Մնացականյանը մեղադրո՞ւմ է Խաչատուրովին

Aug 29, 2016 Comments Off on Մնացականյանը մեղադրո՞ւմ է Խաչատուրովին

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ղեկավար Լևոն Մնացականյանը «Ռեգնումի» հետ հարցազրույցում հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի ընթացքում կորցրած դիրքերը ետ բերելու հնարավորություն հայկական կողմը դեռ կունենա: «Իհարկե, լավ կլիներ, եթե դիրքեր չկորցնեինք ընդհանրապես: Այնուամենայնիվ, այն կարճ ժամանակահատվածում, որ մինչև հրադադարը մենք կարողացանք զգալիորեն վերականգնել մեր դիրքերը, և եթե ռազմական գործողությունները շարունակվեին, մենք ավելի լայն հնարավորություններ կունենայինք»,- հայտատարել է Մնացականյանը՝ փաստացի պաշտոնապես հավաստելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հրադադարը հայկական կողմին պարտադրվել է և առավել ձեռնտու է եղել Ադրբեջանին:

ՊԲ ղեկավարն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչպես է գործել հետախուզությունը, և որոնք էին հայկական կողմի սխալները:

«Մենք հետախուզության միջոցով որոշակի տեղեկատվություն ունեինք հակառակորդի գործողությունների մասին, նախապատրաստվել էինք, աշխատանքներ էինք իրականացրել: Բայց մենք չենք իմացել, որ հարձակման մասշտաբներն այդպիսին էին»:

Ըստ Լ. Սարգսյանի՝ այս իմաստով կարելի է համարել, որ որոշակի բացթողումներ եղել են, քանի որ անսպասելի է եղել այն, որ թշնամու հարձակումը եղել է շփման գծի ամբողջ երկայնքով, սակայն ապրիլյան պատերազմն ու հայկական կողմի պատրաստվածությունն ինչ-որ տեղ զսպաշապիկ է հագցրել Ադրբեջանին:

Լևոն Մնացականյանը հայտարարության մեջ շատ նուրբ ու անուղղակի մեղադրանք կա, որը ըստ էության հասցեագրված է հրադադարի ձեռքբերման համար Մոսկվա շտապող Խաչատուրովի և այդ հրադադարին համաձայնված Հայաստանի  ղեկավարության հասցեին: Ի վերջո, նույն Խաչատուրովն էր պարտավոր տիրապետել հետախուզական տվյալներին:

Փաստացի եթե Արցախի պաշտպանության նախարարը համոզված է, որ ռազմական գործողությունների շարունակվելու դեպքում հայկական կողմը կկարողանար վերականգնել կորսված դիրքերն ամբողջությամբ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց այդպես էլ չի արվել, և ինչո՞ւ է հայկական կողմը համաձայնվել հրադադարի, քանի դեռ չէին վերականգնված 1994 թվականի հրադադարի պայմանագրով հաստատված սահմանը: Սա հողերը ետ բերելու մասին պաշտոնական Ստեփանակերտի առաջին հայտարարությունը չէ, նման տեքստով հայտարարություններ արվել են նաև նախկինում: Բայց պաշտպանության նախարարի արած հայտարարությունը ուշագրավ է նրանով, որ կարծես անթաքույց է դարձնում երկու կարևոր հանգամանք՝ նախապես բանակին տեղեկատվություն չի տրամադրվել հարձակման աննախադեպ ծավալների մասին և երկրորդ՝ հնարավոր էր կորցրած դիրքերը ետ բերել, բայց չի արվել: Սա նշանակում է երկու բան՝ կամ Կրեմլի կողմից հրադադար կնքելու հետ կապված եղել է շատ մեծ ճնշում, որին հայկական ուժերը չեն կարողացել դիմագրավել կամ էլ Ստեփանակերտում այնուամենայնիվ այն կարծիքին են, որ  պաշտոնական Երևանը բավարար համառություն  չի ցուցաբերել՝ կորցրած դիրքերը վերականգնելու հարցում: Ապրիլյան պատերազմից հետո պաշտպանության համակարգում տեղի ունեցան որոշակի փոփոխություններ ու առ այսօր շարունակվում են ինչ-որ գործընթացներ, որոնց մասին հանրությանը ամեն ինչ չէ, որ հայտնի է: ԶԼՄ-ներում ժամանակ առ ժամանակ սպրդող տեղեկություններն ու հայտարարությունները կարծես թե հիմնավորում են այն վարկածը, որ ապրիլյան պատերազմի ելքի շուրջ զինված ուժերի ղեկավարությունն ունի հակասություններ: Այդ հակասությունները բնականաբար դեռևս վերացած չեն, քանի դեռ դիրքերը վերականգնված չեն, ավելին՝ այս ֆոնին հանրային ակտիվություն է ստացել Կազանի փաստաթղթով նախատեսված՝ ազատագրված 5 շրջանների հնարավոր վերադարձի հարցը: Հակասությունների գործընթացը, ճիշտ է, ոչ հրապարակավ, բայց խորանում է ու անգամ կարող է հանգեցնել ճգնաժամի՝ ռազմական վերնախավում:

<<Սասնա ծռեր>>-ի ակցիան դրա որոշակի արտացոլանքն էր, բայց խորքային իրական պրոցեսները բնականաբար չեն կարող շատ հրապարակային լինել: Բայց որ ապիլյան քառօրյա պատերազմի ելքի շուրջ կա հակասություն և անհամաձայնություն, կարծես թե ակնհայտ է:

 

Դավիթ  Մանուկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: