հաջողությամբ էլ Աթայանը հետո հայտարարեց, որ դա իր տեսակետը չէ, բայց եկեք դա չքննարկենք, որովհետեւ ինչպես նշեցի քարոզչությունը դեռ չի սկսել։

-Այս ընտրություններին նույնպես շատերը կանխատեսում են, որ Սուրիկ Խաչատրյանը կխառնվի։

-Մարզպետը քաղաքական թիմի ներկայացուցիչ է, մարզային խորհրդի նախագահ, իր դիրքորոշման մասին կարծում եմ կիմանաք իրենից, իսկ ինչ վերաբերում է, թե կխառնվի, ի՞նչ է նշանակում լինել թիմի անդամ ու չմասնակցել, ո՞նց չի խառնվի, իսկ եթե պնդում եք, որ անցած ընտրություններին ճնշումներ են գործադրվել, ապա նույն մարզպետը պաշտոնավարում է, ոչինչ չի փոխվել, եթե ճնշումներ եղել են, ո՞նց հասկանանք հիմա նորից առաջադրումը։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: