Կյուրեղյանի և Ղուկասյանի բողոքները մերժած դատավորը 16,8 մլն եկամուտ է ստացել

Aug 26, 2016 Comments Off on Կյուրեղյանի և Ղուկասյանի բողոքները մերժած դատավորը 16,8 մլն եկամուտ է ստացել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի եւ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքները մերժած դատավորը՝ ՀՀ վերևաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը: Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատավորը նախորդ տարի 3 հազար ԱՄՆ դոլարով գնել է Nissan Leopard տեսակի ավտոմեքենա՝ նույն տարում 2 հազար ԱՄՆ դոլարով վաճառելով Mitsubishi LP320 տեսակի ավտոմեքենան: Գրիշա Մելիք-Սարգսյանը 2015 թվականի սկզբին ունեցել է 3,5 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել է 5 մլն դրամ: Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի նախորդ տարվա եկամուտը գոյացել է աշխատավարձից, գույքի օտարումից, կենսաթոշակից եւ այլ աղբյուրից, որը հայտարարագրում նշված չի: Դատավորի աշխատավարձը կազմել է 10,5 մլն դրամ, թոշակը՝ 5,6 մլն դրամ, գույքի օտարումից էլ ստացել է 2 հազար ԱՄՆ դոլար, իսկ այլ եկամուտը կազմել է 600 հազար դրամ: Գրիշա Մելիք-Սարգսյանի եկամուտը նախորդ տարի կազմել է 16,8 մլն դրամ: Նրա խնոջ՝ Սիլվա Թեւոսյանի հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ վերջինիս դրամական միջոցը նախորդ տարի կազմել է 100 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 150 հազար դրամ: Սիլվա Թեւոսյանը 2015 թվականին 516 հազար դրամ կենսաթոշակ է ստացել, 360 հազար դրամ՝ աշխատավարձ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: