Արթուր Ալեքսանյանի բացառիկ լուսանկարի 500 օրինակ փոխանցվեց Արցախի դիրքապահներին

Aug 22, 2016 Comments Off on Արթուր Ալեքսանյանի բացառիկ լուսանկարի 500 օրինակ փոխանցվեց Արցախի դիրքապահներին

Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերի հունահռոմեական մրցաշարի 98 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտից հետո պարգեւատրման արարողությանը մասնակցեց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված եւ հետմահու Արցախի հերոսի կոչում ստացած կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի մարզաշապիկ-նկարով:

Մեր գործընկեր «Մեդիամաքս» գործակալությունը Ռիոյում հրաշալի լուսանկար էր արել, որտեղ Արթուր Ալեքսանյանը Ռոբերտ Աբաջյանի մարզաշապիկ նկարով կանգնած է պատվանդանին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Արցախ կատարելիք հերթական այցի ժամանակ այսօր այդ լուսանկարից 500 օրինակ Արցախում փոխանցեց առաջնագծում գտնվող եւ ազերի ագրեսորներից մեր սահմանները պաշտպանող առյուծ հայ զինվորներին: Հերոս չեմպիոն Ա. Ալեքսանյանի այդ լուսանկարներից փոխանցվեց նաեւ այն մարտական պոստը պահող առյուծներին, որտեղ հերոսաբար ընկան Արմենակ Ուրֆանյանը` իր քաջարի զինվորների հետ, որոնց թվում էր չեմպիոնի մարզաշապիկի վրա պատկերված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, եւ հենց նրանք կյանքի գնով պահեցին մարտական դիրքը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Վստահ էինք, որ Արթուրը ոսկե մեդալով է վերադառնալու Հայաստան։ Վստահ էինք նաև, որ նույն մեդալն էր ստանալու նաև Միհրան Հարությունյանը։ Ցավոք, Միհրանի նկատմամբ անարդարացի վարվեցին, իսկ Արթուրը ողջ աշխարհին ապացուցեց, որ հայը ընդունակ է ցանկացած մարզաձևում նվաճել ոսկե մեդալ։ Արթուրի քայլը մեր մարտական ընկեր, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարով շապիկով ավելի է ոգևորել մեզ։ Արթուրը նույնպես մեզ համար համարվում է հերոս և միայն ժողովրդի ծոցից դուրս եկածը նման բան կաներ՝ իր հաղթանակը նվիրելով իր նման հերոսներին։ Մենք քո այդ քայլով, Արթուր ջան, ավելի ամրապնդվեցինք ու հավատացնում ենք քեզ, որ քո նման հաղթանակներ ենք կերտելու սահմանում։ Նույնը փոխանցում ենք նաև ողջ ժողովորդին ու մյուս չեմպիոններին։ Դուք ձեր քայլով մեզ դուխ եք տալիս»։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: