Ես Կարենից չեմ վախենում

Aug 16, 2016 Comments Off on Ես Կարենից չեմ վախենում

Սեպտեմբերին Էջմիածին քաղաքում սպասվող ընտրություններին առաջադրվելու հայտ է ներկայացրել միայն գործող քաղաքաետ Կարեն Գրիգորյանը, ով ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է:Նա  երրորդ անգամ է առաջադրվում, անցած ընտրություններին կարելի է ասել մրցակից չուներ, դրածո թեկնածուի հետ պայքարի արդյունքում Գրիգորյանը դարձավ քաղաքապետ: Ստացվել է այնպես, որ նրա հետ մրցակցությունն անիմաստ է դարձել, քչերն են համարձակվում այլընտրանք դառնալ էջմիածինցիների համար: Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյան՝ Ճոյտը չի բացառում, որ կառաջադրվի.<<Տեսնենք-տեսնենք>>, մեզ հետ զրույցում ասաց առաջադրվելու մասին հարցին պատասխան տալով:

-Ինչի՞ն եք սպասում Պարոն Հակոբյան, ինչ պիտի տեսնեք, որ առաջադրվեք, կամ չառաջադրվեք:

 

-Պետք է տեսնեմ ժողովուրդը, հասարակությունը ոնց են նայում իմ առաջադրվելուն, ինձ տեսնում են այնտեղ, չեն տեսնում: Պիտի արձագանքեն, բարձրաձայնեն այդ մասին: Կարող եմ ասել միայն, որ թեկնածուներ կլինեն, հավաքվում ենք իրենց հետ, նստում, քննարկում:

-Էջմիածնում ընտրություններն այլեւս մրցակցային չեն, ինչո՞ւ է այդպես, վախի մթնոլորտն է պատճառը, թե՞ նա լավ ղեկավար է ու առաջադրվելու իմաստ չկա:

-Ես չգիտեմ, թե ով է վախենում, բայց ես երբեւիցե որեւէ մեկից, այդ թվում Կարենից չեմ վախենում, ինձ որեւիցե մեկը որպես վախկոտ չի ճանաչում: Իսկ լավ է կառավարում քաղաքը, թե վատ, պետք է ժողովուրդն ընտրությունների ժամանակ ասի իր քվեարկությամբ:

-Ռեա՞լ է Գրիգորյանների դեմ պայքարը, քանի որ նրանց բռնությունների, ճնշումների մասին մամուլը բազմիցս է անդրադարձել:

-Ես չգիտեմ, թե ով ինչ է ասում իրենց գործողությունների մասին, բայց յուրաքանչյուրը իրավունք ունի օգտվել առաջադրվելու իրավունքից, եթե այն համապատասխանում է օրենսդրությանը: Իսկ ես չեմ թաքցնում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեմ, իսկ համայնքի ղեկավարի աշխատանքին հակված չեմ: Բայցեւայնպես այստեղ ապրում ենք ու պետք է լսենք ժողովրդին: Եթե Կարեն Գրիգորյանը կցանկանա հանդիպել, քննարկել, մեծ սիրով իր հետ էլ կքննարկեմ, ես քննարկումներից չեմ խուսափում, գուցե քննարկենք, ես խնդիր դնեմ իր դեմ, եւ եթե նա համարձակություն ու ուժ կունենա դրանց լուծում տալու, թող ինքը մնա ղեկավարի, մենք էլ կօգնենք իրեն:

 

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: